Radar Armenia-ն ներկայացնում է 1992թ. մայիսի 6-ին ՀՀ փոխնախագահ-վարչապետ Գագիկ Հարությունյանի այցը Մեղրի և անդրադառնում նրա մասնակցությանը Արաքս գետի վրայով անցնող ժամանակավոր կամուրջը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը։
«Հայաստանի փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանը մեկօրյա աշխատանքային այց կատարեց Մեղրու շրջան: Կառավարության նախագահը եղավ Ագարակի բացահանքերում, պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության հետ քննարկեց կոմբինատի աշխատանքների հետագա կազմակերպման, ձուլարանի հիմնադրամն և այլ հարցեր: Ագարակի, Մեղրու, Շվանիձորի, Նյուվադիի աշխատավորների հետ զրույցների ընթացքում վարչապետն անդրադարձավ առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին, հողի և անասունների սեփականաշնորհումից հետո ստեղծված նոր պայմաններում դժվարություններն արագորեն հաղթահարելու հնարավոր ուղիներին, ծանոթացավ զրուցակիցների մոտեցումներին և առաջարկություններին:
Մեղրու շրջխորհրդի գործկոմի դահլիճում պրն. Հարությունյանը հանդիպում ունեցավ շրջանի աշխատավորության հետ, որի ժամանակ ներկայացրեց հանրապետության ընդհանուր տնտեսական վիճակը և ծանոթացրեց տնտեսությունը կայունացնելու՝ կառավարության քայլերին, առաջիկա և հեռանկարային ծրագրերին:
Այնուհետև հանրապետության փոխնախագահը մասնակցեց Արաքս գետի վրայով Մեղրու ժամանակավոր կամուրջը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը: Կամրջի շինարարության ավարտի մասին աշխատանքային խմբի ղեկավար Թելման Տեր-Պետրոսյանի զեկույցից հետո ելույթ ունեցավ պրն. Հարությունյանը: Նա նշեց, որ Մեղրու նավակամրջի շահագործումը մեծ ծրագրի սկիզբն է, որով մշտական կայուն կապ է ստեղծվում հարևան և բարեկամ երկրի` Իրանի հետ:
Կառավարության ղեկավարին ուղեկցում էին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամներ Բագրատ Ասատրյանը և Էդուարդ Եգորյանը, հեռուստառադիոպետվարչության պետ Սամվել Գևորգյանը, Ազգային անվտանգության պետվարչության պետ Վալերի Պողոսյանը, ՀՀ հարավ-արևմտյան օկրուգի սահմանապահ զորքերի հրամանատար Ալեքսանդր Բաբենկոն, պաշտոնական այլ անձինք»:
