Ռետրո

Այսպիսի երկիրը նույնիսկ եթե անկախություն ունենա, ինչպե՞ս է այն պահելու. Մարուխյանը՝ 1991 թվականին

Այսպիսի երկիրը նույնիսկ եթե անկախություն ունենա, ինչպե՞ս է այն պահելու. Մարուխյանը՝ 1991 թվականին

ՀՅԴ «Դրոշակ» պաշտոնաթերթի 1991թ. սեպտեմբերի 25-ի համարում հրապարակվել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի հարցազրույցը։

Radar Armenia-ն ներկայացնում է հատված այդ հարցազրույցից։

- Սխալ պետք չէ հասկանալ. այս կուսակցությունը պայքարի կուսակցություն է եղել: Այս կուսակցությունը երբեմն նաև խենթությունների գնալու փաստեր է տվել, երբ այլևս դանակը ոսկորին է հասել: Դանակը ոսկորին հասնելուց հետո մահու-կենաց խնդիր է դրված: Այսօր էլ կասենք, ազատությունը շատ լավ բան է, պետք է ունենանք: Ոչ ոք իրավունք չունի մեր այս համոզմունքները կասկածի տակ դնելու, երբ սերունդները այդպես ենք հասցրել, մինչ ուրիշներ այդ մասին խոսելը կմերժեին: Բայց հարցը դա չէ: Հարցն այն է, որ մոմենտը ճիշտ պետք է ընտրվեր և ընտրվի: Հայաստանի ներկայ պայմանները այնպիսին են, որ մյուս հինգ հանրապետություններից շատ ավելի պատճառներ ունենք առճակատման չգնալու, որից, յամենայնդեպս, ներկայ պայմաններով ոչինչ չի շահի Հայաստանը: Մենք, այլ խոսքով, ժամանակ շահելու քաղաքականություն պետք է վարենք: Այս ժամանակ շահելու քաղաքականությունը ամբողջական առճակատմամբ չի լինի: Ատեն-ատեն՝ այս ճակատի վրա առճակատում ստեղծել, ներքին ճակատի վրա մեղմել այն, և հակառակը... Ասոնք ռազմավարության մաս են կազմում: Բայց երբ առանց հաշվի, միայն առճակատելու համար ենք անում դա, որովհետև քանի մի հոգի կծափահարեն, և որովհետև արտասահմանում հակառուսական կամ հակախորհրդային հիստերիա ունեցող քանի մի չարջանակներ կծափահարեն, սա քաղաքական ասություն է, սխալ է, հետևանքները մեր ժողովուրդն է կրում այսօր, կարող է վաղը շատ ավելի ծանր կրել:

- Ակնարկ կա անկախության մասին: Հայաստանի մեջ վերջին նորությունն անկախացման համար կատարվելիք սեպտեմբերի 21-ի հանրաքվեն է: Թեև վերջին շաբաթներին ՀՀՇ-ն կարծես ետդարձ է փորձում կատարել՝ ասելով, որ սեպտեմբերի հանրաքվեն անպայման անմիջական անկախություն չի նշանակում, այլ անկախության գործընթացի մասին է: Կարելի՞ է պատկերացնել, մեր դիտանկյունից, Հայաստանի իշխանությունների դիտանկյունից, ընդհանուր հայության և Հայաստանի վիճակի դիտանկյունից, որ անկախությունը կարելի է հետապնդել Խորհրդային Միության օրենքների սահմաններից դուրս, թե՞, ուզենք, թե չուզենք, պետք է մնանք այդ օրենքների գծած սահմաններում:

- Այդ հարցը բավական նուրբ հարց է: Եվ ամեն անգամ, երբ այսպիսի նուրբ հարցը վերածվում է ամբոխային տրամաբանություն բարձրացնելու միջոցի, այդ ամբոխային տրամաբանության, այդ մթնոլորտին ապավինած նվաճում կատարելու միջոցի, և այդ իշխանության պահպանման կամ հզորացման անվան տակ, սա շատ լուրջ սայթաքումների է առաջնորդում իշխանությունը: 

Ճիշտ է, որ սկզբում շատ զարմանալի քարոզչական բնույթ էին տվել այդ սեպտեմբերի 21-ի հանրաքվեին, ստեղծել էին այն տպավորությունը, թե կարծես սեպտեմբերի 21-ին Հայաստանն արդեն պետք է անկախանար: Ես չեմ ասում, թե մեր քննադատությունները կամ այլոց ընդդիմությունը պատճառ եղավ, բայց թերևս մեր այս ընդդիմություններն էլ որոշ չափով մտքերը պարզաբանեցին: Թերևս, վստահ չեմ, բայց իրականություն է, որ նաև Հայաստանի ժողովրդի մեջ ստեղծվել են բազմաթիվ հարցականներ: Նաև իրենք՝ Հայաստանի իշխանությունները, երևի քիչ-քիչ սկսեցին այս ուղղությամբ ավելի հասուն ձևով մոտենալ, «գինուն քիչ ջուր խառնեցին» և հիմա ասում են. «Պրոցես է սա, այնպես, ինչպես որ հանրաքվեի մեջ դրված է անկախության հարցը»: 

Սակայն, այստեղ էլ նույն խնդիրն է: Հրապարակային ելույթի ընթացքին ասացի, հարցը այն չէ, որ մենք Խորհրդային Միության սահմանադրությամբ հինգ տարի առաջ պե՞տք է ռեֆերենդումն արած լինեինք: Չմոռնանք, որ նախ ռեֆերենդումը պետք է լինի, հետո այդ ռեֆերենդումը պետք է ներկայացվի Խ. Միության Գերագույն Խորհրդին: Գերագույն Խորհուրդը հինգ տարի հետո չգիտեմ ի՜նչ ձևով պետք է քվեարկի, և քանի որ այս պրոցեսի պայմանները վայրկյան առաջ լրացնելու մասին պետք է մտածենք, այս մոտեցումով դարձյալ մոմենտի խնդիր է ծագում: Եթե մենք այս բոլորն ընդունենք, որ տեսականորեն ճիշտ են, այսինքն՝ մենք սեպտեմբերի 21-ին սկսե՞նք պայմանները լրացնել, թե՞ 1992-ի հունվարի 1-ին, օրինակ, ի՞նչ կփոխվի Հայաստանի համար հիմնական, վերջնական անկախության հարցից: Վեց ամսվա տարբերությո՞ւնը դեր կխաղա: Հարցը մոմենտի խնդիր է, նորից ասեմ: Ընտրել ճի՛շտ մոմենտը: Արդեն քաղաքականությունն այդ է նշանակում: Եվ բոլոր ժողովուրդները՝ մեծ, թե փոքր, Ամերիկայից մինչև ամենափոքր ժողովուրդները, երբ իրենց քաղաքական հարվածները, քաղաքական ակտերը, քաղաքական նախաձեռնություններն ու քայլերը ճիշտ ժամանակին չեն ընտրում, անպայման հետևանքները բացասական են լինում, այդ նախաձեռնությունները արդյունք չեն տալիս: Մեր կուսակցության կարծիքն է, որ հե՛նց այստեղ է, որ սխալ ենք անում:

Ապա, երբ անկախության գաղափարի մասին ժողովրդի կարծիքը հարցնում են, դա շատ անհեթեթ է: Եթե ժողովուրդը գա և «ոչ» ասի անկախության գաղափարին, դա կնշանակի, որ այդ ժողովուրդն այլևս դադարում է նույնիսկ գոյության իրավունք ունենալուց: Այսպիսի հարցում ժողովրդին չեն տանում, իսկ եթե նպատակը երկրորդն է՝ այսինքն՝ Խ. Միությունից անմիջական անջատումը, այդ պարագայում թող հարցնեն դա: Բայց դարձյալ ճի՛շտ ժամանակին և ճի՛շտ ձևով բանաձևելով հարցը:

Այս հաստատումներն անելուց հետո, մեր հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի անկախության գործընթացը պահանջում է, որ մենք նման նախաձեռնություններ առնելու մոմենտը ոչ միայն պետք է ճիշտ ընտրենք, այլ այդ նախաձեռնություններն առնելուց առաջ կամ դրանց զուգահեռ, նույնքան հիմնական խնդիրներ կան (որոնց կարիք ունի ժողովուրդը անկախանալուց առաջ և հետո), որոնք պե՛տք է ծրագրի ենթարկվեն, և անկախության համար կենսական նշանակություն ունեցող նախադրյալները պետք է ապահովվեն: Հայաստանի մեջ ահագին հարցեր կան՝ բարձիթողի վիճակում ձգված: Այդ խնդիրները մեր երկիրը վերածել են չափազանց տկար երկրի: Հավատացեք, Հայաստանն այսօր կարելի է նույնիսկ հետամնաց երկիր կոչել, հակառակ այն իրագործումներին, որ 70 տարի արել ենք: Ճիշտ է, շատ մեծ նվաճումներ են եղել կարգ մի ասպարեզներում, բայց ընդհանուր հաշվեկշռում մենք շատ հետամնաց երկիր ենք: Այսպիսի երկիրը, նույնիսկ եթե անկախություն ունենա, այդ անկախությունն ինչպե՞ս է պահելու: Հարցականը սուր է, որովհետև Հայաստանը այս պայմաններում նորից կարող է կորցնել իր անկախությունը, այս անգամ՝ անուղղակի կերպով՝ տնտեսական և այլ պատճառներով կախվածության մեջ ընկնելով: Ուրեմն, այս բոլոր ծրագրերը պետք է մշակվեն, նախադրյալները պետք է հստակորեն ճշտվեն, ժողովուրդը պե՛տք է ամբողջությամբ անկալի այդտեղ և ոչ թե օրն ընդամենը չորս ժամ աշխատելով: Մեր ժողովուրդը հիմա խոստովանության մասին է մտածում: Օրը չորս ժամ է աշխատում, չորս ժամից էլ միայն երեք ժամը կարելի է ազդու աշխատանք համարել: 

Նուրբ, շատ նուրբ հարցեր կան: Այս բոլորը պետք է լուծվեն, և միայն այն ժամանակ ընտրվի ճիշտ մոմենտը՝ այդպիսի, այսպես ասած, քաղաքական հարվածային որոշ քայլերի դիմելու համար: Սա է ճիշտ ճանապարհը, այլապես անկախությունը դեռ չսկսած կհարվածեն, կկացնահարեն, լուրջ վտանգների կենթարկեն: Այն, ինչ հնարավոր է իրականացնել 10 տարի հետո, մենք այսպիսի քաղաքականություններով կարող ենք հետաձգել 20 տարով: Մինչդեռ, եթե ճիշտ վարվենք, անպայման միջազգային պայմաններն էլ տեղ-տեղ կօգնեն մեզ: Սա ո՛չ թե վիշֆուլ թինքինգ է, այլ այդպես է, բոլոր ժողովուրդների կյանքում այդպես է եղել: Նայեք Լիբանանի մեջ՝ 15 տարի կռիվ կար, որովհետև շրջանային և միջազգային պայմանները չէին թույլատրում, որ այդ երկիրը կարողանա շունչ քաշել: Եթե միջազգային-շրջանային պայմանները թույլատու չլինեին, այն լավատեսությունը, որ հիմա մենք այսօր ունենք, այն լավ օրերի նշանները, որոնք ձևով մը տեղ-տեղ կան, երբեք չէինք տեսնի և չէինք կարող նախատեսել: Այս առիթից հիմա լիբանանցին օգտվելու վրա է, փորձում է օգտվել: Սա է ընդհանրապես քաղաքականության, ներկայ աշխարհի ուժերի փոխհարաբերությունների մեջ հարցերին մոտենալու և լուծելու եղանակը: Բան, որ մենք չունենք Հայաստանի մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական