Radar Armenia-ն ներկայացնում է ՀՀ պատվիրակության այցը Իրան և երկրների կողմից համատեղ հայտարարության ընդունումը նախագահներ Տեր-Պետրոսյանի և Ռաֆսանջանիի միջև։
1992թ մայիսի 6-8-ը Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով Իրան այցելեց Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը:
Այցելության ընթացքում նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանի և Հ.-Ռաֆսանջանիի միջև փոխընբռնման և փոխվստահության մթնոլորտում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Հայաստանի նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը և Իրանի նախագահ Հ.-Ռաֆսանջանին քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ մտքեր փոխանակեցին և, բարիդրացիության ու փոխադարձ բարեկամության սկզբունքի վրա ուրվագծելով երկու երկրների երկարաժամկետ համագործակցության շրջանակները, պայմանավորվեցին հետևյալի մասին.
Համատեղ Հայտարարություն Հայաստանի և Իրանի միջև` համագործակցության, բարեկամության, բարիդրացիության մասին
Հոդված 1
Հայաստանին Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես իրավահավասար երկու բարեկամ և դրացի պետություններ, կզարգացնեն երկկողմ հարաբերությունները: Երկու պետությունները, ելնելով միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ներքին գործերին չմիջամտելու, ուժային սպառնալիքից ձեռնպահ մնալու, տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու, փոխադարձ շահերի, միջազգային պարտավորությունների նկատմամաբ հարգանքի սկզբունքներից, ձեռնամուխ կլինեն իրենց բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը:
Հոդված 2
Կողմերը բարիդրացիության, համագործակցության և փոխադարձ վստահության ամրապնդման համար կգործադրեն բոլոր ջանքերը: Երկու պետությունները միմյանց ընդհանուր սահմանները դիտում են որպես խաղաղության սահմաններ և կաշխատեն, որպեսզի այս տարածաշրջանի տարբեր ազգերի հարաբերություններում մշտապես տիրի խաղաղություն, կայունություն և բարեկամություն:
Հոդված 3
Կողմերը, հայտնելով իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, անթույլատրելի համարեցին սեփական տարածքը միմյանց նկատմամբ ագրեսիայի գործադրման համար:
Հոդված 4
Կողմերը, անդրադառնալով երկու երկրների փոխադարձ կապերի կարևորությանը և, հատկապես, հաշվի առնելով պատմական, մշակութային և էթնիկական ընդհանրությունները, նշեցին երկու երկրների բարձրաստիճան ղեկավարների մշտական և պարբերական փոխայցելությունների և հանդիպումների անհրաժեշտության մասին:
Հոդված 5
Կողմերը, հաշվի առնելով յուրաքանչյուր երկրում գոյություն ունեցող հնարավորությունները, երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնելու նպատակով համաձայնեցին պատրաստել և կնքել համագործակցության երկարաժամկետ համաձայնագրեր և առավելագույնս օգտագործել միմյանց հնարավորությունները և ներուժը:
Հոդված 6
Կողմերը, ծավալելով մտքերի փոխանակություն տարածաշրջանի վերջին իրադարձությունների շուրջ, անդրադարձան տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգություն հաստատելու անհրաժեշտությանը և համաձայնեցին, որ երկու երկրների բարձրաստիճան ղեկավարները շարունակաբար և կանոնավոր կերպով կխորհրդակցեն այդ հարցերի շուրջը, կայուն և թշնամանքից զերծ շրջան ստեղծելու նպատակով կգործադրեն իրենց բոլոր ջանքերը, որպեսզի տարածաշրջանի ժողովուրդների տնտեսական զարգացման համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ:
Հոդված 7
Կողմերն իրենց երկրների հնարավորության սահմաններում տարերային աղետների դեպքում ցույց կտան համակողմանի օգնություն, ինչպես նաև ջանք կգործադրեն` ստեղծելու համատեղ կառուցվածքներ տարերային աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման համար:
Հոդված 8
Երկու երկրներն առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով համաձայնեցին հնարավորինս կարճ ժամկետներում ստեղծել տնտեսական և գիտատեխնիկական համատեղ հանձնախումբ, որպեսզի համագործակցության ընթացքը քննարկելու նպատակով ամեն տարի պարբերաբար Երևանում և Թեհրանում անցկացվեն խորհրդաժողովներ:
Հոդված 9
Կողմերը անդրադարձան Հայաստանի և Իրանի միջև նավթի, գազի տնտեսության և առևտրի բանկային համակարգի և արդյունաբերության, ինչպես նաև երկու երկրների շահերն արտահայտող այլ բնագավառների վերաբերյալ կնքված համաձայնագրերի իրականացման և ընդլայնման անհրաժեշտությանը և կարևորությանը:
Հոդված 10
Քննարկելով նախկին Խորհրդային Միության նորաստեղծ հանրապետություններում տիրող իրավիճակը՝ կողմերը ցանկություն հայտնեցին, որ նախկին խորհրդային պետությունների միջև ծագած հիմնախնդիրները և տարաձայնությունները լուծվեն բացառապես քաղաքական բանակցություններով և այլ խաղաղասիրական ուղիներով:
Հոդված 11
Կողմերը գիտության, կրոնի, արվեստի, գրականության, կրթության, բժշկության, առողջապահության լրատվության, ռադիոյի և հեռուստատեսության, կինոյի, զբոսաշրջության և սպորտի բնագավառներում կապեր ստեղծելու ուղղությամբ միջոցներ կձեռնարկեն և նշված բնագավառներում կփոխանակեն համապատասխան պատվիրակություններ:
Հոդված 12
Կողմերը հանցագործությունների, ահաբեկչության, թմրադեղերի, մաքսանենգության, ինքնաթիռների առևանգման, մշակութային արժեք ներկայացնող իրերի ապօրինի դուրսբերման հարցերում համագործակցելու և փորձի փոխանակման մասին համաձայնության եկան:
Հոդված 13
Կողմերը համաձայնում են գործի դնել իրենց բոլոր ջանքերը` կանխարգելելու զանգվածային ոչնչացման միջուկային, քիմիական և բակտերիոլոգիական զենքերի կուտակումն ու օգտագործումը:
Հոդված 14
Համաձայնության գալով՝ կողմերը պնդում են, որ երկու հարևան երկրները պետք է գործադրեն իրենց բոլոր ջանքերը, համագործակցելու կենսոլորտի պահպանման բնագավառում, և այդ ուղղությամբ համապատասխան մարմինները պետք է հաստատեն կապեր և կոնսուլտացիաներ անցկացնեն ու աշխատեն որ հարկ եղած դեպքում սահմանամերձ շրջաններում օդի աղտոտվածության և անբարենպաստ գործոնների մասին անմիջապես տեղյակ պահեն միմյանց:
Հոդված 15
Կողմերը համաձայնեցնում են, որ միջոցներ կձեռնարկեն երկու երկրների միջխորհրդարանային կապերը զարգացնելու և երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբեր ստեղծելու ուղղությամբ:
Հոդված 16
Կողմերը համաձայնեցին, որ դիվանագիտական, տնտեսական, հյուպատոսական և այլ պաշտոնական ներկայացուցիչների գործունեության համար կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև կպարզեցվի զբոսաշրջության, տնտեսական, առևտրական, սպորտային, մշակութային և գիտական խմբերի համար վիզաների ձևակերպումը:
Հոդված 17
Կողմերը համաձայնեցին բազմակողմանի համագործակցության համար ստեղծել իրավական, ֆինանսական և առևտրական նպաստավոր պայմաններ և կազմակերպել երկու երկրների միջև գիտատեխնիկական ինֆորմացիայի փոխանակում:
Հոդված 18
Կողմերը համաձայնեցին, որ երկու կողմերը գիտատեխնիկական և հետազոտական բնագավառներում համագործակցելու նպատակով միմյանց հնարավորություններն առավելագույնս օգտագործելու համար կօժանդակեն միմյանց:
Հոդված 19
Հաշվի առնելով փոխհարաբերությունների զարգացման գործում կապի դերը՝ կողմերը համաձայնեցին գործադրել բոլոր ջանքերը` զարգացնելու և հաստատելու երկու երկրների հաղորդակցության համակարգը տրանսպորտի, հեռախոսակապի, ցամաքային և օդային հաղորդակցությունների տարբեր բնագավառներում:
Հոդված 20
Կողմերը, գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև Մեղրիի շրջանում սահմանային անցակետի բացման և ժամանակավոր կամրջի տեղադրման առիթով, անդրադարձան Իրան-Հայաստան-սևծովյան նավահանգիստներ տրանզիտային ճանապարհի արագ շահագործման և Մեղրիի շրջանում Արաքս գետի վրա մշտական կամրջի շինարարական աշխատանքների արագացման անհրաժեշտությանը:
Հոդված 21
Կողմերը, ընդառաջելով տնտեսական հարաբերությունների զարգացումը, վավերացման են ենթարկում Հայաստանի Հանրապետության նախագահ պրն. Լևոն Տեր-Պետրոսյանի և ընկերակցող պատվիրակության` 1992 թվականին մայիսի 6-8-ի ընթացքում երկու երկրների տնտեսական պաշտոնակատարների միջև կնքված բոլոր պայմանագրերն ու համաձայնագրերը և ցանկություն հայտնում, որ հիշյալ պայմանագրերում և համաձայնագրերում նշված կետերը իրագործվեն հնարավոր ամենակարճ ժամանակամիջոցում:
Հայաստանի Հանրապետության կողմից` Լևոն Տեր-Պետրոսյան
Իրանի Իսլամական Հանրապետության կողմից` Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանի