28 տարի առաջ այս օրը՝ 1997թ. նոյեմբերի 1-ին լույս տեսավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը։
Այս առթիվ Radar Armenia-ն ներկայացնում է հատված Լևոն Տեր-Պետրոսյանի այդ հոդվածից.
«Թող չփորձեն ժողովրդին մոլորեցնել, ասելով, թե փոխզիջումն այլընտրանք ունի. փոխզիջման այլընտրանքը պատերազմն է։
Փոխզիջման մերժումը և մաքսիմալիզմը (առավելագույնը և ոչ թե հնարավորը ձեռքբերելու ձգտումը) Ղարաբաղի իսպառ կործանման և Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է։
Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով և 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով։
Իմ ընտրած ուղին ապահովելու է այդ հեռանկարը և հնարավորություններ պահպանելու հասնել մեր բաղձալի նպատակին։ Արկածախնդիրների ուղին տանելու է դեպի անխուսափելի պարտություն։ Մենք մի անգամ արդեն, «Ստամբուլը արյան ծով դարձնելով», կորցրել ենք Արևմտահայաստանը, իսկ մի այլ անգամ՝ պահանջելով Սևրի դաշնագրով գծված տարածքները, կորցրել ենք Արևելահայաստանի կեսը։
Փոխզիջման էությունից բացի կարևոր է նաև փոխզիջման պահը։ Ակնհայտ է, որ փոխզիջման դեպքում հասանելի առավելագույնը ձեռքբերելու հնարավորություն ունի ուժեղ կողմը։ Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են քան երբևէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են։ Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ։
Պետք է իրատես լինել և հասկանալ, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Արևմուտքի նավթային շահերին։ Վաղ թե ուշ կողմերին պարտադրվելու է կարգավորման մի փոխզիջումային ծրագիր, որը լինելու է ոչ թե հարցի իրավական, այլ քաղաքական լուծում, թեև աշխարհի ուժեղները դա հրամցնելու են որպես միջազգային իրավունքի օրինակելի դրսևորում։ Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Ղարաբաղն ու Հայաստանը փոխզիջումից խուսափել չեն կարողանալու, ինչպես չկարողացան խուսափել բոսնիական և արաբա-իսրայելյան հակամարտության կողմերը։
Փոխզիջումը, սակայն, միայն պարտադրանք չպետք է դիտել. Ընդհակառակը, հակամարտող կողմերն իրենք դեռ պետք է հսկայական ջանքեր գործադրեն նրա շուտափույթ կայացման համար, որովհետև այլընտրանքն, ինչպես ասվեց, պատերազմն է ու ժողովուրդների նորանոր տառապանքները։
Փոխզիջումն ընտրություն չէ լավի ու վատի միջև, այլ վատի ու վատթարի միջև, այսինքն՝ փոխզիջումն ընդամենը վատթարից խուսափելու միջոց է, որից հակամարտող կողմերը հարկադրաբար օգտվում են, երբ հասել են վատթարի գիտակցմանը և ի վիճակի են դրսևորել քաղաքական կամք ու անհրաժեշտ խիզախություն։
Փոխզիջման դիմելիս կողմերը սովորաբար առաջնորդվում են մի քանի նկատառումներով, այն է. ազատվել իրենց բնականոն կենսագործունեությունն ու զարգացումն արգելակող և լուրջ վտանգներով հղի հակամարտությունից. սառեցնել խնդիրը, հետաձգել այն՝ ժամանակ շահելու, ուժեր կուտակելու և ավելի բարենպաստ հանգամանքներում հօգուտ իրենց լուծելու նպատակով. խուսափել անկանխատեսելի բարդություններից՝ հույս փայփայելով, որ հետագայում ժողովուրդների հարաբերություններում նոր մտածողության արմատավորման և արժեքների վերագնահատման հետևանքով խնդիրը կարող է կորցնել իր սրությունը, և սահմաններն, օրինակ, չունենան այն նշանակությունը, որ ունեն ներկայումս։ Այդ մտածողությունն ու արժեքների վերագնահատումն այսօր տիրապետող են ևրոպայում, վաղը կարող են տիրապետող դառնալ նաև Մերձավոր Արևելքում, որի մասնավոր վկայությունն է, թերևս, արաբա-իսրայելյան խաղաղության գործընթացը։
Փոխզիջումն ինչ-որ չափով բավարարելու է հակամարտության բոլոր կողմերին, բայց միաժամանակ ամբողջովին չի գոհացնելու ոչ մեկին։ Նախագահ Ալիևը դա ներկայացնելու է որպես Ադրբեջանի հաղթանակը, ես փորձելու եմ ներկայացնել որպես Հայաստանի հաղթանակը։ Ադրբեջանական ընդդիմությունը համարելու է, որ Ալիևը դավաճանեց ու ծախեց Ղարաբաղը։ Հայաստանի ընդդիմությունը համարելու է, որ ես դավաճանեցի ու ծախեցի Ղարաբաղը։ Նման դեպքերում չպետք է բացառել, իհարկե, Ռաբին – Պերեսի սինդրոմի ազդեցությունը։ Բայց չի կարելի անտեսել նաև Նաթանյահուի սինդրոմը, որը անզիջող դիրքերից գալով իշխանության գլուխ, կարճ ժամանակ անց, թեև դժկամությամբ, ստիպված եղավ շարունակել Ռաբինի ու Պերեսի սկսած խաղաղության գործընթացը»։