«Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 30-ի համարում հրապարակվել է այն ժամանակ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պարզաբանումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության վերաբերյալ։
Radar Armenia-ն ներկայացնում է այդ հարցազրույցը.
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հունիսի 22-ի հայտարարության հրապարակումը և այն, որ հասարակությունն այլևս պաշտոնապես տեղեկացված է բանակցությունների բովանդակային մի քանի նրբությունների մասին, չափազանց անհանգստացրել է ՀՀ իշխանություններին:
Իրավիճակը շտկելու համար ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ հարցազրույցի տեսքով մի քանի պարզաբանումներ է տվել, որտեղ մի կողմից սրբագրել է այդ հայտարարության մեջ ՀՀ իշխանությունների համար վտանգավոր ձևակերպումները, մյուս կողմից իր հերթին բացահայտումներ է արել երկու նախագահների սեղանին դրված փաստաթղթից: Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի պարզաբանումներն ամբողջությամբ:
- Իրենց հայտարարության մեջ համանախագահները նշում են. «Մեր մոտեցումը վերանայվել է. մենք չենք փորձել մեկ փուլով կարգավորել հակամարտության բոլոր ասպեկտները: Դրա փոխարեն առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ հասնենք նշանակալի առաջընթացի, սակայն մի քանի չափազանց դժվար հարցերի կարգավորումը թողնելով ապագային` նախատեսել ենք հետագա բանակցություններ»: Ի՞նչ է դա նշանակում:
- Ներկայումս սեղանի վրա գտնվող սկզբունքների վերաբերյալ հիմնարար փաստաթուղթը, որի շուրջ կողմերը բանակցում են, համապարփակ է: Դա ներառում է հակամարտության կարգավորման վրա ազդեցություն ունեցող բոլոր սկզբունքները և ամենակարևորը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, տարածքների վերադարձի, փախստականների վերադարձի, անվտանգության, խաղաղապահ ուժերի հարցերը, ինչպես նաև ցանկացած այլ հարց, որն անհրաժեշտ է հակամարտության երկարատև կարգավորման հասնելու համար: Այս հիմնարար բոլոր սկզբունքների շուրջ լիովին համաձայնության գալուց հետո միայն կողմերը, համաձայն բուն բանակցային տեքստի, «համագործակցելով Մինսկի խմբի համանախագահների հետ, կսկսեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի մշակման վրա»: Այլ խոսքով, սկզբունքների վերաբերյալ համաձայնագիրը կլինի, պետք է լինի համապարփակ: Այդ համաձայնագրի իրագործումը որոշ ժամանակ կպահանջի:
- Իրենց զեկույցում համանախագահները ասում են. «Այս սկզբունքները ներառում են հայկական զորախմբերի փուլային դուրսբերում Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական տարածքներից` հատուկ ձևաչափով Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկատմամբ»: Որո՞նք են այդ ձևաչափերը:
- Այս ձևակերպումը, իսկապես, ընդարձակ է, և դա պատճառ ունի: Այս ընդարձակ ձևակերպումն ունի երկու մակարդակ. մեկը Լաչինի հարցն է, որի սկզբունքների շուրջ բուն բանակցային տեքստի հստակ ձևակերպումն այն է, որ լինելու է. «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք»: Հայաստանի համար դա շատ հստակ է, որ այդ միջանցքը պետք է ունենա Լեռնային Ղարաբաղի հետ նույն կարգավիճակը: Երկրորդ մակարդակը վերաբերում է Քելբաջարին. Հայաստանի համար սա նույնպես հստակ է` ելնելով անվտանգության մտահոգություններից` Քելբաջարը կարող է վերադարձվել միայն հանրաքվե անցկացնելուց և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումից հետո: Սա այն անհամաձայնությունն է, որին համանախագահները հղում են կատարում իրենց հայտարարության մեջ: Բուն բանակցային տեքստում այս հարցի վերաբերյալ համանախագահների ձևակերպումները, ընդհանուր առմամբ, համահունչ են մեր մոտեցմանը:
- Ըստ համանախագահների, նախատեսվում է հանրաքվե/բնակչության քվեարկություն «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշելու համար», բայց իրենք չեն նշում, թե ով է քվեարկելու:
- Սկզբունքների վերաբերյալ բուն բանակցային տեքստը հստակ ձևակերպում ունի. «Վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի հանրաքվեի/բնակչության քվեարկության միջոցով Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից»:
- Համանախագահները նաև նշում են, որ. «Որոշ միջանկյալ պայմանավորվածություններ կլինեն, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի շփումը միջազգային աջակցություն ցուցաբերողների հետ»: Ի՞նչ է սա նշանակում:
- Սա բուն բանակցային տեքստում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին վերաբերող շատ ավելի մանրամասն շարադրված հատվածի տարրերից միայն մեկն է: Մենք կարծում ենք, որ համանախագահները ընդգծել են միջազգային ներգրավվածությունը, որովհետև դա լուրջ խնդիր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Իրենց ներկայիս չճանաչված փաստացի կարգավիճակը թույլ չի տալիս օգտվել միջազգային կազմակերպությունների բարեգործությունից: Բուն բանակցային տեքստը ամրագրում է նաև ԼՂ բնակչության այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են` իրենց քաղաքական և տնտեսական կենսունակությունն ու անվտանգությունը վերահսկելու, անհատական արտոնություններն ու ազատությունները պահպանելու, Լեռնային Ղարաբաղը ղեկավարելու համար իշխանություններին ժողովրդավար կերպով ընտրելու իրավունքները, ինչպես նաև օրենք ստեղծելու և ներքին գործերը կառավարելու լիազորությունները:
- Ո՞րն է Հայաստանի ընդհանուր գնահատականը այսօրվա դրությամբ փաստաթղթի բովանդակության վերաբերյալ:
- Սա կատարյալ փաստաթուղթ չէ: Որևէ մեկի համար: Այդուամենայնիվ, դա բավականաչափ հիմնավոր և հավասարակշռված, ճիշտ փոխադարձ զիջումներով կետեր է պարունակում գլխավոր հարցերի` կարգավիճակի, տարածքների և անվտանգության վերաբերյալ, և մենք հավատացած ենք, որ կկարողանանք շարունակել բանակցությունները այդ սկզբունքների հիման վրա: Ներկայիս համատեքստում ինքնավարության մասին Ադրբեջանի հռետորությունն ու հուսահատ ռազմատենչ կոչերը մեզ զարմացնում են: Մեր ձեռքի տակ ռեալ հնարավորություն կա լուծելու բոլոր խնդիրները` ներառյալ փախստականների բազմաչարչար հարցը: Սակայն Ադրբեջանը պետք է վերադառնա իրականությանը և ռեալ հնարավորություններին, ոչ թե երևակայական մաքսիմալիստ հույսեր փայփայի: Այսօր մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կգիտակցի, որ մենք հնարավորություն ունենք կարգավորելու հակամարտությունը և հասնելու երկարատև խաղաղության»: