Ռետրո

Այսօր 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է

Այսօր 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցը։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում։

Պատերազմի առաջին ժամերից կիրառվեցին ծանր հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ավիացիա։ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Քառասունչորս օր շարունակ ընթանում էին ծանր մարտեր։ Երեք անգամ փորձ արվեց դադարեցնել պատերազմը, սակայն ապարդյուն․ պայմանավորվածությունները չէին պահպանվում, և ադրբեջանական զինված ուժերը շարունակում էին գրոհները։

Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ էր վերցրել Ղարաբաղը՝ հասնելով մինչև Շուշի։ Միայն նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, ռազմական գործողությունները դադարեցվեցին, իսկ ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախումբ տեղակայվեց։

Պատերազմի հետևանքով հայկական կողմը կորցրեց 3830 կյանք, որոնցից 3752-ը զինծառայողներ էին, 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Շարունակում է անհայտ մնալ 195 մարդու ճակատագիրը, այդ թվում՝ 175 զինծառայողի և 20 քաղաքացիականի։ Ադրբեջանի պաշտոնական տվյալներով՝ իրենք տվել են ավելի քան 2900 զոհ և ունեն 6 անհայտ կորած։

Սեպտեմբերի 27-ը դարձավ նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի սկիզբը։

44-օրյա պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն պահպանվեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը հարձակում գործեց արդեն ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Արցախի բնակչության հեռանալուց հետո Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական