Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 81-ամյակն է։ Այս առթիվ Radar Armenia-ն հրապարակում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1990թ. հոկտեմբերի 9-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցը՝ մասնակի կրճատումներով։
- Պարոն Տեր-Պետրոսյան, չխախտելով ավանդույթը, սկզբում անդրաառնանք պատմությանը՝ մեր աչքերի առջև գրված, մեր՝ յուրաքանչյուրիս կերտած պատմությանը, միով բանիվ՝ այն ժամանակահատվածին, որն ընկած է երկու՝ 1988թ. Փետրվարի 20 և 1990 թ. օգոստոսի 4 տարեթվերի միջև։ Որպես այդ Շարժման առաջնորդներից մեկը, որտե՞ղ եք տեսնում նրա ակունքները, ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղյան շարժումը, ո՞րն էր նրա պատմական էությունը։
- Ղարաբաղյան շարժումը, նրա ընդգրկումը՝ համաժողովրդական բնույթը, շատերի համար անակնկալ էր։ Սակայն երբ հետադարձ հայացք ենք ձգում ոչ հեռավոր պատմական անցյալին, վերլուծում և ընկալում ենք պատմական տրամաբանությունը, ակներև է դառնում, որ Շարժումն անցյալի միանգամայն տրամաբանական շարունակությունն էր, պատմական երևույթների շղթայի անխուսափելի օղակներից մեկը։
Հայ ժողովուրդը Խորհրդային Միության ամենաիրավազուրկ ժողովուրդն էր ամբողջ 70 տարի, ԽՍՀՄ կազմավորման շրջանից ի վեր, երբ նրա հայրենիքը հանուն համաշխարհային հեղափոխության շահերի, հանուն տոտալիտար տերության ստեղծման փաստորեն զոհաբերվեց, մասնատվեց բարեկամ համարվող Թուրքիայի ու նրա դաշնակիցը ներկայացվող Ադրբեջանի միջև։ Կատարված պատմական այս անարդարության զգացումը, որը տիրապետող է եղել հայ ժողովրդի մեջ, անխուսափելիորեն պետք է հանգեցներ ժողովրդի ընդվզմանը։ Այդ պահը հանդիսացավ 1988թ. փետրվարի 20-ը, երբ արցախահայությունը միանգամայն սահմանադրական եղան ակով բարձրացրեց մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու հարցը։ Սա մի փոքրիկ կայծ էր, որը սակայն շատ արագ՝ նույն օրն իսկ հրդեհ առաջացրեց, որը բոցավառեց, փոթորկեց հայության սրտերը։ Եւ ոչ միայն Հայաստանում, այլև ի սփյուռս աշխարհի։ Այդ հրդեհը շարունակվում է մինչև օրս։ Օտար կամ կողքից սոսկ դատողություններ անող մարդու համար այս ամենը կարող է և անսպասելի համարվել, սակայն Շարժումը պատմության ընդհանուր տրամաբանության անխուսափելի փուլն էր։
- Այսինքն՝ արցախյան հիմնահարցը փաստորեն առիթ հանդիսացավ պատմական անարդարության դեմ ընդվզելու, ողջ ազգի իրավունքները պաշտպանելու համար։
- Այո, առիթ, քանզի միայն Արցախի ոտնահարված իրավունքի խնդիրը չէր դրված այս շարժման ակունքներում, այլ ողջ հայ ժողովրդի իրավազրկության հարցը։
Շարժման համաժողովրդականության մասին։ Այն առաջին հերթին պայմանավորված էր հենց վերը նշածս՝ հայ ժողովրդի իրավազրկության փաստով։ Երկրորդ, ոչ նվազ կարևոր հանգամանքը խնդրի արդարացիությունն էր։ Ոչ մի հայի սրտում կասկածի նշույլ իսկ չկար, որ արցախահայության պահանջն արդարացի է։ Չարժե, ինձ թվում է, ներկայացնել Շարժման պատմությունը, քանզի այն անցել է բոլորիս աչքերի առջև, բոլորիս մասնակցությամբ։ Սակայն հիմնական փուլերին անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ։ Շարժումն սկսեցին մի խումբ գործիչներ, ովքեր այդ փուլում չափազանց մեծ դեր խաղացին։ Ես նկատի ունեմ և Իգոր Մուրադյանին, և Վաչե Սարուխանյանին, և Վազգեն Մանուկյանին, և Համբարձում Գալստյանին, և Սամսոն Ղազարյանին, և Աշոտ Մանուչարյանին, և Գագիկ Սաֆարյանին, և Զորի Բալայանին, և Սիլվա Կապուտիկյանին։ Նրանք էին փետրվարին գլխավորում Շարժումը, սակայն որոշ ժամանակ անց այս գործիչների մեծ մասը, չեմ կարող ասել, թե հեռացավ պայքարից, սակայն հեռացավ հրապարակից։ Կազմավորվեց մի նոր կոմիտե՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, որում թվարկածս մարդկանցից քչերն ընդգրկվեցին։ Կոմիտեն համալրվեց նոր անհատներով։ Թե՛ հրապարակից հեռացած անձանց, թե՛ ժողովրդի գիտակցության մեջ այս փոփոխությունը որոշ պարզունակ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Երևույթի իմ բացատրությունը հետևյալն է. պայքարը, ես նկատի ունեմ ոչ միայն մեր Շարժումը, այլ պայքարն ընդհանրապես, բաղկացած է առանձին հանգրվաններից, որոնցից յուրաքանչյուրն առաջ է քաշում իր ղեկավարներին, նրանց, ովքեր առավելագույնս են համապատասխանում պայքարի տվյալ փուլի պահանջներին։ Կրկնեմ՝ թվարկածս գործիչները լիովին համապատասխանում էին Շարժման սկզբնավորման շրջանի պահանջներին, իսկ հետագայում, երբ Շարժումը նոր պահանջներ սկսեց թելադրել, նրանք այլևս ի վիճակի չէին բավարարել դրանք։
Բացառված չէ նաև այն պահը, երբ մենք ինքներս այլևս չհամապատասխանենք պայքարի պահանջներին, և միանգամայն օրինաչափորեն մեզ փոխարինելու գան շատ ավելի ունակ մարդիկ, ովքեր ի վիճակի կլինեն Շարժումը տանել իր տրամաբանական հունով։
- Ինչպիսի՞ գնահատականների է արժանացել «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը, և ինչպե՞ս այն կգնահատեիք Դուք։
- Մեր գործունեության գնահատականները տարաբնույթ են եղել՝ և օբյեկտիվ, և միտումնավոր, և բարեկամական, և թշնամական, և… քաղքենիական։ և, ցավոք, շատ հաճախ տիրապետող է եղել հենց վերջին՝ քաղքենիական մոտեցումը։ Մեզ փորձել են մեղադրել պաշտոնամոլության, անձնական հավակնություններին հագուրդ տալու մեջ։ Սակայն նմանատիպ գնահատականներն ու մեղադրանքները հերքվեցին ժողովրդի կողմից։ և ժողովրդի վերաբերմունքը (նկատի ունեմ այն մեծ վստահությունը, որը ցուցաբերվեց «Ղարաբաղ» կոմիտեի, հետագայում նաև ՀՀՇ-ի նկատմամբ, ինչն ի վերջո հանգեցրեց հանրապետությունում ժողովրդավարական ուժերի հաղթանակին) դրա պերճախոս վկայությունն է։
Իմ գնահատմամբ՝ մեր գործունեությունը բնորոշվել է Շարժման տրամաբանությանը հավատարիմ մնալու սկզբունքով։ Ամբոխավարական կեցվածքներ բնավ չենք ընդունել։ Նույնիսկ պահեր են եղել, երբ ժողովրդի կարծիքին հակառակ, ելնելով դարձյալ Շարժման տրամա բանությունից, քայլեր ենք կատարել, որոնք ընկալվել են ոչ միանշանակ, ոչ անմիջապես։ Ենթարկվել ենք անգամ կշտամբանքների, սակայն երբեք չենք առաջնորդվել բոլորին դուր գալու և հաճոյանալու սկզբունքով։ Որոշ ժամանակ անց ժողովուրդն անպայմանորեն զգացել է մեր գործողությունների ճշմարտացիությունն ու անհրաժեշտությունը։
Երկրորդ բնորոշ գիծը, որը հատուկ է եղել մեր գործունեությանը. մենք երբեք չենք առաջնորդվել պատահական լուրերով։ Մեզ համար միշտ էլ ավելի կարևոր է եղել քաղաքական իրավիճակի սկզբունքային վերլուծությունը, քան պատեհապաշտությունը, այն է՝ Մոսկվայից, Բաքվից, Արցախից ստացված որևէ տեղեկության հիման վրա այս կամ այն քայլը կատարելը։ Երրորդ բնորոշ հատկանիշը. Արցախի հարցը մենք երբեք չենք տարանջատել հայ ժողովրդի առջև այսօր ծառացած ընդհանուր խնդիրներից։ Այդ պատճառով էլ ենք մենք կշտամբանքների ենթարկվել, երբ դրել ենք հարցեր, որոնք առաջին հայացքից կապ չեն ունեցել Արցախի և Հայաստանի վերամիավորման հիմնահարցի հետ։ Ասենք, օրինակ, մեր հանրապետության հասարակական կյանքի ժողովրդայնացման խնդիրը։ Հիրավի, թվում է, դա անմիջականորեն չի առնչվում բուն խնդրին, սակայն այդպես է և էր՝ առաջին հայացքից։ Այդ հանգամանքը ոչ միշտ է ճիշտ հասկացվել, շահարկվել է, մենք կշտամբանքներ ենք լսել թե՛ բարեկամների, թե՛ չարակամների կողմից։ Այդ կերպ մտածողներին ստիպված եմ հիշեցնել մեր ելակետային սկզբունքներից մեկը՝ Արցախի հարցը մենք երբեք չենք առանձնացրել հայ ժողովրդի առջև ծառացած բոլոր պատմական ու կենսական խնդիրներից, քանզի առկա է դրանց ներքին խոր տրամաբանական կապը։
- Ներքին տրամաբանական այդ կապի առկայությունը, բնականաբար, նաև խնդրին նոր մոտեցումներ, նոր քաղաքականություն էր ենթադրում։
- Իհարկե։ Եւ հենց այդ պատճառով էլ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն արդեն 1988-ի ամռանը եկավ այն եզրակացության, որ անհրաժեշտ է ընդլայնել Կոմիտեի ծրագիրը, Շարժման ծրագիրը, քանզի փետրվարյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Արցախի հարցը հնարավոր չէր լուծել, եթե Հայաստանը չստեղծեր ի՛ր քաղաքական գործոնը, չդառնար, քաղաքական գործընկեր։ Հաշվի առնենք, որ ադրբեջանական գործոնն արդեն առկա էր։ Դա ահաբեկչությունն էր, բռնությունը, ահն ու սարսափը։ Այն իր մարմնավորումը գտավ Սումգայիթում։ Հրամայական պահանջ էր դարձել դրան հակադրել հայկական գործոնը, և դա ոչ թե որպես քաղաքական շանտաժ, այլ որպես ինքնին արժեք՝ հիմնված հայ ժողովրդի կենսական շահերի վրա։ Մենք պետք է հասնեինք նրան, որ Հայաստանը դառնար քաղաքական գործընկեր, որ նրա հետ լրջորեն հաշվի նստեին։ Դա տեղի կունենար միայն այն դեպքում, երբ Հայաստանն ապացուցեր իր ինքնիշխանությունը և ժողովրդավարական արմատական վերափոխումներ կատարելու իր կարողությունը։
***
- Ընդդիմադիր ուժ ― ղեկավար իշխանություն. Այդ անցումն ինչպես հոգեբանական, այնպես էլ քաղաքական գնահատականների փոփոխություններ է ենթադրում։ Որո՞նք են դրանք։ Ունի՞, արդյոք, այսօրվա իշխանությունն ընդդիմադիր ուժ։
- Շարժումն իսկապես երկուսուկես տարի լուրջ ընդդիմադիր ուժ էր հանդիսանում իշխանությունների համար՝ հաճախ գնալով սուր առճակատումների։ և երբ այն եկավ իշխանության գլուխ (ես դա միանգա մայն բնական եմ համարում), նա չկարողացավ անմիջապես ազատվել ընդդիմադիր ուժի հոգեբանությունից։ Խոսքս առաջին հերթին վերաբերում է խորհրդարանի ժողովրդավարական թևին։ Դեռևս իներցիայով նրանք առաջնորդվում են ընդդիմադիր ուժի հոգեբանությամբ, մինչդեռ նրանցում պետք է տիրապետի տիրոջ գիտակցությունը։ Այս առումով մեծ դեր կարող են խաղալ տեղական խորհուրդների ընտրությունները, որտեղ ժողովրդավարական ուժերի հաղթանակը կապահովի ներկա իշխանության ամբողջականությունն ու լիարժեքությունը։
Այժմ իրական իշխանության գլուխ են նոր, ժողովրդավարական ուժերը, և այլ ուժ է, որ պետք է հանդես գա որպես ընդդիմադիր։ Սկզբում այդ բանը փորձեց խորհրդարանի կոմկուսի թևը, սակայն շատ շուտով նա կորցրեց կազմակերպված ընդդիմադիր ուժի իր բնույթը։ Ասածս բնավ չի նշանակում, որ ժողովրդավարական ուժերը, կամ ՀՀՇ-ի թևը խորհրդարանում, այժմ հանրապետությունում զերծ են ընդդիմությունից։ Սակայն այդ ընդդիմադիր ուժը խորհրդարանական չէ։ Դա ռեալ իշխանության ընդդիմությունն է։ Նկատի ունեմ, մասնավորապես, ողջ գործադիր իշխանությունը, որը գրեթե մինչև օրս գտնվում է նախկին կառավարողների ձեռքում։ Առկա են նաև սաբոտաժի երևույթներ, որոնց մի մասը գիտակցված, կանխամտածված է, մյուս մասը՝ անշնորհքության, անճարակության հետևանք է, երրորդ մասը՝ շփոթության արդյունք։ Խնդրի լուծումը ես տեսնում եմ տեղական խորհուրդների իրական թարմացման մեջ, որից հետո մենք կունենանք ոչ թե ռեալ իշխանության ընդդիմությունը, այլ քաղաքական ընդդիմադիր ուժ։
- Ձեր վերաբերմունքը բազմակուսակցական համակարգին։
- Բազմակուսակցությունն արդեն անխուսափելի անհրաժեշտություն է։ Շատ շուտով այդ օրենքը կընդունվի, և բոլոր կուսակցությունները և այլ քաղաքական կազմակերպություններ, որոնք գործում են Սահմանադրության շրջանակներում, կդառնան իրավահավասար։ Ես բացառում եմ այն կուսակցությունների գործունեությունը միայն, որոնք քարոզում են բռնություն կամ օրինական իշխանությունների բռնի տապալում։ Դրանք, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, այնպես էլ մեզ մոտ, արգելված կլինեն։
***…
- Իսկ ովքե՞ր են Ձեր ամենամոտ աջակիցները։
- Ես դա երբեք գաղտնիք չեմ դարձրել։ Ամենամոտ աջակիցները պայքարի գործընկերներն են՝ «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ վարչության անդամները և Շարժման այն հարյուրավոր գործիչները, որոնք թեպետ չեն երևացել միտինգների հարթակներում, հեռուստատեսային էկրաններին ու թերթերի էջերում, բայց առանց որոնց անհնար էր և «Ղարաբաղ» կոմիտեի, և ՀՀՇ-ի գործունեությունը։ Դրանք հարյուրավորներ են։
- Ո՞րն է այսօր այն ամենաէական, սկզբունքային խնդիրը, որի առնչությամբ Դուք կդիմեիք ողջ հայ ժողովրդին։
- Ազգային իրական միասնությունը։ Յուրաքանչյուր ազգի փափագը ազգի ներդաշնակությունն է, համերաշխությունը։ Մեր պայքարի սկզբում, սպեկուլյատիվ նկատառումներով, առաջ էր քաշվում այն տեսակետը, թե մեր ժողովուրդը փոքր ժողովուրդ է, բազմաչարչար, մեծ վտանգների ենթարկված, և մեզ բոլոր պայմաններում անհրաժեշտ է ազգային միասնություն, համախմբում և այլն։ Այս գաղափարը շատերն էին շահարկում Շարժման դեմ պայքարելու համար։ Իհարկե, ազգի համախմբումը, համերաշխությունը այնպիսի գաղափարներ են, որ չենք կարող մերժել։ Միշտ էլ պետք է ձգտել դրան, բայց մենք հասկանում էինք, որ այդ կոչերը հիմնականում կեղծ էին, և դա արվում էր պարզապես Շարժումը վարկաբեկելու համար։ Անհնար էր համերաշխությունն, ասենք, ժողովրդական շարժման և իշխանությունների միջև՝ այնպիսի իշխանությունների, որոնք ծառայում էին ոչ թե մեր ժողովրդի շահերին, այլ Մոսկվային։
Դրանք կեղծ կոչեր էին և ուղղակի արվում էին քաղաքական վարկ ձեռք բերելու համար։ Դրանց հեղինակներն էլ քաջ գիտակցում էին, որ այդ միասնությունը, համերաշխությունը իրական չեն և չեն էլ կարող լինել։ Սակայն այսօր, երբ Հայաստանում ստեղծվել է մի իշխանություն, որն իսկապես ժողովրդի ընտրած իշխանությունն է և չի ենթարկվում Կենտրոնի թելադրանքներին, արդեն իրական պայմաններ են ստեղծված ազգային համերաշխության համար։ Համերաշխությունը, ներդաշնակությունը չեն ստեղծվում որևէ կուսակցության, որևէ իշխանության թելադրանքով կամ բարոյական ու դասակարգային հորդորներով։ Համերաշխություն ու ներդաշնակություն հնարավոր է միայն գաղափարի շուրջ։ Այսօր այդպիսի ՄԵԿ գաղափար կա։ Դա Հայոց պետականության գաղափարն է։
Ես կոչ եմ անում մեր ժողովրդին՝ համախմբվել պետականության գաղափարի, դրա մարմնավորումը հանդիսացող Հայաստանի խորհրդարանի շուրջ։ Սա է հայ ժողովրդի համախմբման միակ իրատեսական հիմքն այսօր։
Հայոց պետականության գաղափարը, ոչ միայն Հայաստանում բնակվող հայության, այլև Սփյուռքը միավորող գաղափար պետք է դառնա։