Ռետրո

ՀՀՇ նախագահը վստահ է, որ նախագահն ընտրված է. ռետրո-1996

ՀՀՇ նախագահը վստահ է, որ նախագահն ընտրված է. ռետրո-1996

Radar Armenia-ն ներկայացնում է 1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀՇ վարչության նախագահ Տեր-Հուսիկ Լազարյանի՝ սեպտեմբերի 23-ի մամուլի ասուլիսը, որը տպագրվել է «Ազգ» օրաթերթի՝ 1996թ. սեպտեմբերի 24-ի համարում։

«Ես վստահ եմ, որ նախագահն ընտրված է»,– այսպես սկսեց երեկ իր մամուլի ասուլիսը ՀՀՇ վարչության նախագահ Տեր Հուսիկը: Նա տեղեկացրեց, թե ողջ գիշերվա ընթացքում հեռախոսակապի մեջ են եղել շրջանների ընտրատեղամասերի անդամների հետ և ստացել են նախնական տվյալները: Ըստ Տեր-Հուսիկի՝ Երևանում Վազգեն Մանուկյանն առաջ է անցել գործող նախագահից և ստացել 122 հազար ձայն, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը` 100 հազար: Իսկ նախնական ընդհանուր տվյալներով՝ 612․938 (55%–ից ավել) ձայն ստացել է Լևոն Տեր-Պետրոսյանը, 414․238 (մոտավորապես 35-38%) ձայն` Վազգեն Մանուկյանը: Ըստ Տեր-Հուսիկի՝ մոտ 1% ստացել է Աշոտ Մանուչարյանը, մոտ 5%` Սերգեյ Բադալյանը: Նա համոզմունք հայտնեց, որ նշված տոկոսները կարող են որոշ փոփոխությունների ենթարկվել, բայց էական տեղաշարժ չի լինի: Այնուհետև Տեր-Հուսիկն անդրադարձավ այն օրինախախտումներին, որոնք թույլ են տրվել ընտրատեղամասերում (Մալաթիա, Ավան, Առինջ): Տարածված խախտումներից մեկը նա նշեց ընտրատարածքներում Վազգեն Մանուկյանի օգտին կատարված քարոզչությունը: Նա հայտնեց նաև, թե Ալբերտ Բաղդասարյանը թիվ 5 տեղամասում «սկանդալ է սարքել», Արշակ Սադոյանը մեծ աղմուկ է բարձրացրել Նորագավիթում և այլն:

Տեր-Հուսիկը չանդրադարձավ այլ խախտումների, բայց, պատասխանելով մեր հարցերին, թե որքանով կազդեն խախտումների վերաբերյալ բերված երկկողմ բողոքները ԿԸՀ-ում  ներկայացված վերջնական արդյունքների վրա, ասաց, որ իր կարծիքով դրանք չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Տեր-Հուսիկը չհամաձայնեց ընդդիմության այն կարծիքի հետ, թե ընտրություններն անցել են կեղծիքով, և խորհուրդ տվեց դիմել սահմանադրական դատարան:

Համեմատելով նախորդ ընտրությունների հետ՝ Տեր-Հուսիկը նշեց, որ այս ընտրությունները անցել են շատ ավելի կարգապահ, օրինական ու զուսպ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական