Ռետրո

Առաջին անգամ միջազգային փաստաթղթում ամրագրել ենք դրույթ, որ ԼՂ-ն պետք է հանդես գա որպես մասնակից կողմ. Փափազյան

Radar Armenia-ն ներկայացնում է ՀՀ  նախագահի խորհրդական Վահան Փափազյանի հարցազրույցը ԼՂ խնդրի վերաբերյալ Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունների վերաբերյալ։ Հարցազրույցը հրապարկվել է  1992թ. մարտի 21-ին՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում։ Այն ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

Նախ նշեմ, թե ինչ ենթատեքստում էր տեղի ունենում հանդիպումը: Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը արդեն կնքել են միջպետական համաձայնագրեր, փաստաթղթեր են ստորագրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև դեսպանատների բացման մասին: Հայաստանի իշխանությունների գնահատմամբ, Իրանի հետ Հայաստանը հարաբերությունների զարգացման լայն հեռանկարներ ունի, և, բնականաբար, Իրանի միջնորդությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում մենք շատ բարձր և դրական ենք գնահատում։ Ասեմ նաև, որ բանակցությունների ընթացքում առավել ևս համոզվեցինք, որ Իրանը առանց ետին մտքերի է մտել այս խնդրի մեջ։ Այսինքն, լրջորեն մտահոգված է իրեն սահմանակից պետություններում տիրող լարված իրավիճակով և ձգտում ստեղծել այնպիսի պայմաններ, որ խաղաղություն հաստատվի իր սահմաններին կից, քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:

Իրանի՝ Ղարաբաղի խնդրում միջնորդ դեր ստանձնելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս Իրանի արտաքին գործոց նախարար Ալի Աքբար Վելայաթիի՝ Երևան, ինչպես նաև Բաքու կատարած այցի ժամանակ։ Այլ խնդիր է, որ այն ժամանակ կոնկրետ չէր որոշվել, թե երբ, որտեղ և ինչ պայմաններում պետք է հանդիպեն 3 պետությունների ներկայացուցիչները: 

Հանդիպման մասին իրանական կողմը մեզ տեղյակ պահեց այն ժամանակ, երբ ադրբեջանական պատվիրակությունը արդեն Թեհրանում էր, և խնդրեց շտապ պատվիրակություն ուղարկել նաև Հայաստանից՝ բանակցություններ վարելու նպատակով: Չնայած այն բանին, որ դեռ պրն Վելայաթիի այցի ժամանակ բազմիցս շեշտվել էր, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը պայմանավորված է առաջին հերթին Ղարաբաղի իշխանությունների ներկայությամբ և անմիջական մասնակցությամբ այդ բանակցություններին, մենք, այնուամենայնիվ, հարմար գտանք մասնակցել այդ նախնական քննարկումներին, որպեսզի կողմերը իրենց դիրքորոշումները ավելի հստակեցնեն: Մեզ հետ Թեհրան մեկնեցին նաև տնտեսական բնագավառի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ուղղակի բանակցություններ վարեցին և հարաբերություններ հաստատեցին Իրանի համապատասխան պաշտոնյաների հետ՝ կապված առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հետ, և որքան ինձ հայտնի է (գուցե այդ մասին առաջիկայում կպատմեն մեր պատվիրակության անդամները), բավական հիմնավոր փաստաթղթեր են ստորգրված հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ:

-Այդ մասին, ի դեպ, նշեց նաև Իրանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Վայեզին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ, մասնավորապես շեշտելով, որ բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացրել էր հայկական պատվիրակությունը, ընդունվել են Իրանի կողմից:

-Ես հենց դա էլ նկատի ունեմ: Հիմա՝ ուղղակի Ղարաբաղի հիմնահարցի մասին: Թեհրանում ստորագրվել է մի փաստաթուղթ, որը, սակայն, իրավաբանական ուժ չունի, այսինքն, սա ավելի շուտ մտադրությունների մի նախագիծ է, որը անվանված է «համաձայնագիր Իրանի միջնորդության մասին»: Ստորագրվել է 3 պետությունների կողմից: Իրանի կողմից ստորագրել է արտաքին գործոց նախարար Ալի Աքբար Վելայաթին, Հայաստանի կողմից՝ արտգործնախարարի տեղակալ Ա. Նավասարդյանը, Ադրբեջանի կողմից՝ արտգործնախարարի տեղակալ Ա. Սալամովը: Ի՞նչ բովանդակություն ունի այս փաստաթուղթը: Սկզբից ևեթ ասեմ, որ սա հրապարակման ենթակա փաստաթուղթ չէ, քանի որ աշխատանքային տարբերակ է, որի հիման վրա էլ հետագայում պետք է ստեղծվի մի հիմնարար փաստաթուղթ:

Այս փաստաթղթում խոսվում է այն մասին որ 3 կողմերը խիստ մտահոգ են Ղարաբաղում ստեղծված իրավիճակով և գտնում են, որ անհրաժեշտ է, որպեսզի խաղաղություն և համաձայնություն վերջապես տիրի այս տարածաշրջանում: Ամենակարևոր կետը, որ ես գնահատում եմ այս փաստաթղթում, այն է, որ կողմերը ցանկություն են հայտնում անել ամեն հնարավորը, որ Ղարաբաղում հաստատվի զինադադար, և առաջարկության բնույթն այնպիսին է, որ այդ զինադադարը հաստատվի մարտի 21-ից: Հաջորդ կետում նշվում է, որ բոլոր կողմերը համաձայն են ստեղծել զինադադարի հսկման և իրականացման մի մեխանիզմ՝ Իրանի միջնորդությամբ և ԼՂՀ Գերագույն խորհրդի և կառավարության մասնակցությամբ:

-Այսինքն, ամրագրվում է այն դրույթը, որ Ղարաբաղը տվյալ դեպքում ինքնուրույն քաղաքական միավոր է:

- Այո: Փաստորեն, առաջին անգամ օտար պետությունների հետ հարաբերություններում մենք ամրագրում ենք մի դրույթ, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը պետք է հանդես գա որպես մասնակից կողմ։ Որքան ես տեղյակ եմ, հավանաբար վաղը կամ մյուս օրը այդ մասին հրապարակումներ կլինեն: Իրանի արտգործնախարարի տեղակալ Վաեզին, գտնվելով Երևանում, արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների հետ: Նորից եմ շեշտում, որ կարևորագույնը այս փաստաթղթում, իմ կարծիքով, այս կետն է։ Այնուհետև խոսվում է այն մասին, որ պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ զինադադարի ընթացքում պատանդների, գերիների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակման համար: Մեկ այլ կետով Ադրբեջանը համաձայնել է ձեռք առնել բոլոր միջոցները շրջափակումներին վերջ տալու համար: Երկու կողմերը նաև իրենց համաձայնությունն են հայտնել, որ բանակցությունների և քննարկումների միջոցով, ինչպես նաև տեղական պաշտոնատար անձանց հետ համատեղ հնարավորություններ ստեղծվեն, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի Ղարաբաղ: Այնուհետև խոսվում էր Իրանի արտգործնախարարի տեղակալ Վաեզիի այցի մասին, որը արդեն իրականացավ: Շնորհակալություն հայտնելով Իրանին հյուրընկալության համար, երկու կողմերը դիմում են Իրանին, որ նա շարունակի իր խաղաղասիրական գործունեությունը: Միաժամանակ շեշտվում է, որ այս պայմանագիրը չի նշանակում, թե որևէ այլ շահագրգիռ կողմ, որը բարի կամք կարող է դրսևորել այս խնդրի կարգավորման գործում, զրկվում է այդ հնարավորությունից: Ես պիտի ասեմ նաև, որ այս համաձայնագրի ստորագրման ժամանակ հրավիրվել էր նաև Թեհրանում Ռուսաստանի դեսպանը, որը ներկա գտնվեց ստորագրման արարողությանը, և հետո, արդեն քառակողմ զրույցի ընթացքում, մենք եկանք այն եզրակացության, որ Ռուսաստանի մասնակցությունը նույնպես ցանկալի է: Համապատասխան դիմում է ուղղված Ռուսաստանի պաշտոնատար անձանց, և հույս ունենք, որ Ռուսաստանը նույնպես իր մասնակցությունը կբերի՝ ավելի ռեալ հիմքեր ստեղծելով իրական խաղաղության հաստատման համար: Սա էր հիմնականը, և հավանաբար մոտ ժամանակներս Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների կողմից ակտիվ դիվանագիտական քաղաքականություն պիտի վարվի, որպեսզի հնարավորություն ստեղծվի այս խաղաղասիրական քայլը դրական արդյունքի հասցնել:

-Եթե նույնիսկ ստորագրված փաստաթղթում տեղ է գտել այն դրույթը, որ բնավ չի կաշկանդվում այլ պետությունների մասնակցությունը, անհիմն են իրականում այն պնդումները, երբ փորձում են Իրանի միջնորդությունը հակադրել միջազգային այլ կազմակերպությունների ջանքերին: Դրանք լավագույն դեպքում կարող են օժանդակել իրար, լինել միմյանց շարունակությունը:

-Միանշանակ, այո: Բանակցությունների ընթացքում այս հարցը բազմիցս արծարծվել է, նույնիսկ կոնկրետ խոսակցություն է եղել այն մասին, թե ուրիշ ինչ ուժեր կարող են օժանդակել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և որպես այդպիսիք խոսք է գնացել, առաջին հերթին, Ռուսաստանի, Եվրոպայի անվտանգության և Համագործակցության խորհրդի և Միավորված ազգերի կազմակերպության մասին։ Ուրիշ որևէ այլ կազմակերպության կամ պետության անուն չի շոշափվել:

-Ադրբեջանը հանդես չի՞ եկել որևէ այլ առաջարկությամբ:

-Ես կարծում եմ՝ այս պարագայում Ադրբեջանը բավական իրատես մոտեցում ցուցաբերեց և որևէ այլ պետության մասնակցության հարց չբարձրացրեց:

-Դատելով առանձին տեղեկություններից, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ առաջին անգամ կոնկրետ առաջարկներ են ներկայացվում զինադադարի մասին, կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո դրա իրականացման գործնական մեխանիզմի վերաբերյալ, և դա առաջարկում է իրանական կողմը։ Դատելով տեղեկություններից՝ գուցե դա ընդհանուր քննարկումների արդյունքում ուրվագծված մոտեցում է: Ի՞նչ եք կարծում՝ դա կտա՞ սպասվելիք արդյունքը:

-Իրանական կողմը քաջատեղյակ է տարածաշրջանի իրավիճակին, լավ գիտի մանրամասները, թեպետ, իհարկե, թերացումներ էլ կան: Մենք փորձեցինք լրացնել՝ մեկ անգամ էլ շեշտելով Ղարաբաղի իշխանությունների մասնակցության խնդիրը, որը ըմբռնումով ընդունվեց իրանական կողմից: Ես նաև ասեմ, որ մեխանիզմների հետ կապված շատ լուրջ բարդություններ կարող են առաջանալ: Բնականաբար, ողջունվում են կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ուղղությամբ Իրանի կողմից գործադրվող բոլոր տեսակի ջանքերը, սակայն մեխանիզմների կապակցությամբ լուրջ և երկարատև աշխատանք կա առջևում։ Իրանական կողմը առաջարկում էր հենց այս պահից Ղարաբաղ գործուղել Իրանի «Կարմիր մահիկի» ներկայացուցիչներին, ընդգրկելով այնտեղ Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան ոլորտների ներկայացուցիչներին: Սակայն, միաժամանակ, խոսվում էր, որ իրենք կգերադասեն, որ միջնորդ լինեն Ռուսաստանի համապատասխան կազմակերպությունները։ Մասնավորապես, պիտի հաշվի առնել Ռուսաստանի զինական ուժի առկայությունը տարածաշրջանում: Պատահական չէր նաև, որ իրանական կողմը շեշտում էր, թե ամենևին դեմ չէ, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհուրդը իր աջակցությունը բերի մեխանիզմների ստեղծման գործում, նաև՝ Միավորված ազգերի կազմակերպությունը։

-Հանդիպման ընթացքում քննարկվեցի՞ն մանրամասներ, օրինակ, թե որ միջադեպը պետք է համարվի զինադադարի խախտում, որը՝ ոչ։

-Նման քննարկումներ տեղի ունեցան, փաստաթղթում դրանք իրենց արտահայտությունը չեն գտել, քանի որ մեխանիզմների մասին առանձին փաստաթուղթ պիտի կազմվի, բայց նախնական քննարկումներ եղան: Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը այնպիսին է, որ այս պահին բացարձակ զինադադար հաստատել հնարավոր չէ, բայց խոսքը գնում է առաջին հերթին ծանր հրետանու, հրթիռային միջոցների, ուղղաթիռների օգտագործման բացառման մասին: Հետագայում կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել, որ եթե կողմերից մեկը հրազենի օգտագործման է դիմում, դիմացի կողմը որոշ ժամանակ ձեռնպահ մնա պատասխան տալուց, մինչև որ պարզվի, թե ինչ պայմաններում է ավտոմատներից կրակ բացվել, բայց ծանր հրետանու, ծանր զենքերի, զրահատեխնիկայի օգտագործումը պետք է բացառվի:

— Քննարկվե՞լ է պետություններից որևէ մեկի տարածքում կամ չեզոք տեղում բարձր մակարդակի եռակողմ կամ քառակողմ հանդիպում անցկացնելու հարցը:

-Այս տարբերակը նույնպես քննարկվել է, բայց որոշում դեռ չի կայացվել։ Հյուրընկալող կողմը առաջարկում էր բարձր մակարդակի հանդիպում կազմակերպել Իրանի տարածքում, հայկական կողմը համաձայն էր՝ հաշվի առնելով Ղարաբաղի մասնակցությունը նույնպես: Ադրբեջանական կողմը ձեռնպահ էր մնում այս հարցին պատասխան տալուց, քանի որ լիազորություններ չուներ: Մենք ունեինք նման համաձայնություն և ասացինք, որ Հայաստանը պատրաստ է բոլոր մակարդակներով Ղարաբաղի հետ համատեղ մասնակցել նման բանակցությունների:

-Փաստորեն, հարցը օրակարգից հանված չէ։

-Հանված չէ: Նույնիսկ ենթադրում եմ՝ մոտ ժամանակներս նորից կանդրադառնանք այս խնդրին: Ասեմ նաև, որ նախապատրաստվում է Հայաստանի նախագահի այցը Թեհրան, որը կարող է ավելի մեծ տեղաշարժեր առաջացնել խնդրի կարգավորման հարցում»: