Ռետրո

ՀՅԴ-ն դեմ է եղել անկախությանը, թե՞ կողմ. հայտարարությունների էվոլյուցիա

ՀՅԴ-ն դեմ է եղել անկախությանը, թե՞ կողմ. հայտարարությունների էվոլյուցիա

ԱԺ այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՔՊ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև բանավեճ ծագեց, թե արդյոք Դաշնակցությունը 1988 թվականին կողմ է եղել Հայաստանի անկախությանը։

Այս կապակցությամբ հրապարակում ենք 1988 թ. սեպտեմբերի 29-ին սփյուռքյան երեք ավանդական կուսակցությունների՝ ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի և ՍԴՀԿ-ի համատեղ հայտարարությունը, որը տպագրվել է «Դրօշակ» թերթում։ Այստեղ նրանք նրանք մերժում էին «Ղարաբաղ» կոմիտեի այն քաղաքականությունը, որը ներառում էր գործադուլներ, հանրահավաքներ, դասադուլներ և պայքարի այլ ձևեր՝ Մոսկվային հակադրվելու նպատակով։

«Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Ղարաբաղի մեր արի ժողովրդին, որ խուսափեն ծայրահեղ կեցվածքներից, որոնք խանգարում են մեր հայրենիքի հանրային կյանքի կարգուկանոնը, ծանր կորուստների են ենթարկում երկրի տնտեսական, արդյունաբերական, կրթական, մշակութային կյանքը, վնասում են մեր ժողովրդի վարկը, ինչպես նաև բնականոն հարաբերությունները՝ թե՛ խորհրդային բարձրագույն իշխանությունների, թե՛ խորհրդային մյուս հանրապետությունների հետ, և ծառայում են մեր ժողովրդի թշնամիների հետին նպատակներին»,- նշված էր հայտարարության մեջ։

Արդեն 1991թ. սեպտեմբերին, երբ Պուտչի տապալումից հետո արդեն պարզ էր՝ ՍՍՀՄ-ը փլուզվում է, պարզ էին ժողովրդի տրամադրությունները՝ հանրաքվեում «Այո»-ն հաղթելու էր, ՀՅԴ-ն կոչ էր արել կողմ քվեարկել։ 

Ներկայացնում ենք 1988 և 1991թթ հայտարարություններն ամբողջությամբ․

«Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայության տագնապը ծանրակշիռ տարողություն ստացած է և դարձել է տագնապ ամբողջ հայության՝ ի Մայր Հայաստան և ի սփյուռս աշխարհի։ Հայ ազգային-քաղաքական երեք կուսակցություններս՝ սկիզբէն ի վեր սերտ հետևողականությամբ մեր ամենօրյա մտահոգությունների առարկա դարձած այս տագնապի հանդեպ, միասնական կեցվածքով բազմիցս համասփյուռքյան մակարդակով արտահայտել ենք մեր ամբողջական և անվերապահ զորակցությունը Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդներին ու նրանց արդար դատին, որի վերջնական լուծումը մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի միացմամբ Խորհրդային Հայաստանին։

Այսօր ևս՝ այս միասնական հայտարարությամբ, հայտնում ենք մեր անսասան զորակցությունը Ղարաբաղի և Հայաստանի մեր ժողովուրդներին ու պատկան պետական իշխանություններին՝ արդար լուծման հասնելու նրանց միասնական, շարունակական և վճռական կեցվածքին։

Մեր սպասումը և պահանջը Խորհրդային Միության վերին պատասխանատու մարմիններից այն է, որ՝ իբրև արդար մոտեցման դրական դրսևորում, հրապարակային դատավարության և համապատասխան պատիժների ենթարկվեն բոլոր այն անձինք և խմբավորումները, որոնք ոճրային արարքներ գործեցին թե՛ Սումգայիթում և թե՛ Ղարաբաղում։

Կսպասենք, որ խորհրդային մամուլը՝ թե՛ Մոսկվայում և թե՛ Հայաստանում, ճշգրիտ և ամբողջական անդրադարձ ունենա տեղի ունեցած դեպքերին և արարքներին՝ ինչպես տեղեկատուական, այնպես էլ մեկնաբանական առումով՝ ըստ խորհրդային վերին իշխանության կողմից հռչակված և բոլորի կողմից ողջունելի «հրապարակայնության» (Glasnost) սկզբունքների և ոգու։

Կպահանջենք, որ Խորհրդային Հայաստանի պետական իշխանությունները առավել վճռականությամբ, համաժողովրդական իրավացի պահանջների հավատարիմ թարգման լինելով, հետևողական նախանձախնդրությամբ և օրինական ու քաղաքական բոլոր միջոցներով Ղարաբաղի հարցը դարձնեն իրենց առաջնահերթ խնդիր՝ արդար և ամբողջական լուծման հասնելու նպատակով՝ անբավարար և Ղարաբաղի ու Հայաստանի ժողովուրդների իրավունքներին և կամքին անհամապատասխան համարելով մինչ օրս նախատեսված միջոցառումները։

Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Ղարաբաղի մեր արի ժողովրդին, որ խուսափեն այնպիսի ծայրահեղ կեցվածքներից, ինչպիսիք են գործադուլները, դասադուլները, ինչպես նաև որոշ ծայրահեղ կոչեր ու արտահայտություններ, որոնք խանգարում են հայրենիքի հանրային կյանքի կարգուկանոնը, ծանր կորուստների են ենթարկում երկրի տնտեսական, արդյունաբերական, կրթական, մշակութային կյանքը, վնասում են ժողովրդի վարկն ու բնականոն հարաբերությունները՝ թե՛ խորհրդային վերին իշխանությունների, թե՛ խորհրդային մյուս հանրապետությունների հետ, և ծառայում են մեր ժողովրդի թշնամիների հետին նպատակներին։

Պետք է ամեն ինչից վեր պահել մեր ժողովրդի միությունը, որի մեջ է մեր ուժը, և հեռատեսությամբ ու վճռականությամբ հետապնդել մեր գերագույն շահերը։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչություն
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրո
Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական Վարչություն

«Դրօշակ», թիվ 13, 12 հոկտեմբերի, 1988 թ.»։

***

«Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Կենտրոնական Կոմիտէն և Դաշնակցութեան կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրուած ընկ. Սոս Սարգսեանը հետևյալ կոչով դիմած են հայ ժողովրդին՝ մեկ անգամ ևս շեշտելով սեպտեմբերի 21-ի Անկախութեան հանրաքվէին «Այո՛» պատասխանելու անհրաժեշտութիւնը։

Վճռական ընտրութիւն ենք կատարելու բոլորս սեպտեմբերի 21-ին։

Ուզո՞ւմ ենք անկախ ապրել, ուզո՞ւմ ենք ազատ ապրել, ուզո՞ւմ ենք ինքներս տնօրինել մեր ճակատագիրը, թէ՞ ոչ։

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը վստահ է, որ հայ ժողովրդի պատասխանը միանշանակ է լինելու՝ ԱՅՈ՛։

Անկախ քաղաքական իրավիճակի տարուբերումներից, անկախ առկայ բազում դժուարութիւններից՝ հանրաքվեն մեր հաւաքական կամքը արտայայտելու բացառիկ հնարաւորութիւն է։

Հայոց վեցհարյուրամեայ երազանքի իրականացման՝ 1918-20 թթ. մեր պետականութեան վերականգնման հաստատուն հիմքն է դրուելու սեպտեմբերի 21-ին։

Հայ ժողովրդի ազատատենչ ոգին է Դաշնակցութեան շարժիչ ուժը, եւ ուրեմն մենք վայրկեան իսկ չենք կասկածում, որ այս արժանապատիւ ընտրութեամբ նոր քայլ ենք անելու մեր ազգային նպատակների իրագործման և իւրաքանչիւր հայի երջանկութեան ապահովման ճանապարհին։

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր ազգային քաղաքականութեամբ, հայ ժողովրդի բոլոր ուժերի համախմբման մտասևեռումով ամբողջովին ընծայուած է Հայաստանի հզօր ապագայի կերտման գործին։

Այս նպատակին պէտք է ծառայենք բոլորս։

Սեպտեմբերի 21-ի մեր ԱՅՈ-ն մեր ընծայումն է հայրենիքին։

Կատարե՛նք մեր պարտքը։

Վկայե՛նք ազատ ապրելու մեր վճռականութիւնը։

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան
Հայաստանի Կենտրոնական Կոմիտէ

«Դրօշակ», թիվ 12, 25 սեպտեմբեր, 1991 թ.»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական