1991թ. հոկտեմբերի 16-ին նորանկախ Հայաստանում անկացվեցին առաջին նախագահական ընտրությունները։ Ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 83,4%-ով նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
Այս կապակցությամբ Radar Armenia-ն ներկայացնում է երդմնակալությունից հետո Գերագույն խորհրդի հատուկ նիստում առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի՝ 11.11.1991թ. ելույթից հատվածներ.
«Քիչ առաջ, երբ այս պատվական լսարանի` մեր ժողովրդի արժանավորագույն ներկայացուցիչների առջև ես հանդիսավոր երդմամբ հավատարմություն հայտնեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, նրա ազգային ու պետական շահերին-դրանք լոկ հավուր պատշաճի ազդարարված խոսքեր չէին, այլ հայ ժողովրդի դարերով փայփայած իղձերի խտացումն ու իրեղենացման արտահայտությունը։
Բախտի քմահաճույքով և պատմական հանգամանքների բերմամբ հայ ժողովուրդը դեմոկրատական ազատությունների մեծագույն նվաճումները` անկախության հանրաքվեն և նախագահական ընտրություններն արձանագրեց մեր հասարակարգի վերափոխման ամենաճգնաժամային ու վճռորոշ պահին։
Եւ դա, թերևս, տրամաբանական է և օրինաչափ։ Ժողովրդի ինքնապահպանման բնազդի միահամուռ դրսևորումը և քաղաքական ենթագիտակցության գերլարումը ամենայն հավանականությամբ ենթադրում են համապատասխան հոգեկան իրավիճակ, որի դեպքում միայն իրականություն կարող են դառնալ Սարդարապատի հերոսապատումը և Սեպտեմբերի 21-ի մաքառման մարտահրավերը։
Եւ գոյության դժնդակ պայմաններ ում դրսևորվող նմանօրինակ թռիչքներն ամենևին չպետք է դիտել որպես հուսահատության եզրին գամված վիրավոր գազանի վերջին սխրանք, այլ սեփական ճակատագիրը կերտելու անբեկանելի ժողովրդական վճիռ։ Ծանր, գերծանր վիճակ է բաժին ընկել մեր սերնդին` քանդել 70 տարի մեզ պարտադրված և ստրկության ու չքավորության մատնած բռնատիրական վարչակարգը և վերադառնալ մարդկային հասարակության բնական արժեքներին, թոթափել մեր զարգացումը կաշկանդող բոլոր կապանքները և տեղ զբաղեցնել քաղաքակիրթ ժողովուրդների իրավահավասար ընտանիքում, մեկընդմիշտ ազատվել օտարի խեղիչ լծից և տեր դառնալ ազատության, բարօրության ու երջանկության մեր բնածին իրավունքին, խնդիր, որ ծառացած է նախկին Միության բոլոր ժողովուրդների առջև, սակայն մեզ մոտ անհամեմատ կնճռոտած` աղետի գոտու, գաղթականության և արցախահայության վիճակի առնչությամբ։
Սա ոչ թե հետևանք է մարդկանց ցանկությունների կամ արարքների, ինչպես միամտաբար բացատրում են ոմանք և փոխադարձ կշտամբանքներով փորձում գտնել մեղավորներին, այլ մեր արհեստական հասարակապետության տրամաբանական վախճանը, եթե կուզեք` նախախնամության կամքը։
և նախախնամության տնօրինությամբ մեր սերունդն է կրելու այս ծանր խաչը, իսկ եթե փորձենք խուսափել, մեր սերունդներն ավելի ծանր խաչ են կրելու։
Ես ամենևին ճակատագրապաշտության կոչ չէ, որ անում եմ, քավ լիցի, պարզապես կոչ եմ անում գիտակցել հետագա ուղու անդառնալիությունը և միահամուռ ուժերով լծվել մեր ազատ հայրենիքի շենացման սրբազան գործին։
Թեև մեր գործողությունները մեծապես կախված են զանազան ան կախատեսելի արտաքին հանգամանքներից, այնուամենայնիվ, պատշաճ քաղաքական իմաստության և ճկունության դրսևորման դեպքում, ինչպես ցույց տվեց ավելի քան մեկ տարվա փաստացի անկախության փորձը, մենք ի վիճակի ենք ազդելու իրադարձությունների զարգացման վրա և հանրապետության վերափոխումը տանելու մեր ցանկացած ուղղությամբ։
Իսկ այդ ուղղությունը միակն է`
ԴԵՊԻ ԱՆԿԱԽ, ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԴԵՊԻ ԲԱԶՄԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ԴԵՊԻ ԱԶԱՏ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ։
Այլընտրանք չկա, այլընտրանքը հավասարազոր է կործանման և նորանոր արհավիրքների։ Մենք իրավունք չունենք կորցնելու պատմական այս պատեհությունը և մեզ ու մեր սերունդներին դնելու անելանելի կացության առջև։ Մանավանդ որ հանրապետության ներքին քաղաքական մթնոլորտը միանգամայն բարենպաստ է պետական, հասարակական և տնտեսական կյանքի այդ արմատական վերափոխումն իրագործելու համար։ Ես նկատի ունեմ ժողովրդի դրսևորած աննախադեպ միասնությունն ու համախմբվածությունը անկախության հանրաքվեի և նախագահական ընտրությունների ընթացքում, որ նրա անառարկելի վստահության արտահայտությունն է հանրապետության իշխանությունների որդեգրած քաղաքական ուղեգծի ու թեկուզ սխալաշատ, բայց հետևողական գործելակերպի նկատմամբ։
...
Ավարտելով հանրապետության առջև ծառացած մեր առաջնահերթ խնդիրների թվարկումը, հարկ եմ համարում շեշտել, որ ես միանգամայն հեռու եմ մեր ժողովրդին հրաշքներ խոստանալու անհեթեթ մտքից։ Ես երբևէ սովորություն չեմ ունեցել դատարկ խոստումներ տալ և այսուհետև էլ պատասխանատվության խորին զգացումով կտրականապես հրաժարվում եմ խոստումներից, հրաշքների գուշակումից։ Ես մշտապես ձգտել եմ իմ և ժողովրդի առջև դնել թեկուզ փոքր, բայց միանգամայն իրականանալի խնդիրներ։
Թվարկված դրույթներն, ահա, այդպիսի իրականանալի խնդիրներ են, սակայն իրականանալի միայն տքնաջան աշխատանքի, քաղաքական ուժերի համախմբվածության, ժողովրդի վստահության դեպքում։ Եթե մեկ տարի հետո մեզ հաջողվի իրականացնել նշված ծրագրերի երեք քառորդն անգամ, իսկ ես վստահ եմ, որ նման ունակությունների դրսևորման դեպքում դա անպայման կհաջողվի, ապա մենք հաջորդ ձմեռնամուտը կնշենք անհամեմատ հաստատուն կեցվածքով և լավատեսական տրամադրությամբ։
Հակառակ դեպքում ես պատրաստ եմ մեկ տարի անց հանրաքվեի միջոցով կրկին հայցելու մեր ժողովրդի վստահության քվեն։
Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանն ու ստեղծարար ոգուն, և այդ հավատն է ինձ կորով ու լավատեսություն ներշնչում»։