Ռետրո

Ինչպես 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկեցին ԱԺ նախագահին և փոխնախագահին ծեծելու համար. ռետրո-1996

Ինչպես 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկեցին ԱԺ նախագահին և փոխնախագահին ծեծելու համար. ռետրո-1996

Radar Armenia-ն ներկայացնում է 1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները։ Այս անգամ ներկայացնում ենք ընտրություններից հետո ԱԺ նախագահի և փոխնախագահի վրա բռնություն գործադրելու համար ընդդիմադիր 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։ Հոդվածը հրապարակվել է «Ազգ» օրաթերթի 1996թ. սեպտեմբերի 26-ի համարում։

«Սեպտեմբերի 25-ին ընդդիմության հանրահավաքի մասնակիցների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի և փոխնախագահ Ա. Սահակյանի հանդեպ բռնություն գործադրելու կապակցությամբ ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով սահմանադրության 70-րդ հոդվածով, հանդես է եկել նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին հրավիրել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ:

Նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ 8 պատգամավորների քրեական պատասխանատվության կանչելու համաձայնություն տալու վերաբերյալ․ «1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահի ընտրություններում թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթելու մասին տեղեկություն ստանալուց հետո ԱԺ պատգամավորներ Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը, Արշակ Սադոյանը, Դավիթ Վարդանյանը, Ռուբեն Հակոբյանը, Սեյրան Ավագյանը, Շավարշ Քոչարյանը և Ներսես Զեյնալվանդյանը սեպտեմբերի 23-ից կազմակերպել են հանրահավաքներ՝ ընտրության արդյունքները վարկաբեկելու և դավադրությամբ իշխանությունը զավթելու նպատակով: Սեպտեմբերի 25-ին, հերթական անգամ հանրահավաք կազմակերպելուց հետո, վերոհիշյալ պատգամավորները ընդդիմության այլ ղեկավարների հետ, կազմակերպված խմբով հոծ բազմությանն առաջնորդել են ՀՀ նախագահի նստավայր և ԱԺ շենք` սահմանադրությամբ ամրագրված պետական կարգը բռնությամբ տապալելու և իշխանությունը զավթելու նպատակով հեղաշրջում կատարելու համար: Նրանց կողմից ղեկավարվող ամբոխը, տարբեր գործիքներով զինված, ներխուժել է ԱԺ շենք. մասսայական անկարգությամբ ավերածության ենթարկելով այն, պատճառելով առանձնապես խոշոր չափի նյութական վնաս: Այնուհետև, մուտք գործելով ԱԺ նախագահի աշխատասենյակ, նրանք տեռորիստական ակտ են կատարել ԱԺ նախագահ Բ. Արարքցյանի, փոխնախագահ Ա. Սահակյանի, պետական այլ գործիչների և ԱԺ պատգամավորների նկատմամբ՝ նրանց պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:

Վերոնշյալ գործողություններով հանցավոր խումբը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 67, 59 հոդվածների առաջին մասով. 15-61 հոդվածով, 15-65 հոդվածների երկրորդ մասով, 74 հոդվածով և 96 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություններ»:

Դատախազը նշեց, որ մեղադրանքների սկզբնական բոլոր ապացույցներն իրենց ձեռքի տակ են, ՀՀ ԱԺ համաձայնությունը ստանալուց հետո ավելի մանրամասն քննություն կանցկացվի, մեղադրանքներ կառաջադրվեն:

ՀՀ ԱԺ-ում Պարույր Հայրիկյանը, դիմելով պատգամավորներին, մասնավորապես նշեց, որ կատարվածը իսկապես անընդունելի է և խիստ դատապարտելի: Ըստ նրա՝ քվեարկությունից առաջ ցանկալի կլիներ պարզել մեղադրվող պատգամավորներից յուրաքանչյուրի մասնակցության չափը: Նա հայտարարեց, որ ոչ ինքը, ոչ ԱԻՄ հասարակական-քաղաքական կազմակերպությունից որևէ մեկը ԱԺ շենքի ճաղերից այն կողմ չի անցել:

«Մի քանի օր քննարկվում էր՝ ինչպես անենք, որ ժողովրդին ակտիվ պահենք, իմ դիրքորոշումն այն էր, որ ակտիվ պահելու արհեստական անհրաժեշտություն չկա: Տարբեր դիրքորոշումներ կային: Ես Վազգեն Մանուկյանի հետ ռացիայի միջոցով կապվել եմ, իմացել, որ հաշտության եզրեր է գտել Արարքցյանի հետ և իմ բարձրախոսով ասել եմ. «Ժողովուրդ, հաշտության եզրեր են գտել, ետ եկեք», հետո ընդհանրապես չեմ մասնակցել: Ես այսօր հրավիրված ասուլիսում պաշտոնապես դուրս էի գալու այդ դաշինքից, որովհետև համաձայնությունը խախտել է Վ. Մանուկյանը: Վերջինս հրապարակավ հայտարարեց` «ես ամեն ինչ վերցնում եմ ինձ վրա»: Այդ պահին նա մեզ խաղից դուրս բերեց, դա խաղի կանոններին հակասում էր։ Որևէ մեկի մտքով չանցնի, որ ես փորձում եմ ինչ-որ մեկի վրա գցել, դա 100 հազար մարդու դիմաց է ասվել»,- ասաց Պ. Հայրիկյանը:

Քննարկման ընթացքում հանդես եկավ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը («Հանրապետություն» խմբակցության): Նա ասեց. «Ես գտնում եմ, որ դատախազությունը պիտի ամաչի, որովհետև մեկ ամիս, այդ թվում` Պ. Հայրիկյանը, հանրահավաքներում բացահայտ խուլիգանություն, օրինախախտումներ էր թույլ տալիս: Սահմանադրությանը, օրենքներին հակասող կոչեր էր անում, և մեր դատախազությունը իր բարձրության վրա չէր: Երբ պետք է հաջորդ իսկ օրը նրանք նախազգուշացվեին, որ խուլիգան են, հանցագործության են գնում, և եթե հանցագործությունը տեղի ունենա, նրանք պետք է պատասխան տան: Արվեր դա, ինչպես նաև շատ այլ բաներ, շատ մարդիկ դրանից հեռու կկանգնեին: Ես գտնում եմ, որ դատախազությունը վրիպել է, եթե ավելին չասեմ: Հասարակությունը պետք է իմանա, որ նրանք խուլիգան են, ոչ թե քաղաքական գործիչ, և դա պետք է որակվի դատախազության կողմից: Պարույր Հայրիկյան, բա ո՞վ էր կոչ անում հանրահավաքում, որի տեսագրությունն եմ ես նայել, որ այնտեղ, ինչպես Դավիթ Վարդանյանն էր ասում, եթե մենք վճռական չլինենք, դուք ստիպեք, որ մենք վճռական լինենք, և շարունակում, որ Քրիստոսն ասել է, որ մարդը մահկանացու է, և կարելի է մահվան գնալ հանուն չգիտեմ ինչերի: Այդ ո՞վ էր այդ մարդկանց գրգռում, և ո՞վ է ասել, որ այդ դեպքը երեկ է տեղի ունեցել, այդ ո՞վ էր գործող նախագահին հազար ու մի պիտակ կպցնում, այդ ո՞վ էր երկրապահներին ասում, որ նա երկրապահ չէ, այլ խուժան պահող ջոկատ: Բա ո՞նց էիք ուզում՝ իրադարձությունները զարգանան: Ես գտնում եմ, որ մեր առջև ոչ թե տգետ հանդես եկավ, այլ մարդ, որը հիվանդ է, որի համար կարևորը ինքն է, որի համար այս ազգը գործիք է, և մենք պարտավոր ենք այդ մարդկանց բացատրել, որ մեր ժողովուրդը գործիք չէ: Այս մարդու համար այս երկիրը օտար է, այս մարդու համար ժողովուրդը գործիք է: Ես ամաչում եմ, որ մեր ազգի մեջ քեզ պես ստահակ կա»:

Վերոնշյալ ելույթին հետևեց գլխավոր դատախազ Ա. Գևորգյանի պատասխանը. «Դատախազությունը ամաչելու ոչինչ չունի: Մենք ապահովել ենք դեմոկրատական ընտրությունները, և դուք գիտեք, թե այդ ընտրություններում մեր միջամտությունը ինչ հետևանքներ կարող էր ունենալ: Իմացեք` որտեղ ինչ եք խոսելու»:

Փորձեց բացատրություն տալ նաև Շավարշ Քոչարյանը. «Առաջինը, ես ուզում եմ նշել, որ, ցավոք, սա կրում է ձևական բնույթ, որովհետև Դավիթ Վարդանյանը ձերբակալվել է ժամը 04:00-ին, իսկ դուք նրան նոր եք զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Իր տանն է ձերբակալվել: Երկրորդը՝ ցավում եմ, որ այն կոշտ դիրքորոշումը՝ ամեն գնով պահել իշխանությունը, որը դրսևորվեց, բերեց այդպիսի ցավալի դեպքերի, բռնությունների: Մեր նպատակն է եղել միշտ՝ 1988թ.- ից, պարոն Գևորգյան, որ կառուցենք իրոք դեմոկրատական պետություն: Այն, ինչ եղավ, շատ վատ է»:

Ելույթի ընթացքում մի քանի պատգամավոր ֆիզիկական բռնության ենթարկեցին Քոչարյանին, և նա ավելացրեց. «Ոչ մի բան չունեմ ասելու․ այն, ինչ կատարվեց, ապացույցն է, թե որտեղից է գալիս բռնությունը»:

ՀՀ ԱԺ-ն իր համաձայնությունը տվեց ԱԺ պատգամավորներ Արշակ Սադոյանին (ԱԺՄ խմբակցություն), Սեյրան Ավագյանին (ԱԺՄ խմբակցություն), Ռուբեն Հակոբյանին, Դավիթ Վարդանյանին (ԱԺՄ խմբակցություն), Պարույր Հայրիկյանին (ԱԻՄ խմբակցություն), Շավարշ Քոչարյանին (ԱԺՄ խմբակցություն), Վազգեն Մանուկյանին (ԱԺՄ խմբակցություն) քրեական պատասխանատվության ենթարկելուն:

Քննարկմանը վերոնշյալ 8 պատգամավորից դահլիճում ներկա են եղել միայն 4-ը` Սեյրան Ավագյան, Ռուբեն Հակոբյան, Շավարշ Քոչարյան, և Պարույր Հայրիկյան: Նրանց ներկայությունը գրգռում էր մյուս պատգամավորներին, որոնք տեղերից տարբեր պիտակավորումներ և գնահատականներ էին տալիս և, անգամ, փորձում ֆիզիկական ուժ գործադրել: Միակ պատգամավորը, որը, չարդարացնելով տեղի ունեցածը, կոչ արեց իր գործընկերներին՝ հնարավորություն ընձեռնել նրանց լսելու, Արտավազդ Սահակյանն էր («Բարեփոխումներ» պատգամավորական խումբ):

Դահլիճից իրավապահ մարմինների ուղեկցությամբ դուրս բերվեցին Սեյրան Ավագյանը, Ռուբեն Հակոբյանը, Շավարշ Քոչարյանը»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական