Radar Armenia-ն ներկայացնում է «Հայք» թերթում ԳԽ արտահերթ եռօրյա նստաշրջանի մասին հրապարակումը։ Այն լույս է տեսել «Հայքի» 1992թ. հունիսի 24-ի համարում։
Հունիսի 22-ին ԳԽ արտահերթ եռօրյա նստաշրջանի հրավիրումը պայմանավորված էր Շահումյանի անկումով, Ղարաբաղում թշնամու լայնածավալ հարձակմամբ, Հայաստանի սահմանամերձ շրջաններին թշնամու կողմից սպառնացող վտանգով։ Նախքան նիստի հիմնական հարցեր քննարկումը, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությամբ խորհրդարանը հաստատեց Մեղրու և Կապանի շրջաններում արտակարգ դրություն մտցնելու մասին նախագահի հրամանը։ Արտահերթ նստաշրջանը հրավիրվել էր հիմնականում ԼՂ հարցի շուրջ լուրջ քաղաքական քննարկում անցկացնելու նպատակով։
«Ինչու՞ ծագեց ԼՂ-ի հարցի քննարկման անհրաժեշտությունը, – իր ելույթում ասաց ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը,- դա բացատրվում է մեր կրած վերջին անհաջողությամբ, որը, բնականորեն, բորբոքել է կրքեր, առաջացրել անվստահության ինչ-որ պահ։ Բացի այդ, նաև՝ խուճապի ինչ-որ երանգներ։ Իհարկե, կարելի է գնալ անհրաժեշտ ճանապարհով՝ անմիջապես փորձել փնտրել մեղավորներ, մեղքը բարդել այս կամ այն անձի վրա, մոռանալով ամենահիմնականը։ Իսկ հիմնականը այն է, որ պատերազմի ժամանակ կարող են լինել և՛ հաջողություններ, և՛ անհաջողություններ։ Երբ հաջողություններ էին, չգիտես ինչու, Ղարաբաղի հարցի քաղաքական լուծման խնդիրը լուծման առարկա չէր։ Ոչ ոք մյուսի վրա մեղք չէր բարդում, այլ հակառակը՝ բոլորը ձգտում էին հաջողությունները վերագրել իրենց։ Իսկ անհաջողությունների դեպքերում փորձում են այն բարդել ուրիշների վրա»։
Նախագահը ներկաներին հիասթափեցրեց՝ ասելով, որ ոչ մի նորություն չի ասելու, որ հարցը բազմիցս քննարկվել է փակ նիստերում (իհարկե, դա չի խանգարել, որ հենց հաջորդ օրը ընդդիմության մամուլում բացվեն բոլոր փակ դռները)։ Նա նշեց, որ ավելի նպատակահարմար է, որ նիստը բաց լինի և ժողովրդին ճշմարտությունն ասվի։ Վերլուծելով ստեղծված իրավիճակը, նախագահը անհաջողությունների համար նշեց երեք պատճառ. «...Եթե մենք չհաղթահարենք այս պատճառները, չվերացնենք այս ցավալի երևույթները, ես ձեզ վստահեցնում եմ, որ ԼՂ-ի հարցը կդառնա Հայաստանում և Ղարաբաղում միջկուսակցական պայքարի խաղաքարտ։ ... Եթե այս խաղաքարտը չհանվի մեր կուսակցությունների՝ իշխանության համար պայքարից, նորից եմ կրկնում, անհաջողությունները մշտապես կուղեկցեն մեզ»։
Երկրորդ պատճառը, ըստ նախագահի, այն է, որ վերջին 3-4 ամիսներին Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները քաղաքական ասպարեզում գործում են չհամաձայնեցված։ Նա նշեց, որ նման երևույթ չի նկատվել Արցախում ազգային-ազատագրական պայքարի սկսվելուց ի վեր՝ վերջին չորս տարվա ընթացքում։
Անհաջողությունների երրորդ պատճառը նա ձևակերպել է հետևյալ կերպ. « Երրորդ պատճառն այն է, որ ԼՂ-ի իշխանությունները, ոգևորված իրենց ռազմական հաջողություններից, ամենևին չմտածեցին՝ իրենց ռազմական հաջողությունները զուգակցել քաղաքական, դիվանագիտական քայլերով, որն աններելի է»։
Վերջին օրերին շատ է խոսվել Արցախի՝ Հռոմի խաղաղության կոնֆերանսի նախապատրաստական փուլին չմասնակցելու մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանը, հանգամանորեն խոսելով Հռոմ գնալու անհրաժեշտության և դրանց հրաժարվելու հետևանքների մասին, նշեց, որ այդ քայլը արցախցիների կողմից քաղաքական անհեռատեսություն է։
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, ի պատասխան ՀՀ նախագահի դիտարկումների, իր Հռոմ չմեկնելը հիմնավորեց նրանով, որ ինքը պաշտոնական հրավեր՝ գրավոր փաստաթուղթ, չի ստացել այնտեղից։ Ներկաների համար այդպես էլ մութ մնաց ՀՀ նախագահի նշած Հռոմ հրավիրող երեք նամակների գոյության առեղծվածը, որոնց գրավոր գոյությունը ժխտվեց Գ. Պետրոսյանի կողմից։
Նա նշեց, որ Արցախի Գերագույն խորհրդի նախագահությունը դեմ է եղել (5 դեմ, 4 կողմ) իր Հռոմ մեկնելուն։ Ու նաև զարմացավ, որ Հայաստանի նախագահը թույլ է տալիս, որ իրեն ոչ ճիշտ տեղեկություններ հաղորդեն Արցախի ԳԽ որոշումների մասին, որ Արցախից ապակողմնորոշող լուրեր են հասնում նախագահին և իշխանություններին (հետաքրքիր է՝ Արցախից Հայաստան լուրերը հասնում են խեղաթյուրված, իսկ հենց նույն օրը՝ դեռ նիստը չավարտված, Մոսկվայի «Վեստի» լրատվական ծրագիրը հասցրեց, որ արտահերթ նստաշրջանում Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության ներկայացուցիչները պահանջում էին իշխանությունների հրաժարականը։ Ինչպիսի՚ օպերատիվություն ՀՅԴ կողմից, որի ներկայացուցիչը՝ Գ. Պետրոսյանը, Արցախից չի կարողանում պաշտոնապես ապահովել ճշմարիտ լուրերի առաքումը Հայաստան, այն էլ՝ մի քանի օրվա ընթացքում)։
Ներկաների համար անսպասելի ու խորհրդավոր էր Գեորգի Պետրոսյանի եզրափակիչ խոսքը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին և ներկաներին. «Թե՛ Ղարաբաղի, թե՛ ինձ համար չափազանց կարևոր է այն միտքը, որ, այո՛, մենք Հայաստանի փոքր եղբայրն ենք, որ մենք շատ արագ մեծանում ենք։ Խնդրում եմ՝ դա հաշվի առեք։ Կմեծանանք ոչ թե այն պատճառով, որ մենք այդքան խելացի ենք, այլև՝ որովհետև դա կյանքն է թելադրում։ Եվ դա բոլորը պիտի հասկանան այստեղ»։ Վերջում ընկեր Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները պետք է համաձայնեցված քաղաքականություն վարեն, և եթե անհաջողության արմատներն այդտեղ են, ապա իրենց կողմից ոչ մի խոչընդոտ չի լինի։
Հետո, իհարկե, խոսքը տրվեց խորհրդարանական պատգամավորական խմբերի, կուսակցական ֆրակցիաների ներկայացուցիչներին, անկախ պատգամավորների։ Ու սկսվեց... միամիտ չլինեք կարծել, թե ելույթ ունեցողները մեկը մյուսի ետևից ներկայացրին Արցախը փրկելու, Շահումյանի կորցրած հայկական գյուղերը ետ բերելու, Հայաստանի սահմանամերձ շրջաններն ամրապնդելու, միջկուսակցական պայքարը վերացնելու կամ թուլացնելու, միասնական գործելու (պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում) առաջարկություններով։ Այդպիսի բան չեղավ։ Եթե ի մի բերենք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների և որոշ անկախ պատգամավորների առաջարկները, ապա կարելի է դրանք բնորոշել այսպես. ճանաչել Արցախի անկախությունը, Արցախի հետ կնքել տնտեսական և ռազմական դաշինք, Արցախը ընդունել Ադրբեջանի կազմից դուրս, սակայն այս բոլորն ընդունելու համար... պահանջում էին Հայաստանի կառավարության և ՀՀ նախագահի հրաժարականը։ Ի՜նչ միասնություն, ի՜նչ Արցախ ու Շահումյան փրկել, ի՜նչ սահմանամերձ տարածքների հոգսեր։
Նստաշրջանին մասնակցողների, մեկ էլ ժողովրդի համար անհայտ մնաց, թե կառավարության ու իշխանությունների հրաժարականից հետո հատկապես ո՞ր կուսակցության ներկայացուցիչները պետք է զբաղեցնեն թափուր աթոռները և ու՞մ ընտրությամբ... Իսկ Արցախի, Շահումյանի հայաթափ գյուղերի, սահմանամերձ շրջանների հարցը մնաց օդում կախված։
