Ռետրո

Ագրեսիայի մասին խոսք չի կարող լինել, Քելբաջարը չենք զավթել. Սերժ Սարգսյան

Ագրեսիայի մասին խոսք չի կարող լինել, Քելբաջարը չենք զավթել. Սերժ Սարգսյան

«Հայք» թերթը 1993թ. ապրիլի 9-ի համարում հրապարակել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույց։ Այն վերնագրված է «Մենք Քելբաջարը չենք զավթել»։

Radar Armenia-ն վերահրապարակում է այդ հարցազրույցը։

- Քելբաջարից հետո համաշխարհային հասարակությունը կրկին հայերին մեղադրեց ագրեսիայի մեջ: 

- Դա ռազմական անհրաժեշտություն էր, և եթե մենք ուզում ենք ապրել Լեռնային Ղարաբաղում, մենք պիտի դա անեինք: Մեր լեզվով ասած՝ դա Քելբաջարի շրջան չէ, այլ թշնամու զինված խմբավորում է, որը գտնվում է Քելբաջարի շրջանի տարածքում։ Այդ խմբավորումը մահացու վտանգ էր ներկայացնում մեր զորքերի համար Մարտակերտում: Ամռանը և աշնանը ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակում էր ձեռնարկել երկու կողմից՝ Աղդաբանից ու Չարեքտարից, անընդհատ ռմբակոծելով Մարտակերտի շրջանը և Լաչինի մարդասիրական միջանցքը, որպեսզի կասեցնի մեր զորքերի առաջխաղացումը Մարտակերտի ուղղությամբ։ Մենք սպասում էինք այդ հարձակմանը և պատրաստ էինք դրան։ Ադրբեջանական ստորաբաժանումները ընկան աքցանի մեջ։ 

-Կարո՞ղ եք տվյալներ հայտնել առգրավված ռազմական տեխնիկայի և զինամթերքի վերաբերյալ։

- Պետք չէ ոչ գերագնահատել ոչ էլ թերագնահատել Քելբաջարը որպես ռազմական բազա: Թերևս դեռ վաղ է վերջնական տվյալներ հայտնել: Բայց որպեսզի պարզ լինի, թե ինչ վտանգ էր ներկայացնում մեզ համար այդ շրջանը, ասեմ, որ դեռևս չճշտված տվյալներով՝ Քելբաջարում վերցրել ենք 10 տանկ, 10 միավոր զրահատեխնիկա՝ հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ-1 և ՀՄՄ-2), հրետանու 15 միավոր, մեծ քանակությամբ զինամթերք: Միայն Քյուրդաղաջի գյուղից դուրս ենք բերել զինամթերքով 40 մեքենա։ Այսօր այդ թիվը երևի 2-3 անգամ մեծ կլինի:

- Հնարավորություն տվե՞լ եք ադրբեջանական զինվորներին՝ ինքնակամ հեռանալ շրջանից: 

- Ասեմ, որ Մարտակերտի շրջանում կրած պարտություններից հետո ադրբեջանական բանակը լրիվ բարոյալքված էր, և մենք 100 տոկոսով վստահ ենք, որ այդ շրջանի տարածքում թշնամու ռազմական բոլոր զինակետերը ոչնչացվելու են: Ես ասում եմ, որ 100 տոկոսով վստահ ենք դրանում։ Ինձ մոտ եկել էին Կարմիր Խաչի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, և մենք նրանց ցույց ենք տվել մեր դիրքերը ու այն ճանապարհը, որով ադրբեջանական զորքը, դիմադրություն չցուցաբերելու դեպքում, կարող էր հեռանալ տարածքից։ Ռացիայով մենք նրանց նախազգուշացրել ենք այդ մասին: Զինյալները, որոնք լսեցին մեզ, հեռացան առանց կորուստների, մնացածները ոչնչացվել են: 

- Իսկ խաղաղ բնակչությո՞ւնը: 

-Խաղաղ բնակչության 95 տոկոսը նախապես էվակուացվել էր, մնացածներին մենք հնարավորություն տվեցինք հեռանալ և ցույց տվեցինք ճանապարհը, որով դա կարող էին անել։ Մենք ժամանակ տվեցինք նրանց, զգուշացնելով, որ այն ապահովելուց հետո ճանապարհը փակվելու է։ Ադրբեջանական խաղաղ բնակչությանը մեր զինվորներն էլ են օգնել հեռանալ ռազմական գործողությունների շրջանից: Այնպես որ, ագրեսիայի մասին խոսք չի կարող լինել: Մենք Քելբաջարը չենք զավթել, այլ վերացրել ենք մեր բանակի և խաղաղ բնակչության համար մահացու վտանգը, որը իրենից ներկայացնում էր այդ տարածքում տեղակայված թշնամու ռազմական խմբավորումները։ Եվ այսուհետև մեր թշնամու հետ կվարվենք նույնկերպ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական