Ռետրո

Շատ կուզեի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մնար նախագահ. Վազգեն Սարգսյան

Շատ կուզեի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մնար նախագահ. Վազգեն Սարգսյան

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հարցազրույց էր տվել, որ հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 1998թ․ փետրվարի 5-ի համարում։ Radar Armenia-ն ներկայացնում է այդ հարցազրույցը։

Երեկ ԱԺ նիստի ավարտից հետո լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին դիմեցին վերջին օրերի քաղաքական իրադարձություններին վերաբերող մի քանի հարցով:

-Այս հրաժարականները քաոսի, անիշխանության նախանիշ չե՞ն:

-Ոչ, դուք դրանում կհամոզվեք առաջիկա մի շաբաթվա ընթացքում:

-Տեսակետ է պտտվում, թե Հայաստանում ռազմական դիկտատուրա կհաստատվի: Ի՞նչ կասեք այս մասին:

-Բացառվում է, այդպիսի բան չի լինի:

-Բայց ուժային նախարարները երբեք առանձնակի ժողովրդավարությամբ աչքի չեն ընկել: Դա բացառվելո՞ւ է:

-Յուրաքանչյուր նախարար, ամեն ինչից բացի, ունի իր նախարարությունից բխող իմիջը: Բայց կարծում եմ՝ գոնե պաշտպանության նախարարությունում մենք ամեն բան արել ենք ժողովրդավարություն ապահովելու համար:

-Իսկ Դուք համաձա՞յն եք, որ «ուժայինների» ճնշման տակ է նախագահը հրաժարական տվել:

-Նախագահը այդպիսի բան չի ասել:

-Այդ դեպքում «իշխանական մարմիններ» ասելով ի՞նչ է ենթադրվում:

-Կարելի է ենթադրել, որ դա հատկապես մեր մասին է, բայց ես պիտի ասեմ, որ ճնշում չի եղել:  Մեզ առաջարկված է եղել երկու տարբերակ, մենք նախընտրելի ենք համարել երկրորդը: Դա, թերևս, նախագահին պետք է հարցնել: Նախագահն ասաց, և կարծում եմ, որ նա, վերջին հաշվով, կարող է այդպես ընկալել:

-Հնարավո՞ր է՝ Դուք նախագահական ընտրություններին Ձեր թեկնածությունը առաջադրեք:

-Ոչ։

-Պարոն Սարգսյան, այս օրերին «Երկրապահի» շարքերն անցան բազմաթիվ պատգամավորներ, ովքեր, այսպես ասած, ձգտում են ծանր նժարի կողմը...

–Նախ, գնահատականներին ամբողջապես համաձայն չեմ, որովհետև մարդկանց մեծ մասը անցավ «Երկրապահի» շարքերն այն ժամանակ, երբ դեռ կասկածելի իրավիճակ էր, այդ իմաստով և ոչ ոք չգիտեր, թե, այսպես ասած, որ կողմն է հաղթելու։ 

Մարդիկ ուղղակի մի խմբից մյուսն անցան զուտ գաղափարական դրդապատճառներով։ Ես դրանում համոզված եմ:

-Իսկ ի՞նչ երաշխիք, որ հակառակ կողմի ուժեղանալու դեպքում այդ նույն մարդիկ չեն լքի Ձեզ:

-Դա ինձ առանձնապես չի հուզում, որովհետև այս խումբը ոչ թե հավաքվել է իմ, այլ՝ «Երկրապահի», դրա գաղափարի շուրջ: Ես չեմ բացառում, որ այդ խումբը ընդամենը 1-2 ամսվա ընթացքում կարող է տարրալուծվել տարբեր խմբերի։ Այդ խումբը երկար պահելու նպատակ մենք չունենք։

–Այսօր ՀՀՇ-ն հրաժարվել է իշխանությունից, և երկիրն անցավ վարչապետական իշխանության...

-Վարչապետական իշխանությունը ընդամենը 40 օրով է լինելու, քանի որ այդ ընթացքում Հայաստանում կընտրվի նախագահ` իր քաղաքական գծով, թերևս իր կուսակցությամբ, իր գաղափարախոսությամբ։

-Պարոն Սարգսյան, լուրեր են պտտվում իբր Դուք առաջարկում եք Գագիկ Հարությունյանի թեկնածությունը։

-Ես ինձ իրավունք չեմ վերապահում որևէ մեկի թեկնածությունը առաջարկել։

-Պարոն Սարգսյան, Դուք ասացիք, որ պարտադրված հրաժարականի պահանջ չի եղել նախագահին, իսկ նախագահին ետ բերելու փորձ արվե՞լ է։

–Ես նախագահի ելույթի մասին տեղյակ եմ եղել ելույթից 15 րոպե առաջ։

-Անսպասելի՞ էր։

-Ինձ համար՝ այո։ Ես երկու-երեք ամիս անընդհատ աշխատել եմ, որ գտնվեն միջանկյալ համաձայնության եզրեր։ Իմ առաջադրած միակ տարբերակը եղել է Արցախի հարցում ետքայլ անելը, գոնե՝ իրավիճակը ակտիվ սառեցնելու համար։ Ես ուրիշ ցանկություն, խնդիր չեմ ունեցել։

–Այնուամենայնիվ, այս ամենը ինչպե՞ս կանդրադառնա բանակցային գործընթացի վրա։

-Բարենպաստ։

–Դուք առաջինն էիք, որ պաշտպանեցիք Ռոբերտ Քոչարյանի տեսակետը։

–Դա Ռոբերտ Քոչարյանի տեսակետը չէ։ Դա բոլորիս տեսակետն է՝ մարդկանց մեծ խմբի։ Դա գաղափարախոսության պաշտպանություն է։

-Ձեր կարծիքով՝ ներքաղաքական ինչպիսի՞ փոփոխություններ կլինեն Ղարաբաղի հարցում։

-Դժվար է որևէ բան ասել, բայց համոզված եմ, որ բանակցություններում մենք դիրքի էական փոփոխություն կունենանք։ Ավելի կոնստրուկտիվ դիրքորոշում կլինի։

-Բանակցություններ՝ առանց նախապայմանների՞։

-Դժվարանում եմ ասել։

-Պարոն Սարգսյան, հնարավո՞ր եք համարում ռազմական գործողությունների վերսկսումը։

-Առաջիկա երկու տարվա ընթացքում դա անհնար է։ Մեր բանակի ուժը այսօր անհամեմատելի է ադրբեջանական բանակի ուժի հետ՝ հօգուտ մեզ։ Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան մենք։ Ուղղակի ես կարծում եմ, որ խաղաղության լավագույն ձևը միշտ պատերազմին պատրաստ լինելն է։

-Ի՞նչ կասեիք առաջիկա ընտրությունների մասին, փորձ կարվի՞ ազգային համաձայնության մեխանիզմներ ստեղծել։

-Միանշանակ, պետք է լինեն բացարձակ մաքուր ընտրություններ։ Ես կուզենայի, որ այն թեկնածուները, որ առաջադրվելու են, ստորագրեն մի համաձայնագիր, որ ընտրությունները տանեն ոչ թե ազգային պառակտման, այլ՝ միասնության ուղիով։ Համոզված եմ, որ այս ընտրությունները ազգային միասնություն են բերելու։

-Այսօր որակվեց, որ իշխանությունների փոփոխությունը «թավշյա հեղափոխություն» է...

-Դա սխալ բնորոշում է։ Իրականում Հայաստանում տեղի է ունեցել սահմանադրական ճանապարհով նախագահի հրաժարական, և սպասվում են նոր ընտրություններ։ Ինձ համար դա տխուր, բայց և օրինաչափ է։

-Պարոն Սարգսյան, այսօր խոսվում է, որ հաջորդ նախագահը լինելու է Անգլիայի թագուհու կարգավիճակով։ Ենթադրվում է, որ ուժայինները անձամբ չեն գլխավորի իշխանությունը, ուրեմն պիտի նախագահի աթոռին լինի մեկը, որը կլինի ուժայինների կամակատարը։

-Անհեթեթ է։ Ուժային նախարարները որևէ առիթ չեն տվել՝ նման կարծիք ձևավորելու։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր հակասությունները այդքան խորը չէին, և ուժային բնույթի չէին, այլ՝ գաղափարական։ Նույն հաջողությամբ կարող էի ես այսօր չլինել ասպարեզում։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ աշխատանքից ազատեր, ես խաղաղ գնալու էի։

 - Բայց Դուք հայտարարել էիք, որ հրաժարական չեք տա։

-Իհարկե, չեմ տա, բայց ինձ կարող են աշխատանքից ազատել։ Ես հրաժարական չեմ տա երբեք:

-Այդ դեպքում մի հարց ևս։ Դուք ասել էիք, որ հրաժարական չեք տա, Արկադի Ղուկասյանը հայտարարել էր, որ վարչապետը հրաժարական չպիտի տա, և այս դեպքում տրամաբանական չէ՞, որ նախագահի հրաժարականը իրոք պարտադրված էր, որովհետև ներքին ճնշում կար նախագահի վրա։

-Ինձ վրա էլ բազմաթիվ ներքին ճնշումներ եղել են, բայց հրաժարական չեմ տվել։

-Պարոն Սարգսյան, այս ամենից հետո Ձեզ հաղթող զգում ե՞ք։

-Ոչ։ Որովհետև ես շատ կուզեի, որ և Լևոն Տեր Պետրոսյանը մնար նախագահ, Ռոբերտ Քոչարյանը լիներ վարչապետ, ես լինեի պաշտպանության նախարար, և մենք մինչև հաջորդ ընտրությունները միասին աշխատեինք, լուծեինք մեր առջև ծառացած խնդիրները։ Ինձ համար չափազանց ցավալի է այս լուծումը, բայց կրկնում եմ` օրինաչափ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական