Ռետրո

Մի քիչ սովոր չեմ զգացմունքներ արտահայտել. Քոչարյանը՝ 1998 թվականին

Մի քիչ սովոր չեմ զգացմունքներ արտահայտել. Քոչարյանը՝ 1998 թվականին

Radar Armenia-ն ներկայացնում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ կատարած այցից հետո: Այն հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթի 1998 թվականի փետրվարի 24-ի համարում։

Երեկ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ կատարած այցելությունից հետն կարճատև հանդիպում ունեցավ մի շարք աշխատողների հետ: Ջերմ ու մտերմիկ հանդիպման ընթացքում վարչապետը, պատասխանելով աշխատողների բազմաթիվ հարցերին, հատկապես շեշտեց Հայաստանում արդյունաբերության զարգացման հնարավորությունների առկայությունը, ասելով, որ այդ բնագավառի վերջին 6-7 ամսվա ցուցանիշներն այդ մասին համոզիչ խոսելու հնարավորություն են տալիս: Հայաստանում 7-8 ամսվա ընթացքում ստեղծված 20.000 աշխատատեղերը նա դեռևս բավարար չհամարեց, նշելով, որ Հայաստանի պես երկրում առնվազն պիտի ավելացվի 200.000 աշխատատեղ, որպեսզի բնակչությունն ինչ-որ չափով փոփոխություն զգա:

Լրագրողների հետ կարճատև հանդիպման ընթացքում հարցին թե որն է լինելու արցախյան շարժման հաջորդ փուլը, վարչապետը պատասխանեց.

-Արցախյան շարժման հաջորդ փուլը ուժեղ, հզոր Հայաստանի կառուցումն է: Այսօր և ինձ և արցախցիների համար արցախյան հարցի լուծման ամենալավ երաշխիքը Հայաստանի տնտեսական զարգացումն է, որ իրականացվելու է տարածաշրջանում տնտեսական մրցակցության միջոցով: Ես իմ ամբողջ հնարավորությունները պիտի ներդնեմ տնտեսական աճի և զարգացման համար:

-Դուք առաջադրվել եք Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու: Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի զարգացման ապագան, և, եթե կարելի է, շատ համառոտ ներկայացրեք Ձեր ծրագրի առաջնային ուղղությունները:

-Ես այսօր այստեղ եկել եմ իբրև վարչապետ, և սա նախընտրական արշավի այն փուլը չի, որ ես պետք է հանդես գամ նախընտրական ծրագրերով։ Այդ պատճառով, չխախտելով օրենքը, այդ հարցին չեմ կարող պատասխանել։

-Այսօր արցախյան շարժման տասնամյակի օրն է, ի՞նչ զգացողություն ունեք:

-Մի քիչ սովոր չեմ զգացմունքներ արտահայտել։

-Դուք զգացմունքայի՞ն չեք։

-Ներքուստ՝ այո...

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական