Radar Armenia-ն ներկայացնում է հայ մամուլի անցյալի հրապարակումները։ Այսօր ներկայացնում ենք ԳԽ պատգամավոր Էդուարդ Եգորյանի խոսքը ղարաբաղյան շարժման հնգամյակի առթիվ։
«1992 թվականի հենց շեմին Հայաստանի միջազգային կապերը բավական լուրջ թափ կստանան: Քաղաքական առումով, կարծում եմ, մինչև գարուն Հայաստանի անկախության ճանաչման հարցը բավական թվով երկրներ կընդգրկի. մինչև գարուն արևմտյան խոշոր պետություններից ևս մեր անկախությունը ճանաչողներ կլինեն, համենայն դեպս, փոխադարձ հարաբերությունների հաստատումը լուրջ ընթացք կունենա: Գարնանը Իրանի և Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կնորմալանան, կբացվեն Թուրքիայով անցնող ճանապարհները:
Ե՛վ Հայաստանի անկախությունը, և՛, ընդհանրապես, նախկին Խորհրդային Միության տարածքում քաղաքական իրավիճակը հստակ կախված են լինելու տնտեսական իրավիճակից, այնպես որ, հիմա տնտեսական ռեֆորմների հարցը կարելի է համարել թիվ մեկ քաղաքական խնդիրը: Տնտեսական ռեֆորմների՝ հնարավորինս արագ անցկացումը շատ դեպքերում թելադրելու է քաղաքական հանգուցալուծումներ, և բոլոր նախկին հանրապետություններն այդ տարում կարևորագույն հարց կհամարեն տնտեսական ռեֆորմները: Հողի հարցում մենք որոշ հաջողություններ ունենք, համենայն դեպս, գլխավորը կատարեցինք, որը դեռևս զարգացման և ճշգրտման կարիք ունի: Բայց այլ ճյուղերի սեփականաշնորհման հարցում, պետք է ասել, հապաղում ենք. անցած ութ ամիսն այս տեսանկյունից ապարդյուն անցավ: Կարծում եմ՝ ամբողջ նախագահական համակարգի և ԳԽ տարբեր խմբակցությունների ուշադրությունը կուղղվի սեփականաշնորհման արագացմանը: Հիմա շրջաններում նկատվում է պայքար իշխանության համար, ինչ-որ չափով դա բացատրվում է նրանով, որ այն պայմաններում, երբ ամեն ինչ դեռ պետական սեփականություն է, պաշտոնը շատ բան է որոշում:
Մեկ տարվա ընթացքում կարվի լայնամասշտաբ սեփականաշնորհում` ոչ պակաս 50%-ի չափով: Լայն ծավալի դեպքում հնարավոր կլինի ապահովել համակարգի կտրուկ փոփոխությունը։ Այն ավելի գործունյա կդառնա և կնպաստի սոցիալական արդարության պահպանմանը:
Սոցիալական իրադրության տեսանկյունից, վիճակը առաջին մեկ տարում շատ ծանր է լինելու. ես մոտ ժամանակներում չեմ տեսնում սոցիալական վիճակի բարելավում, բայց հույս ունեմ՝ կայունացում տեղի կունենա:
Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին նախկին Խորհրդային Միության տարածքում, ապա կենտրոնի հարցը արդեն լուծված է. նրա զորությունն այլևս բացառվում է:
Բանակի հարցը. Հայաստանը շուտով կունենա իր բանակը: Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում սպասվում է հարաբերությունների կայունացում։ Այսկերպ մտածելու գլխավոր պատճառն այն է, որ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ մյուս հանրապետությունների տնտեսական (որոնք առաջնային են լինելու) և սոցիալական շահերը ստիպելու են արագացնել տնտեսական ռեֆորմները և ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրել։ Այս ձմեռը Ադրբեջանի վերջին հնարավորությունն էր, որը նա օգտագործեց մեզ վրա ճնշում գործադրելու համար: Այսպես, թե այնպես, մոտակա 2 ամիսը այդպիսի տակտիկական միջոցառումներ կձեռնարկվեն, բայց գարնանն ինչ-որ հանգուցալուծում կգտնվի:
Ինչ վերաբերում է հանրապետության ներքաղաքական կյանքին. իշխող կազմակերպության համար առաջիկա մեկ տարին մեծ կարևորություն են ունենալու տնտեսական ռեֆորմները, հնարավոր է՝ մյուս կազմակերպությունները որոշ ակտիվություն ցուցաբերեն, քաղաքական առճակատումների գնան, բայց դրանք շատ էական լինել չեն կարող։ Շրջանային և հանրապետական իշխանության հարաբերություններում այժմ որոշ լարվածություն կա, որը պայմանավորված է նաև նրանով, որ խորհրդարանն, ունենալով գործադիր իշխանություն ձևավորելու իրավունք, հաճախ տեղական շահերն ու անձնական շահերն է գերադասում, և շրջխորհուրդները դառնում են տեղական իշխանության պայքարի օբյեկտներ: Կարծում եմ՝ գործադիր իշխանության հարցում տեղի կունենա կենտրոնացում. շրջխորհուրդներին պետք է տրվեն համապատասխան իրավասություններ՝ բյուջեի հաստատում, վերահսկողություն, որը, հավանաբար, կկայունացնի վիճակը շրջաններում:
Քաղաքական սուր պայքար առաջիկա մեկ տարում չեմ ակնկալում:
Ղարաբաղի հարցում. հնարավոր է հասնել Ղարաբաղի մեծ ինքնիշխանության։ Թե ինչ տեսք դա կունենա, չէի ուզենա նախապես ասել: Դա կլինի փոխզիջումների արդյունք»:
