Ռետրո

Ծանր կացություն լինելու է, բայց բոլորս էլ պետք է հասկանանք, որ ելքը դա է

Radar Armenia-ն ներկայացնում է հայ մամուլի անցյալի հրապարակումները։ Այսօր ներկայացնում ենք ԳԽ պատգամավոր Բագրատ Ասատրյանի խոսքը ղարաբաղյան շարժման 5-ամյակի առթիվ՝ տպագրված «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում։

«Համոզված եմ և գիտեմ, որ 92թ. մեր ընթացքի ամենածանր հատվածն է լինելու, մյուս կողմից էլ հուսով եմ, որ 92-ին շատ ու շատ հիմնահարցեր իրենց լուծումը կգտնեն:

91-ի ընթացքում բավականաչափ հարցեր, որոնք մեզ համար հստակություն չունեին, պարզվեցին: Պարզվեցին այն առումով, որ առկա խնդիրներն ու հարցերը կարգավորվեցին, լուծվեցին: Ցավոք, ո՛չ նախկին Խորհրդային Միության, ո՛չ էլ մեր հանրապետության համար 91 թվականը չեղավ ծրագրերի ու դիրքորոշումների հստակեցման տարի, իսկ տարվա սկզբին մենք այդպիսի հույսեր ունեինք։ 91թ. ընթացքում ինչ-որ իմաստով արտահայտվեց մեր այսպես նոր իշխանությունների անփորձությունը, առանձին հարցերում չկողմնորոշվելը, անվճռական և անհետևողական լինելը: Այդ թերությունների մեջ, երևի, մեր հանձնաժողովի «ներդրումը» ևս կար, որովհետև այն իր ձևավորման ընթացքն էր ապրում, երբ բավականին հարցեր էին ճշգրտվում, սակայն մնացին շատ ու շատ չլուծված հիմնախնդիրներ: Այդուհանդերձ, ինչ-որ քայլեր արվեցին, քայլեր արվում են այսօր՝ վաղվա օրը հնարավորինս չափ ավելի մոտեցնելու համար:

92թ. համար մենք ցանկանում ենք լուծել զբաղվածության հարցը: Սոցիալական ոլորտում օրինաստեղծ աշխատանքն, ընդհանուր առմամբ, վատ չի ընթանում, հարցը պարզապես այլ է՝ տնտեսական ոլորտի տեմպի անկումը բերեց նշածս հիմնահարցերի՝ գործազրկության, սոցիալական մի շարք հարցերի լուծման անհնարինության:

Այսօր Ռուսաստանը գնում է գների ազատականացման, ինչը կարևոր և վճռական քայլ է։ Ռուսաստանը քաղաքական որոշակի նպատակներ ունի և օգտագործում է իր ձեռքում եղած տնտեսական լծակները, իսկ ինչքան էլ խոսենք անկախության մասին, մեր տնտեսության շատ-շատ ճյուղեր դեռ չեն առանձնացել-անկախացել՝ դեռևս Մոսկվայում են որոշվում հարցերը, և ներազդման բավական հզոր լծակներ կան. դա է ապացուցում Ռուսաստանի այդ վերջին քայլը: ... Այստեղ ևս կարևոր եմ համարում մեր հստակ կողմնորոշումը. մենք ստիպված ենք գնում դրան, բայց դա նաև այն միջոցն է, որ պետք է արդյունք տա:

Այն ամենն, ինչի մասին խոսեցի վերևում, ստեղծելու են այն ընդհանուր ֆոնը, որի վրա ձևավորվելու է սոցիալական կոնկրետ իրավիճակը 92 թվականին: Ակնհայտ է, որ առաջիկա 2-3 ամսում կենսամակարդակի խիստ անկում է տեղի ունենալու: Առաջին շրջանում գնաճը բավական բարձր է լինելու, թեև այդ հարցում ճանապարհի կեսն արդեն անցել ենք. նկատի ունեմ հողի սեփականաշնորհումը և գյուղմթերքի ազատ շուկայի ձևավորումը:

Հիմա մենք պիտի հասկանանք, որ ինֆլյացիոն գործընթացների շարժիչը հիմնականում հանդիսանալու են համայնքը, էներգետիկ ռեսուրսները, որոնք, իհարկե, ազդելու են և՛ հանրապետությունում թողարկող ապրանքարժեքի, և՛ դրսից բերող ապրանքի վրա: Գների այդ աճի դեմ, որը շատ ծանր կացության մեջ է դնելու մեր ազգաբնակչությանը, իշխանությունները մշակում են որոշ զսպող միջոցառումներ, ասենք, առանձնացվում է այն ապրանքների ցանկը, որոնց գները չեն բացահայտվելու, և մենք պետք է իմանանք, որ ինչքան քիչ լինեն այդ ապրանքները, մեր բոլորի օգուտն է լինելու։ Առանձին շրջանում կորցնելու ենք՝ հետագայում շահելու հեռանկարով:

Ասվեց, որ առաջիկայում մեր ազգաբնակչությունն իրեն խիստ անապահով է զգալու, բայց հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկվում են, և որոշակի տեղաշարժեր կլինեն: Այո, ծանր կացություն լինելու է, բայց բոլորս էլ պետք է հասկանանք, որ ելքը դա է, այդ պրոբլեմները և՛ բոլորինս են, և՛ անհատներինը, ու առաջիկա ծանր վիճակից դուրս գալու համար պետք է միավորել բոլոր ճիգերը: Ես հուսով եմ, որ 92թ. վերջին արդեն որոշակի սոցիալական կայունացում տեղի կունենա, որը ես հետևյալ տեսքով եմ տեսնում՝ մարելու է գների աննորմալ աճը, որոշ տեղաշարժեր են լինելու արտադրության մեջ, որոնց արդյունքները կտեսնենք»: