Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցը։ Այս առթիվ Radar Armenia-ն ներկայացնում է հոկտեմբերի 27-ի գործով այն ժամանակ ԱԱ նախարար, ապա՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի ցուցմունքները։
ՀԱՐՑ - Ասացեք 27.10.9999 թ.-ին որտեղ եք եղել, ինչու, ում ուղեկցությամբ, դա եղել է անձնական նախաձեռնություն, թե պաշտոնական այց։
ՊԱՏԱՍԽԱՆ - 27.10.99 թ.-ին ես գտնվել եմ Ստեփանակերտ քաղաքում, մեկնել էի Երևանից 25.10.99 թ.-ին Արթուր Ալեքսանյանի և իմ թիկնապահների ուղեկցությամբ։ Այդ օրը 27.10.99 թ.-ին 17.30-ի սահմաններում սահմանային զորամասի ճանապարհին, բրիգադայի հրամանատարը չեմ հիշում թե ով ասաց, որ շտապ կապվենք Երևանի հետ։ Ես արբանյակային կապով կապվեցի Գորիկ Հակոբյանի հետ և նա ասաց, որ ԱԺ-ի դահլիճում կրակոցներ կան։ Ես ճանապարհը շեղելով ուղևորվեցի դեպի Երևան։ Կրկին կապ ստեղծվեց Երևանի հետ և հստակ իմացա, որ ԱԺ-ի դահլիճում Վ. Սարգսյանին սպանել են։ Ես ուղղաթիռ պահանջեցի Գորիս և ուղևորվեցի մեքենայով Գորիս։ Այցը նպատակ ուներ ծառայողական առումով ծանոթանալ և շրջել սահմանային զորամասերում, և Ստեփանակերտ քաղաքում։ Ես Երևանում եմ եղել ժամը 23.10-ի սահմաններում և անմիջապես եկել ԱԺ-ի շենք։ ԱԺ-ի շենքում ես իմացա, որ ՀՀ նախագահը այնտեղ է և ես բարձրացա 3-րդ հարկ իրեն մոտ ԱԺ-ի նախագահի աշխատասենյակ։ Հիմնականում եղել եմ ԱԺ-ի նախագահի աշխատասենյակում, պարբերաբար այցելել եմ նաև հանգստի սենյակ։ Աշխատասենյակում ես հիշում եմ, որ եղել է ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ալիկ Հարությունյանը, եղել է նաև որքան հիշում եմ Գ. Գ. Գրիգորյանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք։ Աշխատասենյակում զրույցները և մանրամասնությունները չեմ կարող հիշել։
ՀԱՐՑ - Ում է հանձնարարված եղել տեռորիստների վնասազերծման և պատանդների ազատման ուղղությամբ ձեռնարկվելիք օպերատիվ աշխատանքների ղեկավարումը։ Որ պաշտոնատար անձի առաջարկությամբ է բերվել Մոսկովյան գրոհային ջոկատը, ինչ նպատակով։
ՊԱՏԱՍԽԱՆ - Քանի որ ես Երևան քաղաքում չեմ եղել սկզբնական պահին, ուստի կոնկրետ հանձնարարական չի եղել, բայց հեռախոսով կարգադրել եմ անել բոլոր հնարավոր միջոցառումները Գ. Հակոբյանին։ Իսկ երբ եկա Երևան ՀՀ նախագահից իմացա, որ Մոսկովյան Ալֆա ջոկատը հրավիրվել է անմիջական օգնություն ցուցաբերելու համար։
ՀԱՐՑ - Ինչ տեխնիկա է կիրառվել ԱԺ-ի շենքում, կոնկրետ որտեղ, ինչու։
ՊԱՏԱՍԽԱՆ - ԱԺ-ի դահլիճի ինչպես նաև տեռորիստների գործողությունները օբյեկտիվորեն հսկելու նպատակով ԱԱ նախարարության կողմից տեղադրվել է անհրաժեշտ տեխնիկա։
ՀԱՐՑ - ԱԱ նախարար աշխատելու տարիներին ԱԱ որևէ աշխատակցից լսել եք արդյոք որևէ զեկույց Ն. Հունանյանի վերաբերյալ, ինչի մասին և ինչ միջոցներ եք ձեռնարկել։
ՊԱՏԱՍԽԱՆ - Ն. Հունանյանի մասին ես լսել եմ միայն 27.10.99 թվին ժամը 23.30-ից հետո, մինչ այդ զեկույց կամ որևէ լուր Ն.Հունանյանի մասին չի եղել ինձ։
ՀԱՐՑ - ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության հարցը ինչով է կարգավորվում և ինչպես է լուծվել Կ. Դեմիրճյանի անվտանգության հարցը։
ՊԱՏԱՍԽԱՆ - Ես նրա ապահովության հարցով դիմել եմ բազմիցս անգամ իրեն նախօրոք Ալֆա վարչության աշխատակիցներից առանձնացնելով աշխատակիցների, սակայն նա կտրականապես հրաժարվել է ունենալ թիկնապահ։
ՀԱՐՑ - Ասացեք դուք ԱԺ-ի շենքում որտեղ եք տեսել Ա. Հարությունյանին, լսել եք նրա հեռախոսային խոսակցությունները Ն. Հունանյանի հետ թե ոչ, կարող եք ասել մանրամասնություններ թե ոչ։
ՊԱՏԱՍԽԱՆ - Ես տեսել եմ Ա. Հարությունյանին ԱԺ-ի նախագահի կաբինետում, որքան հիշում եմ տեսել եմ հեռախոսով խոսելուց, բայց թե նա ում հետ է խոսել և ինչ ես չեմ կարող ասել։ Ես հիշում եմ, որ Գ. Գրիգորյանը գալիս զեկուցում էր և ասում, որ Ն. Հունանյանը ցանկանում է խոսել Ալիկի հետ։
ՀԱՐՑ - Ն. Հունանյանի ցուցմունքի համաձայն Ա. Հարությունյանը վստահեցրել է նրան, որ ինքը եթեր կապահովի և ԱԱ նախարարությունը չի խառնվի և իրենք չեն բացահայտվի, եղել է նման զրույց Ա. Հարությունյանի հետ թե ոչ։
ՊԱՏԱՍԽԱՆ - Դա հորինվածք է, նման բան չի եղել։
ՀԱՐՑ - Ն. Հունանյանը միաժամանակ նշել է, որ Թուրքիայից վերադառնալուց հետո, եղել է ԱԱՆ աշխատակիցների ուշադրության կենտրոնում, իրենով հետաքրքրվել են և աշխատակից Կ.Պարունակյանը իմացել է այդ մասին, բայց ոչ մի միջոց չի ձեռնարկել, ինչու։
ՊԱՏԱՍԽԱՆ - Ինձ այդ մասին ոչինչ չի զեկուցվել և ընդհանրապես իշխանություններից դժգոհ լինելը օպերատիվ հետաքրքրության աղբյուր չի կարող լինել։
ՀԱՐՑ - Ինչ է իրեն հայտնի Ն. Հունանյանի և Ա. Հարությունյանի, Ն. Հունանյանի և Ռ. Քոչարյանի միջև կայացած բանակցությունների ընթացքում կայացած զրույցի բովանդակության մասին։
ՊԱՏԱՍԽԱՆ - Բանակցությունների մանրամասները ինձ հայտնի չեն, գիտեմ, որ բանակցությունների նպատակը առանց նոր զոհերի հանցագործության կանխումն ու հանցագործների ձերբակալումն էր։
Ցուցմունքը գրված է իմ խոսքերից, ընթերցվել է, ճիշտ է, որի համար ստորագրում եմ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ