2007թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկարամյա լռությունից հետո առաջին ելույթն ունեցավ ու քննադատեց իշխանություններին՝ ասելով, որ Հայաստանում «գոյություն ունի վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգուկանոնով»:
Այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը շտապել էր արձագանքել քննադատությանը՝ ասելով, որ եթե առաջին նախագահը մտնի քաղաքական պայքարի մեջ, կդառնա շարքային ընդդիմադիր գործիչ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Radar Armenia-ն ներկայացնում է Քոչարյանի՝ 2007թ. սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցի այդ հատվածը։
«Երևի նկատել եք, որ այս տասը տարիների ընթացքում, մոտ տասը տարիների ընթացքում երբեք առաջին նախագահի մասին բան չեմ ասել: Գիտե՞ք ինչու: Համարում եմ, որ առաջին նախագահը խորհրդավորության ինչ-որ հանգամանքներում պետք է լինի մեր պետականության հիմնադրման հետ կապված։
Որոշ խորհրդավորական պահեր պետք է լինեն այստեղ, և այդ պատասխանատվությունը պետք է զգա առաջին հերթին հենց ինքը` առաջին նախագահը: Եթե առաջին նախագահը մտնի քաղաքական պայքարի մեջ, ապա ինքը դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ` այս ամենից բխող բոլոր հետևանքներով: Եվ ստիպված շատ և շատ բաներ հիշեցնելու ենք, թե քանի լուսավորված փողոց է եղել Երևանում օրինակ 96 թվին, և այլն, և այլն:
Հայաստանը այսօր աշխարհի ամենից արագ զարգացող երկրներից մեկն է: Հայաստանում ամենից արդյունավետ բարեփոխումներն են իրականացվում, և եթե Հայաստանը այդ որակումների կոնտեքստում լիներ, ապա մենք երբեք այդպիսի հաջողություններ չէինք ունենա։ Երևի մեկ թիվ բերեմ. միգուցե դա լավագույն ձևով կբնութագրի այս ամենը: Ես վարչապետ եմ դարձել Հայաստանում 1997 թվի մարտ ամսին: Եվ ժառանգել եմ բյուջե 300 միլիոն դոլարի չափով` ծախսային մասով, և մոտ 40 միլիոն դոլարը բյուջեի դեֆիցիտն էր: Հաջորդ տարվա բյուջեն Հայաստանում լինելու է մոտ 2,5 միլիարդ դոլար... Եվ այս հաջողությունները չտեսնել... երևի մարդ պետք է շատ ինքը իրեն ինքնամեկուսացներ, որ ուղղակի չտեսներ այն, ինչ կատարվում է երկրում»:
Հ.Գ. Տարիներ անց Քոչարյանն ինքն է դարձել «շարքային ընդդիմադիր գործիչ», երբ 2021թ. մասնակցեց խորհրդարանական ընտրություններին ու չհաղթեց, ապա՝ պատրաստ է մասնակցել նաև 2026թ. ընտրություններին։