Ռետրո

Այսպիսի ընկալման համար դուք շա՜ տ եք ջանացել, բարի եղեք ուտել ձեր եփած ճաշը. Վանո Սիրադեղյան

Այսպիսի ընկալման համար դուք շա՜ տ եք ջանացել, բարի եղեք ուտել ձեր եփած ճաշը. Վանո Սիրադեղյան

Այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. նա կդառնար 79 տարեկան։

Այս կապակցությամբ Radar Armenia-ն ներկայացնում է հատված Սիրադեղյանի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում «Ավետիս Հարությունյան» ծածկանունով հրապարակված «Պարիտետի ժամը» հոդվածաշարից։

«Դառնանք մեր կուսակցություններին ու ոչ բարով իշխանությանը հարցով․ Ինչի՞ հասաք՝ այսքան տարիներ ժողովրդին ներշնչելով, թե մեր թշնամին նավթ չունի, եւ թե մեր քրիստոնյա լինելը բավարար պայման է, որպեսզի Ռուսաստանը մեր կողմից լինի միշտ։ Հասաք նրան, որ Պուտինի՝ Բաքու այցելելու մի փաստով սառը ջուր մաղվեց հայության հույսին։ Մարդիկ մեղավոր չեն։

Հայ կորստաբեր քաղաքական մտքի ասպետների մի քանի սերունդ ջանք է թափել (նաեւ թափելով ժողովրդի արյունը), որպեսզի հայ մարդը առավելագույնս հիվանդագին ընկալի Ռուսաստանի ամեն մի քայլը տարածաշրջանում։ Հիմա պատրաստ եղեք վայելելու դրա պտուղները։

Հայ ժողովրդին կարելի է «կերցնել» ամեն ինչ, բայց ռուս֊ադրբեջանական մերձեցումը նա ընկալում է իբրեւ իր գոյության հիմքերի խարխլում։ Տաք եք, չեք զգում զանգվածային փսիխոզի խմորումը այդ հողի վրա։ Խաթարված հոգեվիճակում չեն ներելու ոչ միայն զույգ իշխողներին։ Եւ ոչ միայն քաղաքական հենարանին։ Էլ ականջ չեն դնելու «մազութի», «թալանի» հեքիաթներին, չեն հավատալու, որ ցանկություն ունեիք «երկիրը դուրս բերել փոսից»։

Տնտեսության եւ քաղաքականության մեջ անելիքները զուգարանի փոս փորողի բառապաշարով մատուցելու ընդունակ (փոսից հանել, փոսը լցնել, փոսը ծածկել) կուսակցություն, կուսակցական ու պատգամավոր պետք չի գալու այլեւս մարդկանց, որովհետեւ դուք ոչ միայն Ղարաբաղն եք ծախել ու դատապարտել հայաթափման, այլեւ անբանությամբ, վախկոտությամբ ու անխելքությամբ Ռուսաստանի համակրանքն եք ծախել Ադրբեջանին։

Այսպիսին է լինելու ժողովրդի ընկալումը։ Այսպիսի ընկալման համար դուք շա՜ տ եք ջանացել։ Բարի եղեք ուտել ձեր եփած ճաշը»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
5
գնահատական