Եթե գործադիր իշխանությունը գողական է, պառլամենտն էլ ինչ-որ չափով պիտի գողական լինի. Վանո Սիրադեղյան
«Առավոտ» օրաթերթի՝ 1999թ. հունիսի 2-ի համարում հրապարակվել էր Արմեն Զաքարյանի՝ Վանո Սիրադեղյան. «Բնական է, որ խորհրդարանն ընդհանուր գողական երանգ է ստանում» հոդվածը։
Radar Armenia-ն ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ.
«Ըստ էության, մանավանդ մեծամասնական ընտրակարգով, զգալի փոփոխություններ եղան Ազգային ժողովում և խորհրդարանի կազմը բավականին թարմացվել է։ Մեծամասնական ընտրակարգով շատ քչերն են իրենց տեղը պահպանել պառլամենտում։ Նրանց թիվը մեծ չէ և կարող էինք թվարկել, սակայն, քանի որ տվյալ դեպքում գործ ենք ունենալու բացառապես Վանո Սիրադեղյանի հետ, միանգամից սկսենք ընտրված խորհրդարանի վերաբերյալ նրա ունեցած տպավորություններով։ «Առանձնապես սուր զգացողություններ չունեմ»,- այսպես սկսեց ՀՀՇ առաջնորդը և ընդգծեց, որ այսօրվա հետ չկապելով, ուզում է մի դիտարկում ներկայացնել. «Ես զգացել եմ, որ երկրորդ պառլամենտն ավելի վատ էր, քան առաջինը։ Կարծում եմ՝ երրորդն ավելի վատը կլինի՝ քան երկրորդը»։ Իհարկե, գնահատականներ կարող են տրվել բացառապես երեք խորհրդարանների կազմակերպչական, օրենսդրական աշխատանքների արդյունավետության համեմատությամբ, բայց, բոլոր դեպքերում, առաջին պառլամենտում «այնքանով, որքանով հնարավոր է եղել, հավաքվել էր ժողովրդի ծաղիկը՝ մտավորականությունն էր ընդգրկված։ Դա, գուցե թե այդ ժամանակներում բոլոր երկրներին էր հատուկ»։ Այնպես որ, Վանո Սիրադեղյանի գնահատմամբ, աստիճանաբար պակաս մտավորական կդառնա Հայաստանի պառլամենտը։
Ինչ վերաբերում է իր ընտրությանը նախորդած և բուն քվեարկությանը ուղեկցած գործընթացներին, ապա, Վանո Սիրադեղյանի կարծիքով. «Ես չէ, որ պետք է դա գնահատեմ։ Իրականություն է «Առավոտի» և «Օրագրի» գրածը, որ, իրոք, շատ հզոր աշխատել են պետական մարմինները։ Ես չգիտեմ՝ քանի մարմին, բայց, հաստատ է, որ հարյուրավոր մարդիկ գործուղված են եղել Երևանից՝ տարբեր մարմիններից»։ Նա տեսակետ հայտնեց նաև, որ հաշվարկը կատարված է եղել ներհայաստանյան ընտրական միջին ակտիվության վրա. «Եթե Նոյեմբերյանում ընտրություններին մասնակցած լիներ 15 և ոչ թե 20 հազար մարդ, ես, իրոք, չէի դառնա պատգամավոր»։
Անդրադառնալով մեր հաջորդ հարցադրմանը, թե ինչպես է վերաբերվում «Միասնություն» դաշինքի՝ խորհրդարանում, ըստ էության, որոշիչ մեծամասնություն ձեռք բերելու հանգամանքին, որը, սակայն, առանձնապես չի փայլելու ինտելեկտով, Վանո Սիրադեղյանն ասաց. «Ես այդպես չէի գնահատի։ Պատգամավորների գույնով կամ կրթությամբ չէ, որ խորհրդարանը լավը կամ վատն է լինում։ Ես նույնիսկ մտածում եմ՝ ինչ-որ չափով էլ բնական է, որ պառլամենտն ընդհանուր գողական երանգ է ստանում, որովհետև եթե գործադիր իշխանությունը գողական է, պառլամենտն էլ ինչ-որ չափով պիտի գողական լինի, որպեսզի հավասարակշռություն մտնի դրանով»։
ՀՀՇ վարչության նախագահի գնահատմամբ, որևէ մեծամասնության գոյությունը խորհրդարանում միշտ էլ օգտակար է երկրին։ Դա ավելի լավ է, քան (Վանո Սիրադեղյանի խոսքը երկրորդենք նույնությամբ) կարկատաններով պառլամենտը, որը չի կարողանում ապահովել քաղաքական գիծ։ Այդ իմաստով՝ լավ է, որ «Միասնություն» դաշինքը լավ մեծամասնություն ունի. «Պարզ երևում է, որ պառլամենտի ձախացումը ժողովրդի տրամադրությունների արտահայտությունն է»։ Իհարկե, դրական երևույթ չես համարի, որ խորհրդարանում աջ ուժը բացակայում է, բայց, Վանո Սիրադեղյանի գնահատմամբ, պառլամենտում տեղ ստացած ձախ ուժերի մի մասն աջ երանգ ձեռք կբերի, որովհետև միաթև խորհրդարանը չի կարող աշխատել։ «Ձախ են Դեմիրճյանի կողմնակիցները, ձախ է ՀՅԴ-ն, կոմունիստները ձախ են, ՀՀՇ-ի քաղաքական թևի համեմատ՝ ձախ է նաև «Երկրապահը», «Իրավունք և միաբանությունն» էլ է ձախ, «ԱԺՄ»-ն էլ, փաստորեն, իր Արշակ Սադոյանով ու Սեյրանով ձախ է»։
Սակայն, քանի որ շուկայական հարաբերություններ և ոչ թե սոցիալիզմի կառուցում է հռչակված և նախագահն էլ հակված է շուկայական արժեքները դեպի՝ խորհրդարանական ուժերի մի մասը կաջանա։ Ինչ վերաբերում է Կարեն Դեմիրճյանին, ապա. «Կարևոր չէ, ես հույսեր կապում եմ նրա հետ, թե՝ ոչ։ Կարևորն այն է, որ ժողովուրդն է հույսեր կապում Դեմիրճյանի հետ։ Բայց, թե ինչ կկարողանա անել նա, կախված կլինի նրանից, թե անձամբ ինքը որքան ձայների կտիրապետի պառլամենտում, անձամբ ինքը, և ոչ թե «Միասնությունը», կամ՝ ինչ-որ դաշինքների հետ միասին»։ Այդպես, որովհետև Վանո Սիրադեղյանի գնահատմամբ, եթե Դեմիրճյանը ցանկանա որևէ բան անել, պիտի կարողանա գոնե որոշակի պայմաններ թելադրել. «Չեմ կարծում, որ «Միասնությունով» իր համար այդքան հեշտ կլինի որոշակի բաներ փոխել երկրում»։
Ամեն ինչ, ՀՀՇ վարչության նախագահի կարծիքով, կախված կլինի նրանից, թե քանի մարդ խորհրդարանում կլինի Դեմիրճյանի շուրջը, հատկապես, երբ նկատի ենք առնում նաև ներկայիս գործադիր իշխանության մեջ նրա կուսակցության բացակա լինելու հանգամանքը»։