Radar Armenia-ն ներկայացնում է 1996թ. սեպտեմբերի 22-ին նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները։ Այս անգամ ներկայացնում ենք ընտրություններից հետո ԱԻՄ գրասենյակում կայացած Վազգեն Մանուկյանի, Շավարշ Քոչարյանի և Հրանտ Խաչատրյանի մամլո ասուլիսը՝ «Ազգ»-ի մեկնաբանմամբ։
«Նոյեմբերի 22-ին ԱԻՄ գրասենյակում կայացավ Վազգեն Մանուկյանի, ՍԴ-ում վերջինիս ներկայացուցիչներ Շավարշ Քոչարյանի և Հրանտ Խաչատրյանի մամլո ասուլիսը, որին ներկա էին նաև «Ազգային համաձայնության» միավորման մյուս ներկայացուցիչները: Բացելով ասուլիսը` Վ. Մանուկյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին քաղաքական ներկա իրավիճակում իրենց մասնագիտական պարտքը կատարելու համար, ըստ այդմ նշվեց, որ «4-րդ իշխանությունը Հայաստանում կայանում է»: Շնորհակալություն հայտնեց նաև ՍԴ-ում իր ներկայացուցիչներին, մասնագետներին:
Այնուհետև նա անդրադարձավ ՍԴ դիմելու պատճառներին, որոնք այսպիսին էին.
Ա) իշխանություններին հնարավորություն տալ պատվով դուրս գալ ներկա ծանր վիճակից
Բ) պայքարը տանել սահմանադրական ճանապարհով
Գ) հասարակությանն իրազեկել ընտրությունների ժամանակ կատարված մի քանի մանրամասների:
Վերադառնալով 1991-93 թթ., ԱԺՄ նախագահը նշեց, որ այդ տարիներին ներկա իշխանությունների և ժողովրդի տրամադրությունների «սլաքները համընկնում էին», մինչդեռ այսօր ժողովրդի մտավոր և բարոյական չափանիշները այլևս չեն համապատասխանում իշխանությունների՝ հիշյալ չափանիշներից ցածր մակարդակին․ «Ընտրությունների ժամանակ հաջողվեց հաղթել իշխանություններին, բայց չհաջողվեց դրանք փոխել»: Այնուհետև դաշինքի կուսակցությունների անունից Մանուկյանը հայտարարեց, որ հաստատակամ են իրենց դիրքորոշման մեջ` Հայաստանը դարձնել ժողովրդավարական պետություն, անցկացնել խորհրդարանական և նախագահական նոր ընտրություններ: Մեր հարցին, թե առկա քաղաքական իրողությունների շրջապտույտում «ընտրություններ» հասկացությունը վարկաբեկված չէ՞, ըստ այդմ կաշխատի՞ նոր ընտրությունների գաղափարը, Վազգեն Մանուկյանը նշեց, որ այս ընտրությունների մեխանիզմներն այսօր վարկաբեկված են, սակայն քաղաքական նոր իրավիճակի ստեղծմամբ նոր ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը ինքնին կվերականգնվի:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը Եվրախորհրդի որոշումը համարում է «միջամտություն Հայաստանի ներքին գործերին»: Եթե այս մոտեցումը դրվի պետական քաղաքականության հիմքում, «Երկաթյա վարագույրի» իջեցում Վ. Մանուկյանը չի՞ կանխատեսում․ պատասխանելով այս հարցին՝ Մանուկյանը նշեց, որ Հայաստանի մեկուսացումը միջազգային հանրությունից Հայաստանի շահերից չի բխում․ «Հայաստանը անկախ պետություն է և պիտի զարգանա, սակայն կան միջազգայնորեն ընդունված, հաստատագրված չափանիշներ, որոնց անտեսելը անընդունելի և անթույլատրելի է միջազգային հանրության համար»: Այս առումով, Մանուկյանը նշեց, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի իշխանությունների կողմից, հիշյալ սկզբունքների ոտնահարում է: Եվրախորհրդի վերջին որոշումը` կապված Հայաստանի նախագահական ընտրությունների հետ, Մանուկյանը բարձր գնահատեց: Նա միաժամանակ նկատեց, որ ՀՀ ներկա իշխանությունները մինչև վերջերս իրականացնում էին «պսեվդոդեմոկրատիայի քաղաքականություն», ինչը կապ չունի իրական ժողովրդավարության հետ, և դրանով «Արևմուտքին չես խաբի»․ «Արևմուտքը հրաշալի հասկանում է ինչն ինչ է»։
Անդրադառնալով իշխանությունների հետ երկխոսության գնալու խնդրին, Վ. Մանուկյանը նշեց, որ իշխանություններն իրենք են ստիպված երկխոսություն սկսելու: Ընդ որում, երկխոսության թեման պետք է, որ հանգի վաղաժամկետ ընտրությունների անցկացմանը, այլ ոչ թե՝ կառավարման լծակները բաժանելուն: Ինչ վերաբերում է հարցին, թե նոր վարչապետը չի՞ կարող միջնորդել երկխոսության համար, Մանուկյանը նկատեց, որ, նախ, վարչապետի հնարավորությունները սահմանափակ են, երկրորդ, միջնորդ կարող է լինել միայն չեզոք կողմը, երրորդ, այսօրվա իշխանությունները ներկայացուցչական չեն:
ՍԴ-ի որոշմանը քաղաքական գնահատական տալը Մանուկյանն անիմաստ համարեց՝ ավելացնելով․ «Ես չեմ հիշում, Ստալինի ժամանակ կա՞ր սահմանադրական դատարան»:
«Հայաստանի դիրքերը թուլանում են, և սեպտեմբերի 25-26-ի դեպքերը այլևս երկրորդական նշանակություն ունեն, և թուլանում են միայն այն պատճառով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խախտել է խաղի կանոնները»,– ընդգծեց Վ. Մանուկյանը:
«Մենք ժողովրդավարություն ենք ուզում, և այն որպես տերմին չէ, որ ուզում ենք», ավելացրեց «Ազգային համաձայնության» միասնական թեկնածուն:
