Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հաջորդ օրը ՊՆ-ում մեծ հավաք էր տեղի ունեցել, որին մասնակցել էին այդ օրերի հայտնի գործիչների մի մասը։
ԱԺ նախկին պատգամավոր, «Շամիրամ» կազմակերպության նախագահ Շողեր Մաթևոսյանը ևս եղել էր այդ հավաքին։ Նա հանդիպման մանրամասների մասին խոսել է «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում։
Radar Armenia-ն ներկայացնում է «Առավոտ» թերթի 1999թ.նոյեմբերի 30-ի հրապարակումը։
«Հոկտեմբերի 28-ին պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հավաքի մասին ամենատարբեր լուրեր և մեկնաբանություններ են եղել։ Բայց իզուր չքրքրեք մամուլը՝ այս մեկ ամսվա ընթացքում չի եղել և ոչ մի փորձ, որ լրագրողներն անմիջականորեն այդ հավաքի մասնակիցներից պարզեին մանրամասները։ Խիստ ուշացումով եղելությունը խնդրեցինք ներկայացնել մասնակիցներից մեկին՝ «Շամիրամ» կազմակերպության նախագահ Շողեր Մաթևոսյանին։
-Եվ այսպես, ինչպե՞ս և ինչո՞ւ այդ օրը ՊՆ գնացիք։
-Նախ, արդեն հոկտեմբերի 27-ից հնարավոր բոլոր հեռախոսահամարներով ինքներս էինք զանգում որևէ պռատ լուր, տեղեկատվություն ստանալու համար։ Ինձ թվում է, ոչ միայն մենք էինք այդ վիճակում, այլև բոլոր նրանք, ովքեր մտահոգ էին կատարվածով, ովքեր ցավալի և ճակատագրական էին համարում եղածը։ Եվ այս ամենի համար գուցե ոչ թե նախահարձակ պետք է լինեին, այլ վերլուծեին իրենց կառավարման թերությունները, թե ինչու էր այսօրինակ թափթփվածություն պաշտոնական տեղեկատվության ոլորտում։ Եվ ՊՆ գնալով մենք քաղաքացիական քայլ էինք արել, ոչ թե կուսակցական կամ այլ։ Այսինքն, ՊՆ գնացինք այնպես, ինչպես կգնայինք ցանկացած այլ վայր, որտեղ հնարավոր կլիներ պարզել երկրի իրավիճակը։
-Այնուամենայնիվ, Ձեզ ո՞վ հրավիրեց ՊՆ։
-Նախաձեռնությունը մերն էր, հետո այնտեղից պատասխան եղավ, որի համար շնորհակալ ենք։ Մանավանդ, որ ասացին, թե Ռոբերտ Քոչարյանն էլ է այնտեղ՝ գրեթե նույն ընթացքում, մեկ այլ սրահում։
-Մամուլը, մասնավորապես «Հայոց աշխարհը» և «Իրավունքը» այդ խորհրդակցության մանրամասներն էին հրապարակել։ Դրանք ճշգրի՞տ էին։
-Ես խնդրում եմ, որ կուսակցական պատվերներ հրապարակող թերթերը մամուլ չանվանեք։ Ձեր նշած այդ թերթերը չեմ կարդում, դրանց վրա փող չեմ ծախսում։
-Այնուամենայնիվ, հրապարակված մանրամասներից են, թե Դավիթ Շահնազարյանը հավաքին հեղաշրջման կոչեր էր արել, նախագահի հրաժարականը պահանջել, ՊՆ-ի հայտարարության տեքստը պատրաստել։ Իսկ Վանո Սիրադեղյանը հավաքի գրագիրն էր, մասնակիցների ցանկն էր գրել և այլն։ Այս ամենն իրականությանը համապատասխանո՞ւմ է։
-Բացարձակ ստախոսություններ են կամ, ավելի ճիշտ՝ այդ ամենը հրապարակողների ցանկությունները։ Դավիթ Շահնազարյանի համար սեղանի շուրջ ինչ-որ տեղ են, չէ՞, գծել, գրել։ Ինձ շատ են հարցրել, թե որտեղ էր նա նստած։ Ուրեմն, Դավիթ Շահնազարյանը միայն շատ նյարդային քայլում և ոչինչ չէր խոսում։
-Մյուսներին հերքելուց բացի, գուցե նաև ներկայացնեք, թե ինչպես անցավ այդ խորհրդակցությունը։
-Ես մի քիչ ուշ եմ գնացել ՊՆ, եթե չեմ սխալվում՝ 12։30-ին։ Արդեն բոլորը հավաքված էին։ Որևէ մեկը բոցավառ ճառեր չէր ասում, քանի որ այնտեղ իսկապես սգո տրամադրություն էր։ Մեզ ուղղակի ծանոթացրին իրենց հայտարարությանը և, ըստ երևույթին, ցանկանում էին պարզել, թե արդյոք կպաշտպանենք կամ չենք պաշտպանի։ Միայն փաստեր են արձանագրվել, թե սա՛ է, այսպե՛ս է եղել և այս իրավիճակի հետևանքով է ծնվել այս հայտարարությունը։ Ըստ էության, այդ հավաքին մասնակցած կուսակցություններից յուրաքանչյուրը հետագայում իրենց սեփական հայտարարություններն արեցին։ Եվ, ասենք, «Շամիրամինը» բացարձակ նման չէր ՊՆ-ի հայտարարությանը՝ միայն մեր տրամադրությունն էինք արտահայտել կատարվածի նկատմամբ։
-Իսկ ՊՆ-ից ո՞վ էր կուսակցություններին ներկայացնում իրենց քայլերը։
-Ես շատ մարդկանց չէի էլ ճանաչում, իմիջիայլոց։ Այնտեղ մի քանի գեներալներ չէին։ Միայն միջանցքներում մի 70-80 մարդ կլիներ։ Անընդհատ շարժում էր՝ ներս էին մտնում, դուրս գալիս։ Խառը վիճակ էր։
-Ի դեպ, Ձեր ներկայությա՞մբ է Ալբերտ Բաղդասարյանը հայտարարել, թե իր ներկայությունը ՊՆ-ում թյուրիմացություն է։
-Ես նրան այնտեղ ընդհանրապես չեմ տեսել։ Բայց չեմ հասկանում, թե մարդիկ ինչպե՞ս են թյուրիմացաբար նման տեղերում հայտնվում («Բաղնիքդ անուշ» ֆիլմում նկարագրված իրավիճակը բացառենք)։ Օրինակ, ինձ հետ նման բաներ չեն պատահում։
-Այնուամենայնիվ, կուսակցությունների ներկայացուցիչներից և ոչ մեկը ելույթ չունեցա՞վ։
-Ուղղակի ծանոթացանք ՊՆ-ի հայտարարությանը։ Կրկնեմ, որ բոլորս շատ ընկճված էինք։ Եթե քննարկեինք, ասենք, կասեի, որ շատ թույլ հայտարարություն է, շատ զուսպ և բարեկիրթ։ Այդ պահին ավելի ծայրահեղ քայլերի էի պատրաստ, քան այդ հայտարարության պահանջներն էին։
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ»