NASA-ն ներկայացրել է 3I/Atlas (նախկինում՝ C/2024 S1) միջաստղային գիսաստղի բարձրորակ պատկերները։ Գիսաստղը «կարճատև այցով» գտնվում է Արեգակնային համակարգում։
Այն մեր համակարգ այցելած ընդամենը երրորդ հաստատված միջաստղային օբյեկտն է։ Անցած ամիս գիսաստղը անվնաս անցել է Մարսի մոտով։
Կարմիր մոլորակի մակերևույթում և նրա շուրջ գործող NASA-ի տիեզերանավերը մոտիկից դիտարկել են գիսաստղը։ Այն Մարսին մոտեցել է մոտ 29 միլիոն կիլոմետր հեռավորությամբ՝ տեսանելի դարձնելով մշուշոտ սպիտակ գունդը։ Դիտարկումներ են իրականացրել նաև Մարսի շուրջ պտտվող Եվրոպական տիեզերական գործակալության երկու արբանյակները։
Առաջիկա շաբաթներին գիսաստղի ուսումնասիրությունը կշարունակեն NASA-ի այլ տիեզերական սարքավորումները, այդ թվում՝ James Webb տիեզերական աստղադիտակը։ Միաժամանակ աստղագետները գիսաստղին հետևում են երկրային աստղադիտակներով։ Այժմ այն գտնվում է Երկրից շուրջ 307 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։
Գիսաստղը Երկրից տեսանելի է նախաարշալույսի երկնքում՝ երկդիտակի կամ հեռադիտակի օգնությամբ։
«Ամեն ոք, ով հեռադիտակ ունի, ցանկանում է դիտել այն, որովհետև սա բացառիկ և չափազանց հազվադեպ հնարավորություն է»,- ասել է NASA-ի աստղաֆիզիկայի ժամանակավոր տնօրեն Շոն Դոմագալ-Գոլդմանը։