Ռետրո

«Սառը» խաղաղություն

«Սառը» խաղաղություն

47 տարի առաջ այս օրը՝ 1978 թվականի սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ում 12 օր տևած փակ բանակցություններից հետո Եգիպտոսի և Իսրայելի միջև ստորագրվեցին Քեմփ Դեյվիդի համաձայնագրերը, որոնք և հիմք դարձան խաղաղության պայմանագրի համար։

Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը և Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգինը, ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի անմիջական միջնորդությամբ, փորձեցին վերջ դնել տասնամյակներ տևած պատերազմին և խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ Քեմփ Դեյվիդի նախագահական նստավայրում ստորագրելով այդ համաձայնագրերը։

Մինչ այդ, Եգիպտոսը և Իսրայելը երեք խոշոր պատերազմ էին վարել՝ Առաջին արաբ-իսրայելյան պատերազմը (1948), Վեցօրյա պատերազմը (1967), որի ընթացքում Իսրայելը գրավեց Սինայի թերակղզին, և Յոմ Կիպուրի պատերազմը (1973), որը հենց Անվար Սադաթի նախաձեռնությամբ սկսվեց։

1973-ին սանձազերծված պատերազմում Եգիպտոսը սկզբում հասավ անակնկալ հաջողության՝ անցնելով Սուեզի ջրանցքը, սակայն Իսրայելը արագ հակահարված տվեց ու շրջապատեց եգիպտական ուժերին։ Սակայն այդ պատերազմն ավարտվեց առանց կողմերից որևէ մեկի հաղթանակի։ Այն բերեց մարդկային և տնտեսական մեծ կորուստների, Եգիպտոսի տնտեսությունը հայտնվեց գրեթե կոլափսի եզրին։ Այս իրավիճակում Սադաթը գիտակցեց, որ նոր պատերազմը միայն կործանման կհանգեցնի։

Անվար Սադաթը գիտակցում էր, որ Եգիպտոսի գլխավոր ռազմավարական նպատակը՝ Սինայի թերակղզիի վերադարձը, հնարավոր է իրականացնել միայն դիվանագիտական ճանապարհով։ Նա ցանկանում էր դադարեցնել երկարամյա ռազմական հակամարտությունը, վերականգնել տնտեսությունը և համագործակցության ուղիներ բացել Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Արևմուտքի հետ՝ ապահովելով ֆինանսական և ռազմական աջակցություն։ Խաղաղության միջոցով Սադաթը նաև ձգտում էր վերականգնել Եգիպտոսի առաջատար դերը արաբական աշխարհում և մտնել պատմության մեջ որպես առաջնորդ, որը կարողացավ վերադարձնել կորցրած հողերն ու վերջ դնել տասնամյակներ տևած պատերազմի սպառնալիքին։

Եգիպտոսի ու Իսրայելի միջև բանակցությունները սկսվեցին 1978 թվականի սեպտեմբերի 5-ից և ավարտվեցին սեպտեմբերի 17-ին։ Համաձայնագրերը, որոնք ստորագրվեցին սեպտեմբերի 17-ին, բաղկացած էին երկու առանձին փաստաթղթերից՝

• «Խաղաղության շրջանակային համաձայնագիր Մերձավոր Արևելքի համար»։ Այս փաստաթուղթը նախատեսում էր փուլային կարգավորումներ Արևմտյան ափում և Գազայի հատվածում՝ ստեղծելով պաղեստինյան ինքնավարություն հինգ տարվա անցումային ժամանակաշրջանում, որից հետո պետք է որոշվեր նրանց վերջնական կարգավիճակը։

• «Խաղաղության շրջանակ Եգիպտոսի և Իսրայելի միջև»։ Այս համաձայնագրով Իսրայելը պարտավորվում էր դուրս բերել իր զորքերը Սինայի թերակղզուց, որը գրավվել էր 1967 թվականի վեցօրյա պատերազմի ընթացքում, իսկ Եգիպտոսը պարտավորվում էր ճանաչել Իսրայելի պետական ինքնիշխանությունը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ։

Այս համաձայնագրերով առաջին անգամ Իսրայելը և արաբական երկիր՝ Եգիպտոսը, հայտնեցին խաղաղության և փոխադարձ ճանաչման պատրաստակամություն։ 1979 թվականի մարտի 26-ին Վաշինգտոնում ստորագրվեց Եգիպտոս-Իսրայել խաղաղության պայմանագիրը՝ Քեմփ Դեյվիդի համաձայնագրերի հիման վրա։ Եգիպտոսը դարձավ առաջին արաբական երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Իսրայելը։

Սակայն արաբական աշխարհում արձագանքը կտրուկ էր, բացասական։ Արաբական լիգան Եգիպտոսին հեռացրեց իր կազմից, և Կահիրեն ժամանակավորապես կորցրեց կազմակերպության կենտրոնական կարգավիճակը։ Մի շարք արաբական երկրներ խզեցին Եգիպտոսի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ մեղադրելով Սադաթին «արաբական գործի դավաճանության» մեջ։

Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունը ողջունեց այս քայլը՝ համարելով այն խաղաղության ճանապարհ բացող պատմական իրադարձություն։

Եգիպտոսի նախագահն ու Իսրայելի վարչապետը 1978 թվականին խաղաղության ջանքերի համար արժանացան Նոբելյան խաղաղության մրցանակի։

Այնուամենայնիվ, Սադաթի որդեգրած քաղաքականությունը Եգիպտոսում մեծ հակազդեցության արժանացավ։ 1981 թվականի հոկտեմբերի 6-ին Սադաթը սպանվեց Կահիրեում ռազմական շքերթի ժամանակ՝ իսլամիստ ծայրահեղականների կողմից, որոնք ընդդիմանում էին Իսրայելի հետ խաղաղությանը։ Իսրայելի վարչապետ Բեգինը շարունակեց ղեկավարել Իսրայելը մինչև 1983 թվականը, երբ առողջական և անձնական պատճառներով հրաժարական տվեց և հեռացավ քաղաքականությունից։ Մենախեմ Բեգինը մահացավ 1992 թվականին։

Քեմփ Դեյվիդի համաձայնագրերը պատմական նշանակություն ունեն որպես Մերձավոր Արևելքում խաղաղության առաջին գործնական և հաջողված փորձ։ Դրանք կանխեցին Եգիպտոսի և Իսրայելի միջև նոր պատերազմները և ցույց տվեցին, որ անգամ ամենախոր հակամարտությունները կարող են լուծվել քաղաքական կամքի և բանակցությունների միջոցով։

1979 թվականի խաղաղության պայմանագրից ի վեր Եգիպտոսի և Իսրայելի միջև երբեք չի եղել որևէ պատերազմ կամ ռազմական բախում։ Սա Իսրայելի կնքած ամենաերկարակյաց խաղաղության պայմանագիրն է արաբական երկրի հետ։

Այնուամենայնիվ, խաղաղությունը եղել է «սառը խաղաղություն»՝ առանց սերտ քաղաքական կամ մշակութային կապերի։ Նրանց հարաբերությունները հաճախ ուղեկցվել են լարվածություններով։  Ամենամեծ լարվածությունը եղել է 1982 թվականի Լիբանանի պատերազմի ժամանակ, երբ Իսրայելի՝ Լիբանան ներխուժումից հետո Եգիպտոսը ժամանակավորապես ետ կանչեց իր դեսպանին Թել Ավիվից՝ բողոքելով ռազմական գործողությունների դեմ։ Սակայն դիվանագիտական հարաբերությունները չեն ընդհատվել և հետագայում վերականգնվել են։

«25 տարի տևած հակամարտությունից հետո Անվար Սադաթը Մերձավոր Արևելքում խաղաղության տեսլական բերեց՝ կիրառելով «գերազանցության ռազմավարություն»»,- իր գրքում գրում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, որ ժամանակին մեծ դերակատարություն է ունեցել այդ գործընթացի կազմակերպման հարցերում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական