Ռետրո

«Թուրքիան ուզում է ակտիվորեն գործել Ղարաբաղի հարցում». Օզալ

Radar Armenia-ն ներկայացնում է «Հայաստանի Հանրապետություն» թերթում 1992 թվականի մարտի 6-ի հրապարակումը՝ ԼՂ խնդրի վերաբերյալ Թուրքիայի նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հայտարարությունների մասին։

Թուրքիան ուզում է ակտիվորեն գործել Ղարաբաղի հարցում.

Ղարաբաղի խնդրի լուծման հարցում Թուրքիան պետք է ավելի ակտիվ գործի, հայտարարել է նախագահ Թուրգութ Օզալը: Իզմիրի օդանավակայանում կայացած հանդիպման ժամանակ, ուր պետության ղեկավարը ժամանել էր երիտասարդ գործարարների համաժողովին մասնակցելու համար, նա լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ Արևմուտքի տերությունները այդ հարցի լուծման նկատմամբ հանդես են բերում «երկակի ստանդարտներ»: Ճիշտ նույն ձևով վարվեցին նաև Կիպրոսի խնդրի հետ․ նշել է Թուրգութ Օզալը: Նրանք փորձում են ջարդարարներին ներկայացնել որպես զոհեր:

Այս կապակցությամբ, ինչպես հաղորդել է «Անատոլու» գործակալությունը, երկրի նախագահը մասնավորապես հայտարարել է. «Չի կարելի թույլ տալ, որ դա անցնի: Չի կարելի այս հարցը թողնել կես ճանապարհին: Մենք ստիպված ենք ավելի համարձակ գործել: Մենք պետք է աշխարհին ցուցադրենք, որ այս գործում չի կարելի բոլորին կանգնեցնել կատարված փաստի առջև: Ես գտնում եմ որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները»:

Վարչապետ Դեմիրելը ելույթ է ունեցել Մեջլիսում

Ելույթ ունենալով Մեջլիսում՝ Թուրքիայի վարչապետ Դեմիրելը նշել է, որ Թուրքիայում լուրջ մտահոգություններ են հարուցում հայերի և ադրբեջանցիների շարունակող ընդհարումները Լեռնային Ղարաբաղում։ Նա համաշխարհային հանրությանը կոչ է արել ամենայն լրջությամբ վերաբերել ծավալող հակամարտությանը: Նա Արևմուտքի երկրներին և Միացյալ Նահանգներին կոչ է արել հրաժարվել Հայաստանին միակողմանի աջակցելուց, որը նպաստում է պատերազմի անխուսափելի ծագմանը, և նոր Իսրայելի խնդրի առաջացմանը: Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները, նրա կարծիքով, ավելի են սաստկանում, և անհրաժեշտ է կանխել դրանց վերածումը ահավոր ողբերգության, որի համար ողջ աշխարհը պետք է հակամարտությունը կարգավորելու շահագրգռվածություն դրսևորի:

Վարչապետը հայտարարել է, որ Թուրքիան ԱՊՀ-ի երկրներին պարեն ու դեղորայք կառաքի: Ամեն օր 160 տոննա ցորեն, այլուր, շաքար, յուղ և դեղորայք կառաքվի Ղրղզստանի, Թուրքմենիայի և Ադրբեջանի համար: Դեմիրելի ասելով՝ Ադրբեջանը կստանա մոտ մեկ միլիոն տոննա ցորեն:

Վարչապետի տեղակալ Ինենյուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով` երկու հանրապետությունների ինքնիշխանության, սահմանների ամբողջականության ու անփոփոխելիության սկզբունքները հարգելու հիման վրա: Թուրքիան պատրաստ է օգնություն ցույց տալ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրների լուծմանը խաղաղ ճանապարհով, սակայն այդ գործընթացին պետք է մասնակցեն նաև մյուս հարևան երկրները, նախ և առաջ` Ռուսաստանը:

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հանդես է եկել կոչով 

Թուրքիան ստիպված կլինի եղբայրական Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի կապակցությամբ հանդես բերել նույնպիսի զգայուն վերաբերմունք, ինչպիսին դրսևորել էր Իրաքի` Քուվեյթ ներխուժելու պահին. հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Հյուսամեթդին Ջինդորուկը: Ինչպես հայտնել է «Անատոլու» գործակալությունը, նա տարակուսանք է արտահայտել այդ ինդրի առթիվ միջազգային դիվանագիտության բռնած դիրքի կապակցությամբ:  Թուրքիայի խորհրդարանի նախագահը համաշխարհային հանրությանը կոչ է արել դատապարտել «հայերի առանձնակի դաժան ցեղասպան քայլը ադրբեջանցի եղբայրների նկատմամբ»:

Առաջատար ընդդիմադիր հայրենյաց կուսակցության լիդեր Մեսութ Յըլմազը, որը ոչ հեռու անցյալում գլխավորում էր Թուրքիայի կառավարությունը, Ս. Դեմիրելի կաբինետին քննադատել է այն բանում, որ նա «Ղարաբաղում ադրբեջանցի խաղաղ բնակչության զանգվածային բնաջնջման կապակցությամբ սահմանափակվում է միայն հայտարարություններով»: Մամլո ասուլիսում նա արտահայտվել է Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները Հայաստանի սահմաններին մոտեցնելու անհրաժեշտության օգտին: