Radar Armenia-ն ներկայացնում է 1996թ. սեպտեմբերի 22-ին նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները։ Այս անգամ ներկայացնում ենք ընտրություններից հետո նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ասուլիսի անդրադարձը «Ազգ» օրաթերթի հոկտեմբերի 2-ի համարում։
«Սեպտեմբերի 25-ի դեպքերից հետո այսօր առաջին անգամ լրագրողների հետ հանդիպեց Վազգեն Մանուկյանը: Միանգամից նշենք, որ Վ. Մանուկյանը չպատասխանեց այն հարցին, թե ի վերջո իրեն չե՞ն ձերբակալի, թե՞ ինքը թաքնվում է, հավելելով, որ Երևանը այն քաղաքը չէ, որ չկարողանան գտնել, ում փնտրում են: Իբրև կայունության քաղաքական գնահատական՝ նա պնդեց, որ Հայաստանում հաստատվել է ապօրինի իշխանություն, որի միակ հենարանը բռնի ուժն է. «Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի խամաճիկ է դարձել հանցագործների և մաֆիոզ խմբերի ձեռին: Ես հանցագործ եմ համարում Վազգեն Սարգսյանին և Վանո Սիրադեղյանին»․ նշեց նա: Ստեղծված իրավիճակից միակ ելքը, ըստ Վազգեն Մանուկյանի, քվեների վերահաշվարկն է կամ, անհնարինության դեպքում, եռամսյա ժամկետում նոր ընտրությունների նշանակումը: Ամեն դեպքում նա գտնում է, որ ժողովուրդը կշարունակի իր պայքարը՝ ընտրության կենտրոնը փոխադրելով ուսանողական ու մտավորական շրջանակում ոչ ֆորմալ կազմակերպությունների: Պրն Մանուկյանը բացառեց որևէ համագործակցություն գործող իշխանության հետ՝ միակ հնարավոր շփումը համարելով ընտրությունների արդյունքների վերացման շուրջ բանակցությունները: Սեպտեմբերի 25-ի գիշերը այդ հարցում իր միջնորդությունն է առաջարկել ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Սայմոն Օսբորնը, ապա և Էջմիածնից առաջարկվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի միջնորդությունը․ «Սակայն այս իշխանություններին բնորոշ է նաև բանակցություններից ամեն կերպ խուսափելու դիրքորոշումը»:
Ինչ մնում է ԵԱՀԿ և դրան հաջորդող տարբեր երկրների գնահատականներին, ապա պրն Մանուկյանը համոզված է, որ ժողովրդավարական երկրներում հասարակությունը կստիպի ղեկավարությանը՝ համապատասխան քաղաքական քայլեր ձեռնարկել: Վազգեն Մանուկյանը հայտարարեց նաև, որ որևէ վտանգի առկայության դեպքում չի լքելու Հայաստանը, եթե, իհարկե, Սոլժենիցինի կամ Հայրիկյանի տարբերակով իրեն ուժով երկրից դուրս չհանեն:
Հանդիպման ավարտին Վազգեն Մանուկյանը լրագրողների ներկայությամբ ստորագրեց ընտրությունների արդյունքները բողոքարկող իր դիմումն՝ ուղղված սահմանադրական դատարանին:
Դիմումում ասվում է. «Իմ տրամադրություն տակ կան մեծ քանակությամբ փաստեր, պաշտոնական արձանագրություններ, որոնք վկայում են, որ և նախագահական ընտրությունների ընթացքում, և ձայները հաշվարկելիս տեղի են ունեցել կոպիտ խախտումներ, որոնք ազդել են վերջնական արդյունքների վրա:
Դիմում եմ` քննության և ստուգման ենթարկելու քվեարկության արդյունքը, ընդունելով համապատասխան որոշում: Իմ ձեռքի տակ եղած նյութերը կտրամադրեմ ձեզ` առաջին իսկ պահանջով»:
