Radar Armenia-ն ներկայացնում է այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մեկնաբանությունները 1998թ. նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ։ Հոդվածը հրապարակվել է «Ազգ» օրաթերթի 1998թ. մարտի 26-ի համարում։
Հնարավոր չէ, որ նախագահ ընտրվելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը որևէ ճնշման տակ նույնպիսի պարտվողական քաղաքականություն վարի, ինչպես վարում էր Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահության վերջին տարում. այսպիսի համոզմունք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը՝ մարտի 25-ին Երևանի պետական բժշկական համալսարանում ուսանողության հետ հանդիպման ժամանակ: Նա միաժամանակ ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը պատերազմի կողմնակից չէ, այլ արժանապատիվ խաղաղության ու հստակ փոխզիջումների:
Նախագահ ընտրվելու դեպքում, Վազգեն Սարգսյանի խոսքերով, Ռոբերտ Քոչարյանը կդավանի հետևյալ հավատամքը՝ քաղաքական բոլոր միջոցներով խուսափել պատերազմից, սակայն բոլոր այլ միջոցներով պատրաստ լինել պատերազմի: ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը խոսքի և գործի միասնության մարդ է. «Ղարաբաղում և Հայաստանում Ռ. Քոչարյանի աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ նա ի զորու է լուծելու նաև երկրի առջև ծառացած տնտեսական խնդիրները», -ասաց նա՝ շեշտելով, որ անձամբ իր համար ցանկալի է ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած երկու թեկնածուների համագործակցությունը:
Պրն Սարգսյանը հայտարարեց, որ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Կարեն Դեմիրճյանը «բարոյական իրավունք չունի» նախագահ դառնալ. «Եթե Ռոբերտ Քոչարյանը հայ ժողովրդի պայքարի հավատավոր առաջամարտիկ է եղել, հստակ տիրապետում է պատերազմի և խաղաղության ռազմավարությանը, փոխզիջումների հնարավոր տարբերակներին, ապա Կարեն Դեմիրճյանը այս ամենի մասին պատկերացում իսկ չունի»:
Ընտրությունների առաջին փուլը, պաշտպանության նախարարի կարծիքով, չի կարելի համեմատել նախորդ որևէ ընտրության հետ, և եթե ընտրությունների մասին օբյեկտիվ քննադատություն է հնչում, «չպետք է չափն անցնել»: Ըստ Վազգեն Սարգսյանի՝ 1998թ. մարտի 16-ին հայ ժողովուրդը ընտրություն կատարեց խորը գիտակցությամբ և ակտիվությամբ։ Նշելով, որ արտասահմանյան դիտորդներ հրավիրելով՝ Հայաստանը պատրաստվում է հաշվի նստել նրանց կարծիքի հետ, Վազգեն Սարգսյանը ընդգծեց, որ դիտորդների մեջ և հարակից շրջանակներում կլինեին սուբյեկտիվ կարծիքներ, որոնք կփորձեն սև բիծ թողնել ընտրությունների վրա. «Հայաստանում նորմալ ընտրություններ անցկացնելու դեպքում արտասահմանյան որևէ կարծիք, միջամտություն երկրորդական է»:
Ընդգծելով անձնական ամբիցիաները պետական շահերից վեր դասելու ողջ վնասակարությունը՝ պրն. Սարգսյանը հրեշավոր համարեց Հայաստանի և ներկա ընտրությունների վարկաբեկմանն ուղղված որոշ թեկնածուների ջանքերը. «Ինքնամերժումից պետք է կարողանանք դուրս գալ»,– ասաց նա:
Վազգեն Սարգսյանը լուրջ բարոյական և քաղաքական քայլ համարեց Ազգային ժողովրդավարական միության որոշումը, որով Վազգեն Մանուկյանը էլեկտորատին կոչ է անում ընտրություն կատարել՝ համաձայն սեփական խղճի: Նախարարը համոզմունք հայտնեց, որ Վ. Մանուկյանի՝ հիմնականում ազգայնական մտավորականությունից բաղկացած էլեկտորատի մեծամասնությունն իր ձայնը կտա Ռոբերտ Քոչարյանին: