Radar Armenia-ն ներկայացնում էառաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դատի պահանջը, որը հրապարակվել է «Հայք» թերթում, 1992 թվականի հուլիսի 1-ին։
Հայկական հեռուստատեսությամբ հուլիսի 29-ի իր ելույթում ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ Հայաստանի և Արցախի քաղաքական իրավիճակին։ Ներկայացնելով միջկուսակցական պայքարի հետևանքով ստեղծված բարդություննները, որոնք սպառնում են խարխլել նորաստեղծ պետության հիմքերը, նախագահը մանրակրկիտ վերլուծության ենթարկեց ընդդիմության գործելակերպի շարժառիթները։ Նշեց, որ դրանք ուղղված են հանրապետությունում իրավիճակի ապակայունացմանը, ընդ որում, ընդդիմության հիմնական խաղաքարտն Արցախն է։ Այժմ լուրջ սպառնալիք է ստեղծվում Ադրբեջանի հետ ռազմական խոշոր առճակատման, որը կարող է անուղղելի վնաս հասցնել հանրապետությանը։
Անդրադառնալով ԼՂՀ իշխանությունների վարած քաղաքականությանը, ՀՀ նախագահն ասաց, որ այն թելադրվում է ՀՀԴ Աթենքի բյուրոյի, մասնավորապես, Հրայր Մարուխյանի կողմից։ ՀՀԴ-ն ազդեցության իր միջոցներն ունի, որոնցով փորձում է նաև քաղաքականություն պարտադրել Հայաստանի իշխանություններին։ Ֆինանսական լծակով, մասնավորապես, Աթենքի բյուրոն ազդում է Հայաստանի հասարակական կարծիքի վրա։ Բյուրոն օգտվում է այն հանգամանքից, որ Հայաստանը չի կարող չօգնել Արցախին։ Այն նաև, մի կողմից, պարտադրում է ԼՂ իշխանություններին՝ չմասնակցել Հռոմի և, ապա, Մինսկի խաղաղության գործընթացին, իսկ մյուս կողմից՝ ՀՀ ԳԽ որոշումների միջոցով փորձում սահմանափակել Հայաստանի ընտրյալ իշխանությունների գործելու հնարավորությունները։ Հայաստանի արդարադատության նախարարությունն ու ՀՀ դատախազությունը կուսակցությունների աշխատանքը բացարձակապես չեն վերահսկել։ ՀՀԴ-ն Հայաստանում ղեկավարվում է Աթենքի բյուրոյի կողմից, ֆինանսավորվում է դրսից. սրանք փաստեր են, որոնք հակասում են հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին օրենքին։ ՀՀԴ-ն Հայաստանում ունի զինված ջոկատներ, երիտասարդական կազմակերպություններ, հիմնարկ-ձեռնարկություններում սկզբնական բջիջներ և օղակներ, մինչդեռ ամենն արգելվում է օրենքով։
Մարուխյանի գործունեությունն, ի վերջո, ուղղված է նաև դաշնակցական կուսակցության քայքայմանը։
Նախագահը փաստեր վկայակոչելուց հետո ներկայացրեց մի շարք մեղադրանքներ՝ համագործակցություն ՊԱԿ-ի հետ, ՀՀԴ-ի կառույցների քայքայում, Հայաստանի ներքաշում պատերազմի մեջ՝ այդկերպ Հայաստանի իշխանությանը տիրելու ձգտում։ Լևոն Տեր-Պետրոսյանն այնուհետև ասաց. «Եթե իմ հաստատումը ՊԱԿ-ի և Մուրուխյանի համագործակցության մասին չի համապատասխանում իրականությանը, նա կարող է ինձ դատի տալ, և ես պատրաստ եմ դատարանում ապացուցել իմ յուրաքանչյուր խոսքը՝ համապատասխան փաստաթղթերով։ Եթե Մարուխյանն ինձ դատի չտա, ուրեմն ողջ ասվածը իրականություն է»։
Հ.Գ ՀՀ նախագահի՝ «Պարտավորեցնել Հունական Հանրապետության քաղաքացի Հրայր Մարուխյանին 48 ժամվա ընթացքում թողնել ՀՀ-ի տարածքը» հրամանագիրը գործողության մեջ մտնելուց առաջ, «Երկիր» թերթի՝ «Ես նախագահից պահանջում եմ» հրապարակման մեջ Մարուխյանի խոսքը ավելի շատ նման է մերկապարանոց հայտարարության, քան՝ հիմնավոր հերքումի։ Ամենաուշագրավն այն է, որ ՀՀ նախագահի մեղադրանքները թեև վերաբերում են 88-ից ՀԵՏՈ ընկած ժամանակահատվածին, Մարուխյանը դրանք «հերքում է»՝ վկայակոչելով 88-ից ԱՌԱՋՎԱ դեպքերի։
...Մեր թղթակցի հարցին, թե պատրաստվու՞մ է դատարան հրավիրել նախագահին, Մարուխյանը, մասնավորապես, պատասխանեց. «Իր ամբողջ հայտարարությունն անճիշտ է՝ կամ գիտակցաբար, կամ իրեն թյուրիմացության մեջ են գցել ուրիշները... Միջազգային օրենսգետների խորհրդով պիտի վարվեմ այնպես, ինչպես հնարավոր է... Թողենք՝ ինձ դատի տա, էն ժամանակ էթանք, տեսնենք՝ ինչ կլինի»։
