Ռետրո

Նախկին Միության տնտեսական ծանր ժառանգությունը դեռ երկար է իրեն զգացնել տալու

Radar Armenia-ն ներկայացնում է հայ մամուլի անցյալի հրապարակումները։ Այսօր ներկայացնում ենք ԳԽ պատգամավոր Աշոտ Ոսկանյանի խոսքը ղարաբաղյան շարժման հնգամյակի կապակցությամբ՝ տպագրված «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում։

«Յուրաքանչյուր քաղաքական գուշակություն անշնորհակալ գործիք է, իսկ կտրուկ շրջադարձերով լեցուն մեր առօրյայում` անհուսալի մի ձեռնարկ: Այսպես որ, գալիք 1992-ի մասին խոսելու փորձս ոչ այդքան կանխատեսում է, որքան՝ աշխատանքային ուրվագիծ, գուցե, գործողությունների պլան:  Ինչպիսի՞ն է լինելու Շարժման հինգերորդ տարին: 

Հայաստանի անկախությունը շատ երկրներ կճանաչեն: Երևի կհասցնենք ՄԱԿ-ի անդամ դառնալ: Այդքանն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: 

Ամենաանորոշը (նաև՝ վճռորոշը) արտաքին քաղաքական իրավիճակն է: Մի բան պարզ է՝ ԽՍՀՄ կազմաքանդման շնորհիվ ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական հաշվեկշիռ, և Հայաստանը պետք է կարողանա իր համապատասխան տեղը գտնել աշխարհամասային անվտանգության համակարգի շրջանակներում: Այսօր դժվար է կանխատեսել՝ ինչ այլընտրանքներ են ձևավորվելու մոտ ապագայում: Արցախի հիմնահարցի առկայությունը, Ադրբեջանի հետ հարաբերությունների գերլարվածությունը, Թուրքիայում Դեմիրելի կուսակցության հաղթանակով պայմանավորված` քաղաքական ընթացքի ոչ մեծ, բայց նշմարելի սրբագրումը բնական են դարձնում հանրապետության անդամությունը անկախ պետությունների նոր կազմավորող ընկերակցությանը, քայլ, որ լիովին համապատասխանում է «Հայոց համազգային շարժման» որդեգրած իրատեսական գործելակերպին: Գիտենք նաև, որ Ռուսաստանի հետ ամենասերտ և բարիդրացիական հարաբերություններ ունենալու դեպքում անգամ ինքներս ենք ստիպված լուծելու մեր բոլոր խնդիրները՝ սկսած պաշտպանությունից, վերջացրած տնտեսությամբ: Արդեն այսօր մեր ճակատագիրը զգալիորեն կախված է Հյուսիսային Կովկասում, Վրաստանում, Թուրքիայում և Իրանում տեղի ունեցող գործողություններից, այդ երկրների հետ ունեցած մեր քաղաքական ու տնտեսական կապերից, նյութական ու հոգևոր հաղորդակցության համակարգի շուտափույթ ձևավորությունից: Համակովկասյան համագործակցությունը Հայաստանի համար անհրաժեշտ է, սակայն պետք չէ մոռանալ նաև, որ մենք ոչ միայն Կովկասից ենք, այլև՝ Միջին արևելքից: Ուրեմն, մեր անմիջական հարևանների հետ հարաբերություններ հաստատելիս չենք կարող շրջանցել արաբական աշխարհն՝ իր հակասություններով, ավելին քան երեք հարյուր հազար հայությամբ՝ ահռելի մի օկյումենա, որը դարեր շարունակ մեր բանական շրջապատի անքակտելի մասն է կազմում: Իսկ դա նշանակում է, որ շուտով ոչ միայն Արցախն ու Թուրքիայի հետ հարաբերությունները, այլև Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունը, քաղաքական հիմնահարցի հետ կապված անցուդարձը, իսլամական երկրների միջև ազդեցության ոլորտների համար ծավալող մրցակցությունը անմիջական ազդեցություն են ունենալու մեզ վրա: Այս խառնարանում ենք հաստատվելու, մեր տեղը գտնելու, ձևավորվելու որպես անկախ  պետություն: 

Նախկին Միության տնտեսական ծանր ժառանգությունը դեռ երկար է իրեն զգացնել տալու: Եվ այստեղ նույնպես մեր հույսը մեզ վրա պետք է դնենք:  Արևմտյան օգնությունն ավելի շատ բարոյական, քան գործնական կարող է լինել: Շարժման այս մի քանի տարվա էական արդյունքներից մեկը ես հենց այն եմ համարում, որ կարողացանք վերջապես սթափ հայացքով նայել նաև սփյուռքին՝ տեսնելով նրա պրոբլեմները և դժվարությունները: Միասին ենք դրանք հաղթահարելու, ձեռք-ձեռքի տված ենք գնալու դեպի ազգային ապագա, բայց հուսալ, թե մոտակա տարիներին սփյուռքից զգալի նյութական աջակցություն կստանանք, հիմքեր չկան: Բոլոր ժամանակների ամենաանբնական տնտեսական համակարգը թոթափելով՝ հանրապետությունը առաջին քայլերն է անում դեպի շուկայական տնտեսություն: Մենք պետք է իմանանք նախապես, որ շուկան դաժան բան է, սակայն մինչ այսօր տնտեսության զարգացման այլ՝ ավելի նպաստավոր ձև չի հայտնագործվել: Շուկան լինելու է: Առայժմ նա կայանում է պարզունակ և, հաճախ, բարբարոս ձևերով: Խորհրդարանն ու կառավարությունը, հուսով եմ, շատ բան կանեն տնտեսական այդ ընթացքն իր բնական հուն գցելու համար: Հավատացած եմ նաև, որ բոլոր անարդարությունները կանխել չի հաջողվի: Բայց որքան էլ խոչընդոտները շատ լինեն, մեր ժողովուրդը հաջողելու է տնտեսավարման բնական այս ձևի շրջաններում: «Հայոց համազգային շարժումն» իր խնդիրը տեսնում է նրանում, որպեսզի նպաստի քաղաքակիրթ շուկայի ստեղծմանը, քանի որ շուկայական հարաբերությունները ոչ թե սոսկ հարստանալու կարիք են ենթադրում (ինչպես նկարագրել է Մ.Վեբերը, այդ կիրքը հավասարապես բոլոր ժամանակներին և ժողովուրդներին է հատուկ), այլ տնտեսության ռացիոնալ կազմակերպում, կապիտալի հաշվառում, ապրանքային և դրամային գործողությունների արդյունքների ճշգրիտ գնահատում: Առաջիկա տարիներին մեր առջև ծայրահեղ դժվար խնդիրներ են կանգնելու` դրամի արժեզրկում, կենսամակարդակի անկում, գործազրկություն: Եվ այստեղ է, որ պետք է կարողանանք սոցիալական արդարություն տարրական չափն ապահովել, «առանց համատարած հավասարության» և «ունևորներից ունեցվածքը խլելու և չունևորներին բաժանելու» երեսպաշտ կոչերի: Ժողովրդի կենսամակարդակի անհրաժեշտ մինիմում պետք է ապահովվի համապատասխան հարկային քաղաքականության ու սոցիալական ծրագրերի միջոցով: Իսկ առայժմ, 1992թ. ավելի շատ տարերքն է իշխելու: Դժվար կլինի, բայց լավ է գոնե, որ հոգեպես պատրաստ ենք դրան: 

Կունենա՞նք արդյոք 1992-ին բազմակուսակցություն: Կարծում եմ՝ չենք հասնի: Դրա համար անհրաժեշտ է, որ հասարակության մեջ գործող սոցիալական տարբեր շերտերը ձգտում ունենան՝ իրենց շահերը խորհրդարանում արտահայտել քաղաքական կուսակցությունների միջոցով: Բայց այդ շերտը դեռ նոր է ձևավորվում: Հենց այդ է պատճառը, որ ժողովուրդն առայժմ ավելի շատ վառ անհատականությունների է ապավինում, քան քաղաքական գաղափարների և կուսակցությունների: Համարյա վստահ եմ, որ 1992-ին որևէ կուսակցության հաղթարշավ չի սպասվում: 

Իսկ սահմանադրության հիմքերը կգծենք: Ինձ համոզիչ չեն թվում անհապաղ նոր սահմանադրություն գրելու, նրանից օրենքներ մեկնաբանելու և դրանցով սահուն շարժվելու կոչերը: Սահմանադրությունը կազմվելու է մի քանի հիմնարար բաժիններից, որոնք իմաստավորվում և ձևավորում են պրակտիկ գործողությունների ընթացքում: Դրանցից մի քանիսը` ժողովրդավարության ընդհանուր սկզբունքներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների կառուցվածք, տնտեսավարության ընդհանուր սկզբունքներ, մենք արդեն հստակ ենք պատկերացնում: Օրակարգի հարցեր են տեղական ինքնակառավարման մարմինների մշակումը, դատական իշխանության կառուցվածքը, քաղաքացիության հիմնահարցը...

Հուսով եմ՝ 1992-ին մենք կմշակենք այդ բնագավառների օրինագծերը և կդնենք նոր սահմանադրության հիմքը»: