Ռետրո

Վայեզի այցից հետո միաժամանակ բացվում են բոլոր կոմունիկացիոն ճանապարհները. Թեհրանի հռչակագիր

Radar Armenia-ն ներկայացնում է 1992թ. մայիսի 7-ի ուշ երեկոյան Թեհրանի միջնորդությամբ ստորագրված իրանա-ադրբեջանական, իրանա-հայկական երկկողմ հայտարարությունները (Թեհրանի հռչակագիր) երկարաժամկետ համազորակցության բարիդրացիության մասին: 

Փաստաթղթերում ընդգծվում է քաղաքականության, տնտեսության, գիտության, մշակույթի, կրթության բնագավառներում երկկողմ հիման վրա կապերը զարգացնելու՝ Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի մտադրությունները:

Իրանի և Հայաստանի միջև համաձայնագիր ստորագրվեց հյուպատոսական կապերի, մաքսատան և սահմանի մասին: Համաձայնություն կայացվեց Երևանում Իրանի կենտրոնական բանկի մասնաճյուղ բացելու մասին:

Բանակցություններին մասնակցում էին Իրանի և Հայաստանի նախագահները, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատարը, արտաքին գործերի, նավթի նախարարները և պաշտոնական այլ անձինք:

Մայիսի 8-ի առավոտյան Իրանի նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ադրբեջանի նախագահի լիազորություններն իրականացնող Յաղուբ Մամեդովը ստորագրեցին «Պետությունների ղեկավարների՝ Թեհրանի հայտարարությունը» Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ:

Փաստաթղթում նշված են հակամարտության կարգավորման ուղիները` հրադադար և հաղորդակցությունների միաժամանակյա ապաշրջափակում, տնտեսական շրջափակման վերացում, միջազգային դիտորդների գործուղում ճգնաժամային շրջան, գերիների խնդրի փոխադարձ լուծում: Նախատեսված է կողմերի համագործակցություն Եվրախորհրդակցության շրջանակում:

Պետությունների ղեկավարների՝ Թեհրանի համատեղ հայտարարություն

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի հրավերով երկկողմ բանակցություններ վարելու, ինչպես նաև տարածաշրջանի հարցերը քննարկելու համար ժամանել են Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար պարոն Յաղուբ Մամեդովը և Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Լևոն Տեր-Պետրոսյանը: Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ իրանական կողմի նախաձեռնությամբ և առաջարկությամբ, Լեռնային Ղարաբաղում և ադրբեջանա-հայկական սահմանում իրադարձության նորմալացման և տարածաշրջանում լարվածության թուլացման նպատակով տեսակետների մերձեցման ուղղությամբ դիվանագիտական ջանքերի շրջանակում, երկու պետությունների ղեկավարները հանդիպեցին 1992 թվականի մայիսի 7-ին և բանակցություններ վարեցին:

Կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում ընթացած բանակցությունների ընթացքում կողմերը հանգեցին հետևյալ համաձայնություններին:

Կողմերը նախապես երախտագիտություն հայտնեցին Իրանի Իսլամական Հանրապետությանը, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին, ինչպես նաև մյուս երկրներին` տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերի համար և հույս հայտնեցին, որ խաղաղասիրական ցանկություններն ու բարի կամքը կնպաստեն խաղաղությանն ու կայունությանը:

Կողմերը համաձայնեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանում անվտանգության ապահովման նպատակով կազմակերպել երկու երկրների ներկայացուցիչների բարձր մակարդակի հանդիպումներ:

Կողմերը ցանկություն հայտնեցին ԵԱՀԽ և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերը տարբեր մակարդակներում լուծել խաղաղ միջոցներով:

Հիմք ընդունելով միջազգային իրավական նորմերը, ՄԱԿ-ի կանոնադրությունը, կողմերն ընդգծեցին սահմաններում, Լեռնային Ղարաբաղում խաղաղության ու կայունության ապահովման անհրաժեշտությունը, նշելով որ դա ձեռնտու է ինչպես երկու պետությունների, այնպես էլ տարածաշրջանի համար:

Հարգելով մարդու և փոքրամասնությունների իրավունքները, կողմերը երկուստեք ուշադրություն հրավիրեցին հայկական ու ադրբեջանական փախստականների հիմնահարցերի լուծմանը:

Կողմերը պայմանավորվեցին, որ մեկ շաբաթվա ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ Մ.Վայեզիի` տարածաշրջան (Բաքու, Երևան, Լեռնային Ղարաբաղ) ժամանելուց ու շահագրգիռ կողմերի հետ բանակցություններ վարելուց հետո, Հայաստանի ու Ադրբեջանի  պետությունների ղեկավարների աջակցությամբ, իրականացվում է կրակի դադարեցում, և միաժամանակ բացվում են բոլոր կոմունիկացիոն ճանապարհները` տնտեսական պահանջմունքները բավարարելու նպատակով:

Համաձայնության դեպքում, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար Իրանի Իսլամական Հանրապետության դիտորդների հետ մեկտեղ կներգրավվեն ԵԱՀԽ այլ դիտորդներ:

Կողմերը, դրական գնահատելով Թեհրանում բարձր մակարդակի հանդիպման աշխատանքները, համաձայնեցին, որ երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերն անհրաժեշտ է լուծել տարբեր մակարդակի պատասխանատու անձանց հանդիպումների և խորհրդակցությունների միջոցով ու բանակցությունների ճանապարհով:

Երկու երկրների ղեկավարները, բարձր գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերը, հույս հայտնեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի իր միջնորդական ջանքերը, մինչև տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:

Իրանի Իսլամական Հանրապետություն` Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանի

Հայաստանի Հանրապետություն` Լևոն Տեր-Պետրոսյան

Ադրբեջանի Հանրապետություն` Յաղուբ Մամեդով