Ռետրո

Ես երազանք ունեմ. մենք ազատ ենք վերջապես. Մարտին Լյութեր Քինգ

Ես երազանք ունեմ. մենք ազատ ենք վերջապես. Մարտին Լյութեր Քինգ

62 տարի առաջ այս օրը՝ 1963 թվականի օգոստոսի 28-ին, Վաշինգտոնում կայացած երթի ժամանակ Լինկոլնի հուշահամալիրի մոտ Մարտին Լյութեր Քինգ կրտսերը հանդես եկավ ճառով, որը կոչվեց «Ես երազանք ունեմ»։ Այդ ճառով նա ցույց է տվել ապագայի մասին իր պատկերացումները, որտեղ սևամորթներն ու սպիտակամորթները կարող են հավասար ապրել։

Այս ելույթը մինչև հիմա համարվում է հռետորական արվեստի գլուխգործոցներից մեկը։

1964թ. Մարտին Լյութեր Քինգն արժանացել է Նոբելյան մրցանակի խաղաղության բնագավառում ոչ բռնի դիմադրութան մեթոդներով ռասայական հավասարություն հաստատելու իր սկզբունքների համար։

Radar Armenia-ն ներկայացնում է նրա՝ համաշխարհային հռչակ վայելող այդ ելույթից հատվածներ։

«Հինգ տասնամյակ առաջ մեծ ամերիկացին, որի խորհրդանշական ստվերի տակ մենք այսօր հավաքվել ենք, ստորագրեց սևամորթերի ազատագրման Հայտարարությունը: Այդ կարևոր հրամանը դարձավ հույսի լույսի հզորագույն փարոս միլիոնավոր սև ստրուկների համար` այրված անարդարության մոխրացնող կրակով: Այն դարձավ գերեվարման երկարատև գիշերը ավարտող ուրախալի առավոտ:

Բայց հարյուր տարվա ընթացքում մենք ստիպված ենք ընդունել այն ողբերգական փաստը, որ սևամորթը դեռ ազատ չէ: Հարյուր տարի անց սևամորթի կյանքը, ցավոք սրտի, նախկինի պես խեղվում է խտրարարության շղթաներով և խտրականության կապանքներով: Հարյուր տարի անց սևամորթը ապրում է աղքատության անապատային կղզում նյութական բարգավաճման հսկայական օվկիանոսի մեջ: Հարյուր տարի անց սևամորթը նախկինի պես տառապում է ամերիկյան հասարակության խուլ տեղերում և աքսորի մեջ է հայտնվում իր -սեփական երկրում: Ահա և այսօր մենք եկանք այստեղ, որպեսզի ընդգծենք արտասաբեր իրադրության դրամատիզմը:

Եվ սկսելով շարժումը` մենք պետք է երդվենք, որ գնալու ենք առաջ: Մենք չենք կարող ետ թեքվել: Կան այնպիսիք, որոնք հարցնում են նրանց, ովքեր նվիրված են քաղաքացիական իրավունքների պաշտպանության գործին. «Ե՞րբ եք դուք հանգստանալու»: Մենք երբեք չենք հանգստանա մինչև երկարատև ճանապարհորդությունից առաջացած հոգնածությունից ծանրացած մեր մարմինները չեն կարողանա գիշերատեղի գտնել ճանապարհամերձ մոթելներում և քաղաքային հյուրանոցներում: Մենք չենք հանգստանա, քանի դեռ սևամորթի տեղաշարժման հիմնական տեսակը մնում է փոխադրումը փոքր գետտոյից դեպի մեծ գետտո: Մենք չենք հանգստանա, քանի դեռ Միսսիսիպիում սևամորթը չի կարողանա քվեարկել, իսկ Նյու-Յորքում սևամորթը կկարծի, որ ինքը չգիտի ինչի համար քվեարկել: Չկա’, մեզ համար չկա հանգստանալու պատճառ և մենք երբեք չենք հանգստանա, քանի դեռ արդարությունը չի սկսի ջրերի նման տարածվել, իսկ առաքինությունը չի նմանվի հսկայական ալիքի:

Ես այսօր ձեզ ասում եմ, իմ ընկերներ, որ չնայած դժվարություններին և հիասթափություններին, ես երազանք ունեմ: Այդ երազանքը խորը արմատավորվել է ամերիկյան երազանքում:

Ես երազանք ունեմ, որ կգա օրը, որ մեր ազգը ոտքի կկանգնի և կապրի մինչև իր նշանաբանի իրական իմաստը. «Մեզ համար ակնհայտ է, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար»:

Ես երազանք ունեմ, որ Ջորջիայի կարմիր բլուրների վրա կգա մի օր, երբ նախկին ստրուկների որդիները և նախկին ստրկատերերի որդիները կկարողանան միասին նստել եղբայրության սեղանի շուրջը:

Ես երազանք ունեմ, որ կգա օրը, որ նույնիսկ Միսսիսիպի նահանգը` անապատային նահանգը, ուժասպառ եղած անարդարության և կեղեքման շիկացումից, կվերածվի արդարության և ազատության օազիսի:

Ես երազանք ունեմ, որ կգա օրը, երբ իմ չորս երեխաները կապրեն մի երկրում, որտեղ նրանց մասին կդատեն ոչ թե ըստ նրանց մաշկի գույնի, այլ ըստ նրա, թե ինչ են իրենք իրենցից ներկայացնում:

Ես երազանք ունեմ այսօր:

Ես երազանք ունեմ, որ կգա օրը, երբ Ալաբամա նահանգում, որի նահանգապետը այժմ հայտարարում է նահանգի ներքին գործերին միջամտելու և Կոնգրեսի ընդունած օրենքների գործողությունների չճանաչման մասին, կստեղծվի իրավիճակ, որտեղ փոքր սև տղաները և աղջիկները կկարողանան ձեռք ձեռքի բռնել փոքր սպիտակ աղջիների և տղաների հետ և միասին գնալ` նման քույրերի և եղբայրների:

Ես երազանք ունեմ այսօր:

Ես երազանք ունեմ, որ կգա օրը, երբ բոլոր ցածրադաշտերը կբարձրանան, բոլոր բլուրները և լեռները կիջնեն, անհավասար տեղանքները կվերածվեն հարթավայրերի, կորացած տեղանքները կդռանան ուղիղ, Աստծո մեծությունը մեր առջև կկանգնի և բոլոր մահկանացուները միասին դրանում կհամոզվեն:

Այդպիսին է մեր հույսը: Դա հավատ է, որով ես վերադառնում եմ Հարավ: Այդ հավատով մենք կկարողանանք հուսահատության լեռից հատել հույսի քարը: Այդ հավատով մենք կարող ենք մեր ժողովրդի աններդաշնակ ձայները վերածել եղբայրության հիանալի սիմֆոնիայի: Այդ հավատով մենք կարող ենք միասին աշխատել, միասին աղոթել, միասին պայքարել, միասին գնալ բանտեր, միասին պաշտպանել ազատությունը` իմանալով, որ մի օր մենք ազատ կլինենք:

Դա կլինի մի օր, եր Աստծո բոլոր զավակները կկարողանան երգել` այդ բառերի մեջ դնելով նոր իմաստ. «Երկիր իմ, դա Ես եմ քեզ, ազատության քաղցր երկիր, դա ես եմ քեզ գովերգում: Երկիր, որտեղ մահացել են իմ հայրերը, ուխտավորների հպարտության երկիր, թող ազատությունը զրնգա բոլոր լեռնային լանջերից»:

Եվ եթե Ամերիկային նախանշված է մեծ երկիր դառնալ, ապա դա պետք է տեղի ունենա:

Յուրաքանչյուր լեռնային լանջից թող զրնգա ազատությունը:

Երբ մենք թույլ տանք ազատությանը զրնգալ, երբ մենք նրան թույլ տանք զրնգալ յուրաքանչյուր գյուղից և յուրաքանչյուր գյուղակից, յուրաքանչյուր նահանգից և յուրաքանչյուր քաղաքից, մենք կկարողանաք արագացնել այն ժամի մոտենալը, երբ Աստծո բոլոր զավակները` սևեր և սպիտակներ, հրեաներ և հեթանոսներ, բողոքականներ և կաթոլիկներ, կկարողանան իրար ձեռք բռնել և երգել հին սևամորթական հոգևոր օրհներգի բառերը. «Ազատ ենք վերջապես: Ազատ ենք վերջապես: Շնորհակալություն ամենակարող Աստծուն, մենք ազատ ենք վերջապես»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական