Ռետրո

Ամենամեծ վրիպումը Շուշիի գրավման համընկնումն էր Թեհրանի հանդիպմանը. Լևոն Տեր-Պետրոսյան

Ամենամեծ վրիպումը Շուշիի գրավման համընկնումն էր Թեհրանի հանդիպմանը. Լևոն Տեր-Պետրոսյան

Radar Armenia-ն ներկայացնում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ՀՀՇ «Հայք» պաշտոնաթերթին, որը հրապարակվել է 1992թ. հուլիսի 29-ին։

-Ձեր քաղաքական հայացքները։

-Դրանք հայտնի են այս տարվա իմ գործունեության, ելույթների, գործողությունների միջոցով։ Ավելի լավ ներկայացնեմ իմ համոզմունքները. ազգային պետական շահերի գերակայություն քաղաքականության մեջ, լիակատար ժողովրդավարություն և օրինականություն։

-Ի՞նչ կոնկրետ բնագավառների համար եք պատասխանատվություն կրում, եղե՞լ են դեպքեր, որ Ձեր փոխարեն մեղադրվեն ուրիշները, կամ՝ հակառակը։

-Գործունեությանս զգալի մասը ուղղված է ԼՂ-ի խնդրի կարգավորմանը և Հայաստանի արտաքին քաղաքականությանը, և դա բնական է։ Մեր պետականության կայացման շրջանն է, և Հայաստանը իր տեղը պետք է գտնի համաշխարհային քաղաքականության, տնտեսության մեջ։ Անցման այս շրջանում հանրապետության նախագահի հիմնական գործը սա եմ համարում։  Ես երբեք պատասխանատվությունից չեմ խուսափել և պատրաստ եմ լսել ցանկացած մեղադրանք։ Երբեք թույլ չեմ տվել, որ իմ փոխարեն մեղադրվի որևէ մեկը։ Ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլև՝ կյանքում։ Երբեմն-երբեմն ընդդիմության ամբողջ պայքարն ուղղվում էր իմ անձի դեմ։ Երբեմն էլ, տակտիկական նկատառումներով, ընդդիմությունն օգտագործում է այլ մեթոդներ. սկսում են առանձին-առանձին վարկաբեկել և հարվածել իմ շրջապատին։ Ես սա ընդունում եմ ոչ թե որպես իմ գործընկերների դեմ ուղղված գործունեություն, այլ, վերջին հաշվով, իմ դեմ։ Ես պատրաստ եմ նրանց ուղղված բոլոր մեղադրանքներն ինձ հասցեագրել։

-Ո՞րն եք համարում վերջին շրջանում Ձեր ամենանկատելի հաջողությունը և ամենախոշոր վրիպումը։

-Ամենանկատելի հաջողությունը ես համարում եմ Հայաստանի ներքին կայունությունը, որն առայժմ մեր միակ առավելությունն է մեր հարևան հանրապետությունների նկատմամբ։ Իսկ ամենամեծ վրիպումը, ըստ երևույթին, Շուշիի գրավման համընկնումն էր Թեհրանի հանդիպմանը։

-Երևելի պաշտոնյաների մեջ ազգականներ ունե՞ք, եթե այո, ովքե՞ր են։ Ձեր պաշտոնավարության ընթացքում հովանավորե՞լ եք որևէ մեկին՝ պաշտոն ստանալու համար։

 -Ոչ, պաշտոնյաների մեջ ազգականներ չունեմ, որևէ ազգականիս ես պաշտոնի չեմ նշանակել։ Եղբայրս Հայաստանի ամենամեծ գործարաններից մեկի գլխավոր տնօրենն է, բայց նա նշանակվել է մեր՝ իշխանության գալուց առաջ։

-Շփման ի՞նչ առիթներ կամ առնչության եզրեր եք ունեցել ՊԱԿ-ի հետ։

-Վաթսունական թվականների կեսերին ես գտնվում էի ՊԱԿ-ի ուշադրության ոլորտում՝ ուսանողական շարժումներին մասնակցելու համար։ Բացի այդ, ես միշտ եղել եմ, ինչպես ասում են, «невыездной»։ Դա արդեն ցույց է տալիս, թե ինչպիսի վերաբերմունք է ունեցել ՊԱԿ-ը իմ նկատմամբ։

-Ի՞նչ արտոնություններից եք օգտվում։

-Ես օգտվում եմ, եթե կարելի է արտոնություն համարել, օրենքով Հայաստանի նախագահին տված կենսապայմաններից։

-Ձեր կարծիքով՝ որքանո՞վ եք համապատասխանում Ձեր զբաղեցրած պայմաններին։

-Այս հարցին, ինձ թվում է, պետք է ժողովուրդը պատասխանի։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական