Ռետրո

Ամերիկացիները չեն կարող թույլ տալ, որ երկարատև ողբերգությունը շարունակի պառակտել երկիրը. Ֆորդ

Ամերիկացիները չեն կարող թույլ տալ, որ երկարատև ողբերգությունը շարունակի պառակտել երկիրը. Ֆորդ

51 տարի առաջ այս օրը՝ 1974 թվականի սեպտեմբերի 8-ին, ԱՄՆ նախագահ Ջերալդ Ռ. Ֆորդը «լիակատար, անվերապահ և բացարձակ ներում» շնորհեց իր նախորդին՝ Ռիչարդ Նիքսոնին։ Ներումը վերաբերում էր նրա նախագահության ընթացքում գործած բոլոր հանցագործություններին։

Նիքսոնը հրաժարական էր տվել մեկ ամիս առաջ՝ Ուոթերգեյթյան սկանդալի պատճառով։ 1972 թվականին բացահայտվել էր, որ նրա նախընտրական շտաբի հետ կապված անձինք ներխուժել էին Վաշինգտոնի «Ուոթերգեյթ» համալիրում գտնվող Դեմոկրատական կուսակցության գրասենյակ՝ փաստաթղթեր հափշտակելու և գաղտնալսման սարքեր տեղադրելու նպատակով։ Հետաքննությունը ցույց տվեց, որ նախագահը փորձել էր կոծկել իր վարչակազմի գործողությունները։

Իմպիչմենտի գործընթացից խուսափելու համար Նիքսոնը 1974 թ․ օգոստոսի 9-ին հրաժարական տվեց՝ դառնալով ԱՄՆ պատմության առաջին և միակ նախագահը, որն ինքնակամ լքեց պաշտոնը։

Ֆորդը, որը պաշտոնը ստանձնել էր մեկ ամիս առաջ, հայտարարեց, որ Նիքսոնին ներում է շնորհում ազգային միասնականությունը վերականգնելու և երկրի ապաքինման համար։ «Ամերիկացիները չեն կարող թույլ տալ, որ այս երկարատև ողբերգությունը շարունակի պառակտել երկիրը»,- հայտարարել էր Ֆորդը։

Սակայն այս քայլը մեծ վեճեր առաջացրեց։ Հասարակության զգալի մասը համոզված էր, որ Նիքսոնը խուսափեց արդարադատությունից։ Քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ՝ հենց այս որոշումն էր, որ լրջորեն վնասեց Ֆորդի հեղինակությանը և նպաստեց նրա պարտությանը 1976 թվականի ընտրություններում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական