Radar Armenia-ն ներկայացնում է ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանի հարցազրույցը ՀՀՇ «Հայք» պաշտոնաթերթին, որը հրապարակվել է 1992թ. հուլիսի 29-ին։
-Ձեր քաղաքական հայացքները։
-Քաղաքական հայացքներս արտահայտված են ՀՀՇ ծրագրում։ Փորձեմ կարճ ձևակերպել. Հայաստանի կայացումը, ստեղծումը մի պետության, որն ունի իր լիարժեք և կայուն տեղը միջազգային հանրության մեջ։ Ես այս նպատակին հասնելու էվոլյուցիոն ճանապարհի կողմնակից եմ։
-Ի՞նչ կոնկրետ բնագավառների համար եք պատասխանատվություն կրում․ եղե՞լ են դեպքեր, որ Ձեր փոխարեն մեղադրվեն ուրիշները կամ հակառակը։
-Իբրև ԳԽ նախագահ՝ առաջին հերթին պատասխանատվություն եմ կրում ԳԽ արդյունավետ աշխատանքի համար։ Իսկ որպես ազգային անվտանգության խորհրդի անդամ՝ պատասխանատու եմ նաև ընդհանուր քաղաքական գծի մշակման համար։ Ե՛վ ԳԽ, և՛ անվտանգության խորհուրդը կոլեկտիվ մարմիններ են, բայց դա չի նշանակում, որ բացառվում է անձնական պատասխանատվության հանգամանքը։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ոչ ուզում եմ արդարանալ, ոչ էլ փնտրել քավության նոխազ։ Բայց այս հարցի ճիշտ պատասխանը կտա ժամանակը, և չպետք է տուրք տալ այսօրվա հապճեպ գնահատականներին։ Թե՛ ԳԽ-ն, թե՛ կառավարությունը, ելնելով ներկա իրավիճակից, երբեմն ընդունում են ինչ-ինչ որոշումներ՝ հիանալի հասկանալով, որ դրանք առանձնապես արդյունավետ չեն հիմա՝ հարթելու համար սոցիալական դժգոհությունները։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ դա ճիշտ ձև չէ։ Պետք է ավելի վճռական լինել և ընդունել ոչ պոպուլիստական որոշումներ։ Դա կարող է այսօր մեզ համար հեղինակազրկման պատճառ դառնալ, բայց եթե մենք վախենանք հեղինակազրկվելուց, ապա ճգնաժամն ավելի հավանական է։ Պետք է վճռական լինել։ Իշխանությունները հավերժական չեն, կարևորը ճիշտ քայլեր անելն է՝ առանց մտածելու իշխանություն կորցնելու հնարավորության մասին։
-Ո՞րն եք համարում վերջին շրջանում Ձեր ամենանկատելի հաջողությունը և ամենախոշոր վրիպումը։
-Առաջին հերթին պետք է նշել Հայաստանի կայունության պահպանումը։ Հանրապետության յուրաքանչյուր ղեկավար, այդ թվում՝ ես, անմասն չենք այդ գործում։ Այնուհետև՝ խորհրդարանի աշխատանքի արդյունավետության բարձրացումը։ Ինչ վերաբերում է վրիպումներին... կուսակցությունների, խմբակցությունների հետ տարվող աշխատանքի անբավարարվածությունը։ Փորձը ցույց է տալիս, որ եթե այդպիսի աշխատանք տարվում է, ապա շատ սուր անկյուններ հնարավոր է լինում հարթել:
-Երևելի պաշտոնյաների մեջ ազգականներ ունե՞ք, եթե այո՝, ովքե՞ր են։ Ձեր պաշտոնավարության ընթացքում հովանավորե՞լ եք որևէ մեկին պաշտոն ստանալու համար։
-Երևելի պաշտոնյաների մեջ ոչ մի ազգական չունեմ, իսկ մտերիմներ շատ ունեմ։ Ցանկացած պաշտոնյայի նշանակելիս կարծիքներ են արտահայտվում, որովհետև պարզ է, որ այդ մարդը պետք է բնութագրվի, և դու էլ այնուհետև պատասխանատվություն ես կրում այս կամ այն նշանակման դեպքում։ «Ղարաբաղ» կոմիտեի շատ անդամներ զբաղեցնում են բարձր պաշտոններ, պաշտոնյաներ են նաև իմ համալսարանական գործընկերներից ոմանք, և ես դա բնական եմ համարում։ Հարցն այն է՝ այդ բնութագրերը տրվում են անաչա՞ռ, թե՞ միայն բարեկամության սկզբունքով։
-Շփման ի՞նչ առիթներ կամ առնչության եզրեր եք ունեցել ՊԱԿ-ի հետ։
-ՊԱԿ-ի հետ շփվելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել իմ կյանքի տարբեր շրջաններում՝ 1965 թվականից սկսած, դեռ Մոսկվայում, ապա՝ Երևանում։ Բավականաչափ հետաքրքրություն եմ ներկայացրել։ Մեր հարաբերություններն ավելի «ջերմ» են եղել հատկապես 1988-ից հետո․ հաճախ հրավիրվում էի ՊԱԿ կամ սրճարան՝ զրույցի։ Հատկապես հետաքրքրությունն ուժեղացավ 1988 թ. նոյեմբերի 7-ից հետո։
-Ի՞նչ արտոնություններից եք օգտվում։
-Օգտվում եմ ինձ, իբրև ԳԽ նախագահի, տրված արտոնությունների միայն մի մասից։
-Ձեր կարծիքով որքանո՞վ եք համապատասխանում Ձեր զբաղեցրած պայմաններին։
-Չեմ կարծում, թե որպես ԳԽ նախագահ լավագույնն եմ, բայց պետք է աշխատեմ։ Կարծում եմ, երբ խորհրդարանը գտնի ավելի լավ թեկնածու, ինքը կկարողանա կողմնորոշվել։
