Radar Armenia-ն ներկայացնում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հայտարարությունը, որը հրապարակվել է 1992թ. հունվարին՝ «Հայաստան Հանրապետություն» օրաթերթում։
«Ս.թ. հունվարի 1-ին և 2-ին Վրաստանի Հանրապետության հակամարտ կողմերը՝ պաշտոնական իշխանությունները և ընդդիմության ղեկավարները, դիմել էին ՀՀ կառավարությանը հաշտարար միջնորդի դեր ստանձնելու խնդրանքով։ Հայաստանի կառավարությունը, ընդառաջելով այդ դիմումներին և եղբայրական Վրաստանում զինված հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու մտահոգությամբ, կազմեց մի պատվիրակություն, որը հունվարի 2-3-ին Թբիլիսիում հանդիպումներ ունեցավ կողմերի ղեկավարության հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին կրակի դադարեցման, հետագա արյունահեղությունը կանխելու հարցերը։ Շոշափվել է նաև նախագահ Գամսախուրդիային և նրանց ուղեկցող անձանց հեռանալ Վրաստանից և Ադրբեջանի տարածքով անցնել Հայաստան։ Հաջորդ օրը ստացվեց Թ.Սիգուայի հեռագիրը, որով Հայաստանի կառավարությանը տեղյակ էր պահվում, որ Վրաստանի կառավարությունը չի առարկում Զվիադ Գամսախուրդիային և նրա ընտանիքին Հայաստանում ապաստան տալուն։ Ինչ վերաբերում է նրան ուղեկցող ավելի քան 100 զինված անձանց, Վրաստան վերադառնալու դեպքում խոստանում են նրանց լիակատար ներում շնորհել։
Հունվարի 9-ին Զվիադ Գամսախուրդիան պաշտոնապես դիմեց ՀՀ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին՝ խնդրելով ժամանակավոր քաղաքական ապաստան տրամադրել իրեն, իր ընտանիքին և անձնական թիկնապահներին։ Մեկ օր անց պատասխան նամակում Լ.Տեր-Պետրոսյանը հաղորդել է Գամսախուրդիային և նրա ընտանիքին Հայաստանում ժամանակավոր ապաստան տալու որոշումը։ Առաջարկել է նաև, որ զինված անձինք զենքն ու զինամթերքը արձանագրությամբ հանձնեն Հայաստանի իշխանություններին՝ դրանք Վրաստանի օրինական իշխանություններին վերադարձնելու նպատակով։ Միաժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պ-ն Գամսախուրդիայի կողմից Հայաստանի տարածքը չպետք է օգտագործվի քաղաքական գործունեություն ծավալելու նպատակով»։
Հայաստանի կառավարությունը, հարգելով ինքնիշխան Վրաստանի ներքին գերծերին չմիջամտելու սկզբունքը, շահագրգռված է եղբայրական Վրաստանում քաղաքական իրադրության շուտափույթ կայունացմամբ և խաղաղության հաստատմամբ։ Միաժամանակ կոչ ենք անում զանգվածային լրատվության բոլոր միջոցներին, Հայաստանի տարածքում Զվիադ Գամսախուրդիայի ժամանակավոր գտնվելուն առնչվող իրադարձությունները լուսաբանել օբյեկտիվորեն և դրսևորել հավասարակշռված մոտեցում։
Համոզված ենք, որ Հայաստանի իշխանությունների մարդասիրական ջանքերն ըստ արժանվույն կգնահատվեն վրաց ժողովրդի կողմից և կնպաստեն հայ-վրացական դարավոր բարեկամական կապերի ամրապնդմանը»։
