Գիտություն

Հայտնաբերվել է 1700 տարվա հնությամբ անձեռնմխելի հռոմեական սարկոֆագ

Հայտնաբերվել է 1700 տարվա հնությամբ անձեռնմխելի հռոմեական սարկոֆագ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի Օբուդա թաղամասում՝ նախկին հռոմեական Ակվինկում քաղաքի տարածքում, հնագետները հայտնաբերել են բացառիկ պահպանված կրաքարե սարկոֆագ՝ անձեռնմխելի վիճակում։

Սարկոֆագը, որը կնքված է եղել մետաղական սեղմակներով և հալած կապարով, դարեր շարունակ չի թալանվել։ Կափարիչը բացելուց հետո հայտնաբերվել է երիտասարդ կնոջ ամբողջական կմախք՝ շրջապատված տասնյակ առարկաներով.

- երկու ամբողջական ապակե անոթ,

- բրոնզե արձանիկներ,

- 140 մետաղադրամ,

- ոսկրե մազակալ,

- սաթե զարդ,

- ոսկեթել հագուստի հետքեր։

«Սա հերմետիկ կնքված սարկոֆագ էր, որ նախկինում ոչ ոք չէր բացել։ Այն լիովին անձեռնմխելի էր», – ընդգծել է պեղումների ղեկավար Գաբրիելլա Ֆենյեշը։

Թաղումը կատարվել է 3-րդ դարում լքված բնակելի թաղամասում, որը հետագայում վերածվել էր գերեզմանատան։ Մոտակայքում հայտնաբերվել է հռոմեական ջրանցք և ութ ավելի պարզ գերեզմաններ, սակայն ոչ մեկը նման չէ այս թաղման հարստությանն ու պահպանվածությանը։

«Հարազատները հանգուցյալին շատ զգույշ են թաղել։ Ակնհայտ է, որ նրանք իսկապես սիրել են այստեղ թաղվածին»,– ասել է Ֆենյեշը։

Սարկոֆագը պատրաստվել է հատուկ այս կնոջ համար. 4-րդ դարում հաճախ վերօգտագործում էին հին սարկոֆագները, սակայն սա նորն է եղել։

Գտածոն վկայում է, որ երիտասարդ կինը պատկանել է բարձր սոցիալական խավի կամ եղել է հարուստ ընտանիքից։

Սարկոֆագի ներսից հանվել է նաև մոտ 4 սմ հաստությամբ տիղմի շերտ, որի մաղման ընթացքում հնագետները հույս ունեն գտնել լրացուցիչ զարդեր, այդ թվում՝ ականջօղեր։

Հետազոտությունները շուտով կպարզեն կնոջ տարիքը, առողջական վիճակը և ծագումը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական