Քաղաքական

Սահմանադրական բարեփոխումները՝ ծայրահեղ անհրաժեշտություն

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներին՝ դրանք որակելով որպես ծայրահեղ անհրաժեշտ։

Նրա խոսքերով. «Փետրվարի 4-ին մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքը, և մեխանիզմը, որն ընտրվել է, շատ լավն է: Խորհուրդ, որը քաղաքական մարմին է լինելու և ներկայացնելու է ընդհանուր գաղափարները և մոտեցումները և ներկայացնելու է մյուս մարմնին, որտեղ լինելու են պրոֆեսիոնալ մասնագետ-իրավաբաններ: Այդ իմաստով բոլորս պետք է հանգիստ լինենք, որ ի վերջո ստանալու ենք շատ լավ փաստաթուղթ՝ ի տարբերություն այն փաստաթղթի, որ այսօր կա»:

Մինասյանն անդրադարձել է նաև կառավարման համակարգի փոփոխությանը, նշելով, որ յուրաքանչյուր անցումը ցնցում է ողջ պետական համակարգի համար. «Եթե խորհուրդը որոշի, որ ի վերջո պետք է այդ անցումը կատարվի, պետք է դա շատ հիմնավորված լինի: Կարծում եմ, որ մեր երկրի համար խորհրդարանական համակարգը լավն է, ուղղակի պետք է կատարելագործել և շտկել այն խնդիրները, որոնք ունեցել ենք նախկինում: Դա իմ անձնական կարծիքն է, ես գտնում եմ, որ շրջադարձային փոփոխությունները շատ ցավոտ են, բայց դա որոշելու է արդեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդը»։