Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ինչպես որ պատերազմի գրեթե անխուսափելիության, ամեն պահի հնարավոր լինելու, անգամ ամսաթիվ և ժամ ազդարարելու մասին հայտարարությունները աներկբա չէին նշանակում, որ լինելու է պատերազմ, այդպես էլ Ռուսաստանի զինուժի ստորաբաժանումների, այսպես ասած, մշտական տեղակայման վայրեր վերադառնալու մասին հայտարարությունը չի նշանակում, որ պատերազմ չի լինելու:
Ավելին, այդ տեղեկությունը կարող է լինել ինչպես լիցքաթափման նշան, այդպես էլ մանևր: Ի վերջո բոլորիս թերևս հասկանալի է, որ որևէ ռազմական գործողության ծրագիր ունենալու դեպքում Ռուսաստանը դա անելու էր պատասխանատվությունն ուկրաինական սադրանքի վրա դնելով՝ իրենք հարվածել են Դոնբասին, մենք էլ օգնում ենք և այլն: Այդ տրամաբանության պարագայում զինուժի ստորաբաժանումները հետ քաշելու մասին տեղեկությունը կարող է նույնիսկ ստեղծել հավելյալ ֆոն՝ մենք հետ էինք գնում, բայց հանկարծ ուկրաինացիները դիմեցին սադրանքի:
Սա իհարկե պայմանական, հարաբերական ձևակերպում է և սցենարային տարբերակներից մեկի դիտարկում: Բայց, զինուժի հետքաշումը դեռ չի նշանակում լարվածության նվազում: Առավել ևս, որ սահմանին կենտրոնացած է այնպիսի ծավալի ռազմական ռեսուրս, որ հնարավոր է անգամ դրա որոշ մասի հետքաշում՝ առանց հարվածսյին անհրաժեշտ ուժի նվազեցման»։