ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է «Ամերիկյան տիեզերական գերազանցության ապահովում» գործադիր հրամանագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել երկրի դիրքերը տիեզերքում։
Փաստաթղթով նախատեսվում է մինչև 2028 թվականը ամերիկացի տիեզերագնացների վերադարձը Լուսին, իսկ 2030-ին՝ մշտական լուսնային բազայի կառուցման մեկնարկը։ Ծրագրում ներառված է նաև միջուկային ռեակտորների տեղակայում Երկրի ուղեծրում և Լուսնի վրա, որոնցից մեկը պետք է պատրաստ լինի արձակման մինչև 2030 թվականը։
Հրամանագիրը շեշտում է տիեզերական պաշտպանունակության զարգացումը, նոր հակահրթիռային տեխնոլոգիաների փորձարկումը մինչև 2028-ը և տիեզերական տնտեսության խթանումը՝ մինչև այդ ժամկետը ներգրավելով առնվազն 50 մլրդ դոլարի ներդրումներ։ Փաստաթղթով նաև վերահաստատվում է մասնավոր տիեզերական կայանների ստեղծումը Երկրի ուղեծրում մինչև 2030 թվականը և չեղարկվում է նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից ընդունված տիեզերական քաղաքականության վերաբերյալ գործադիր հրամանագիրը։