Ավելի քան 1 տասնամյակ Մարսի շուրջ անխափան աշխատող MAVEN տիեզերանավը հանկարծակի «լռել է»։ NASA-ն հաստատել է, որ կորցրել է կապը սարքի հետ և այժմ քայլեր է ձեռնարկում այն վերականգնելու համար։
Ըստ հաղորդագրության՝ MAVEN-ը լիովին նորմալ էր գործում մինչև այն պահը, երբ պետք է անցներ Մարսի հակառակ կողմը։ Սակայն երբ այն կրկին հայտնվեց կապի տեսադաշտում, պատասխան չկար. «Թելեմետրիան ցույց էր տալիս, որ բոլոր ենթահամակարգերը աշխատում էին նորմալ, մինչև այն մտավ Մարսի ետնամաս»,-նշված է NASA-ի հայտարարությունում։
Տիեզերանավի և առաքելության թիմերը այժմ հետաքննում են անսարքության պատճառը։ MAVEN-ը (Mars Atmosphere and Volatile EvolutioN) տիեզերք էր արձակվել 2013-ին։ 2014-ին Մարս հասնելուց հետո այն սկսեց համաշխարհային նշանակության ուսումնասիրություն՝ կենտրոնանալով կարմիր մոլորակի վերին մթնոլորտի վրա։