Ռետրո

Ինչպես ասում էին փրկված խոջալեցիները, այս ամենը կազմակերպված էր իմ հրաժարականի համար. Մութալիբով

Radar Armenia-ն ներկայացնում է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի՝ «Независимая Газета» թերթում տպագրված հարցազրույցը, որտեղ նա անդրադառնում է Խոջալուի դեպքերին։

-Ի՞նչ կասեք Խոջալուի մասին, որից հետո Դուք հրաժարական տվեցիք: Խոջալեցիների դիակները հայտնաբերվեցին Աղդամից ոչ հեռու: Ինչ-որ մեկը նախապես կրակել էր մարդկանց ոտքերին, որպեսզի նրանք չկարողանան հեռու փախչել: Հետո նրանց կացնահարել էին: Փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարահանել էին նրանց: Մարտի 2-ին՝ նոր նկարահանումների ժամանակ, այդ դիակների գանգամաշկերը հանված էին: Սա ինչ-որ տարօրինակ խաղ է...

-Ինչպես ասում էին փրկված խոջալեցիները, այս ամենը կազմակերպված էր իմ հրաժարականի համար առիթ ստեղծելու նպատակով: Ինչ-որ ուժ գործում էր հանուն նախագահի վարկաբեկման: Չեմ կարծում, թե նման իրավիճակին հստակ և բանիմաց մոտեցում ցուցաբերող հայերը թույլ տային, որպեսզի ադրբեջանցիներն իրենց ֆաշիստական արարքներում մերկացնող փաստեր ձեռք բերեն: Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը շահագրգռված էր, որպեսզի այդ կադրերը ցուցադրվեն նստաշրջանում, և աղմուկ բարձրանար իմ անձի շուրջ: Եթե ես հայտարարում եմ որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, որ զրպարտում եմ: Սակայն դատողությունների ընդհանուր պատկերն այսպիսին է` հայերն, այնուամենայնիվ, թողել էին միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ: Այդ դեպքում նրանք ինչո՞ւ պետք է կրակեին: Այն էլ՝ Աղդամի մոտ գտնվող տարածքում, որտեղ այդ ժամանակ մարդկանց օգնություն ցուցաբերելու համար բավականաչափ ուժ կար: Կամ պարզապես կարելի էր պայմանավորվել, որպեսզի խաղաղ բնակիչները հեռանան: Այդ պրակտիկան միշտ էլ կիրառվել է:

Ինձ անընդհատ ասում էին, որ խոջալեցիները դիմանում են, որ նրանց հարկավոր է օգնել զենքով, զորքով, մթերքով: Ես հանձնարարել էի այդ ամենն իրականացնել ուղղաթիռներով: Սակայն օդաչուները, ինչպես ինձ բացատրեցին, հրաժարվել էին այնտեղ թռչել՝ ստինգերներից խույս տալու համար նախատեսված սարքերի բացակայության պատճառով:

Այդպես անցավ գրեթե մի ամբողջ շաբաթ: Մոտակայքում էր գտնվում նաև Աղդամի խմբավորումը, որը պարտավոր էր աչալրջորեն հետևել դեպքերի զարգացման ընթացքին: Հենց Խոջալուն շրջապատվեց տեխնիկայով, անմիջապես հարկավոր էր դուրս բերել բնակչությանը: Ավելի վաղ ես նման հանձնարություն էի տվել Շուշիի կապակցությամբ. քաղաքում թողնել տղամարդկանց, իսկ կանանց և երեխաներին դուրս բերել: Սա էլ է պատերազմի օրենքներից. մարդկանց պետք է փրկել: Իմ վարքագիծը օբյեկտիվ էր և միանշանակ. ես այդպիսի հանձնարարություններ տվել եմ, սակայն ինչո՞ւ դրանք Խոջալուում չկատարվեցին, ինձ համար պարզ չէ:

Ես, ի դեպ, այդ շրջանում մի քանի անգամ զրուցել եմ ԼՂՀ ԳԽ նախագահ Ա․ Մկրտչյանի հետ. «Դուք սպանել եք հազարավոր մարդկանց, թույլ տվեք դուրս բերել նրանց դիակները»:

Բայց նա պատասխանեց, որ ոչ մի դիակ չի կարող լինել, նրանց մոտ մեր մարդիկ են, որոնց կերակրում են, չնայած պարենամթերքը չի բավականացնում, և պատրաստ են փոխանակել իրենց գերիների հետ:

-Ե՞րբ Ձեզ հաղորդեցին զոհվածների մասին:

-Անմիջապես հաջորդ օրը, երբ հաղորդեցին, որ Խոջալուում զոհվել է ընդամենը մի քանի մարդ: Դա ՆԳ նախարարության ինֆորմացիան էր:

-Ո՞վ էր այդ ինֆորմացիայի համար պատասխանատվության կրողը։

-Ինքը՝ նախարարը, այդ ժամանակաընթացքում արդեն ստեղծված էր ՊՆ մամուլի կենտրոնը: Ուղղաթիռի հետ պատահարից հետո մենք պայմանավորվեցինք, որ այլևս ոչ ոք չստուգված ինֆորմացիա չի հաղորդելու:

- Համարո՞ւմ եք, որ վարչապետ Հասան Հասանովը նույնպես պատասխանատու է:

-Կառավարության ղեկավարը, իհարկե, պատասխանատու է, չնայած՝ ինքն իրեն առանձնացնում է դրանից, ասելով, թե չի զբաղվում նման հարցերով: Բայց կառավարությունը մնում է կառավարություն: