Այսօր լրանում է իրանա-իրաքյան պատերազմի՝ 20-րդ դարի ամենաերկարատև և կործանարար զինված հակամարտություններից մեկի 45-ամյակը։ Պատերազմը շարունակվեց ութ տարի՝ 1980-88թթ., խլեց հարյուր հազարավոր կյանքեր և խոր հետքեր թողեց ոչ միայն երկու երկրների, այլև՝ ողջ Մերձավոր Արևելքի վրա։
1980 թվականի սեպտեմբերի 22-ին Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի հրամանով Իրաքի բանակը ներխուժեց Իրան։ Նպատակը Խուզեստանի՝ նավթով հարուստ նահանգի գրավումն էր և վերահսկողության հաստատումը ռազմավարական Շաթ ալ-Արաբ գետի նկատմամբ։ Իրանը, որն այդ ժամանակ դեռ վերակազմավորվում էր 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո, հայտնվեց ծանր դրության մեջ, իսկ Բաղդադը հույս ուներ հասնել արագ հաղթանակի։
Պատերազմի պատճառները բազմաշերտ էին․
Տարածքային վեճեր. Սադամ Հուսեյնը չեղարկեց 1975-ի Ալժիրի համաձայնագիրը, որով կարգավորվել էր Շաթթ ալ-Արաբի վերահսկողության հարցը։
Քաղաքական և գաղափարական հակասություններ. Իրանի իսլամական հեղափոխությունը սպառնում էր Իրաքի բաասական ռեժիմին։ Այաթոլլա Խոմեյնին կոչ էր անում Իրաքի շիա մեծամասնությանը՝ դուրս գալ Սադամի իշխանության դեմ։
Տնտեսական շահեր. Խուզեստանի նավթային պաշարները և Պարսից ծոցով նավթի արտահանման ուղիները կենսական նշանակություն ունեին երկու երկրների համար։
Արտաքին միջամտություն. արաբական երկրները և Արևմուտքը սատարում էին Իրաքին, մինչդեռ ՍՍՀՄ-ը տարբեր փուլերում զինամթերք էր մատակարարում երկու կողմին էլ։
Պատերազմի առաջին փուլում (1980-1982թթ.) Իրաքը գրավեց Իրանի մի շարք տարածքներ, սակայն 1982-ին Իրանը հակահարվածով վերագրավեց կորցրած շրջանները, այդ թվում՝ Խորամշահրը։
1983-1986թթ. հակամարտությունը վերածվեց դիրքային մարտերի. կիրառվեց քիմիական զենք, իսկ ծովում սկսվեց «տանկերային պատերազմը», որն ուղղված էր նավթային հաղորդուղիների խափանմանը։
Վերջին փուլում (1987-1988թթ.) Իրաքն, ստանալով արտաքին ռազմական աջակցություն, վերսկսեց հարձակումները, իսկ տնտեսական և ռազմական առումով ուժասպառ Իրանը համաձայնեց խաղաղ բանակցությունների։
1987թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց 598 բանաձևը, որով կողմերին կոչ էր արվում դադարեցնել ռազմական գործողությունները և զորքերը վերադարձնել միջազգային սահմաններ։ Սկզբում Թեհրանը և Բաղդադը մերժեցին առաջարկը, սակայն 1988թ. հուլիսի 18-ին Իրանը հայտարարեց, որ ընդունում է բանաձևը։ Իրաքն էլ համաձայնեց։
1988թ. օգոստոսի 20-ին ուժի մեջ մտավ հրադադարը, և ութամյա պատերազմը դադարեց։ Քաղաքական կարգավորումը երկարատև էր. միայն 1990 թվականին Սադամ Հուսեյնը հայտարարեց, որ ընդունում է Ալժիրի 1975թ. համաձայնագիրը, որով Շաթթ ալ-Արաբի հարցը լուծվում էր ի օգուտ Իրանի։
Պատերազմի արդյունքներից Իրանում ամրապնդվեց իսլամական ռեժիմը, իսկ Իրաքում Սադամի իշխանությունը ժամանակավորապես ուժեղացավ, սակայն հետագայում թուլացավ տնտեսական ճգնաժամի և միջազգային մեկուսացման հետևանքով։ Մերձավոր Արևելքում պատերազմը խորացրեց անկայունությունը և մեծացրեց ԱՄՆ-ի ու այլ տերությունների ներգրավվածությունը տարածաշրջանում։