Նոյեմբերի 5-ը ԱՄՆ նախագահական ընտրությունների պատմության մեջ հիշարժան օր է։ Տարբեր տարիներին այս օրը տեղի են ունեցել նշանակալի դրվագներ։
Մասնավորապես,
1872թ. նոյեմբերի 5-ին ընտրական իրավունքի պաշտպան Սյուզան Բ. Էնթոնին խախտեց օրենքը՝ մասնակցելով նախագահական ընտրություններին և քվեարկելով։ Դրանից հետո նրան ձերբակալեցին և մեղադրանք առաջադրեցին «իրավունք չունենալով գիտակցաբար քվեարկելու» համար։ Դատարանը Էնթոնիին ճանաչեց մեղավոր և նշանակեց 100 դոլարի տուգանք (այսօր այդ գումարը հավասար է 2600 դոլարի), որը նա հրաժարվեց վճարել։
Նա համարվում է ԱՄՆ-ում կանանց քվեարկության իրավունքի շարժման գլխավոր դեմքերից մեկը. «Կանայք պետք է ունենան նույն իրավունքները, ինչ տղամարդիկ՝ քվեարկելու, կրթություն ստանալու և աշխատելու»,- մի առիթով ասել է նա: Էնթոնին մահացել է 1906թ.՝ չտեսնելով կանանց քվեարկության իրավունքը, որ ներդրվեց 1920 թվականից։
1912թ. դեմոկրատ Վուդրո Վիլսոնն ընտրվեց ԱՄՆ նախագահ՝ պարտության մատնելով Պրոգրեսիվ կուսակցության թեկնածու Թեոդոր Ռուզվելտին, գործող հանրապետական նախագահ Ուիլյամ Հովարդ Թաֆթին և սոցիալիստ թեկնածու Յուջին Վ. Դեբսին։
1940թ. նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը դարձավ առաջին ամերիկացի նախագահը, որը վերընտրվեց երրորդ ժամկետով՝ հաղթելով հանրապետական թեկնածու Ուենդել Լ. Ուիլկիին։
1968թ. հանրապետական Ռիչարդ Մ. Նիքսոնը ընտրվեց ԱՄՆ նախագահ՝ հաղթելով դեմոկրատ փոխնախագահ Հյուբերտ Հ. Համֆրիին և Ամերիկյան անկախ կուսակցության թեկնածու Ջորջ Ս. Ուոլեսին։
1996թ. նախագահ Բիլ Քլինթոնը վերընտրվեց Սպիտակ տանը երկրորդ ժամկետով՝ հաղթելով հանրապետական մրցակցին՝ Բոբ Դոուլին։
2024թ. այս օրը ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվեց հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, որ հաղթեց Քամալա Հարիսին։
Նա ԱՄՆ պատմության մեջ երկրորդ նախագահն է, որ չորս տարի անց վերադարձավ Սպիտակ տուն, բաց թողնելով մեկ ժամկետ։
Պատրաստեց Արման Գալոյանը