Ռետրո

Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը աշխարհի 14 երկրների ղեկավարներին

Radar Armenia-ն ներկայացնում է հայ մամուլի անցյալի հրապարակումները։ Այսօր ներկայացնում ենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1992թ. փետրվարի 25-ին աշխարհի 14 երկրների ղեկավարներին ուղղված ուղերձը։

«Ստիպված եմ տեղեկացնել ձեզ, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը ներկայումս սպառնում է ողջ Անդրկովկասի կայունությունն ու խաղաղությունը։

Ադրբեջանը, ավելին քան երբևէ, լի է վճռականությամբ կոնֆլիկտը լուծել ռազմական ճանապարհով՝ չխորշելով իր ամբողջ զինանոցը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ օգտագործելուց։ Ադրբեջանը գտնվում է սեփական բանակ ստեղծելու շեմին, և վերջին մի քանի օրերի ընթացքում կառավարությունը լայնածավալ հավաքագրում է իրականացրել։ Ի լրումն ամենի՝ նա բռնագրավել է ադրբեջանական Աղդամ քաղաքում տեղակայված ԱՊՀ-ի ամենախոշոր զինապահեստը, որտեղ պահվող զենքերի գումարային հզորությունը 8 մեգատոննա է։

Ներկայումս Ադրբեջանը ձգտում է Հայաստանը և այլ երկրներ ներքաշել զինված հակամարտության մեջ։ Իրադարձությունների նման շրջադարձի հետևանքները պետք է ակնհայտ լինեն տարածաշրջանի պետությունների և համաշխարհային հանրության համար։

Իրադարձությունների հետագա սրումը կանխելու նպատակով, որը կարող է հանգեցնել պատերազմի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հարկ է համարում կոնֆլիկտի շուրջ որոշ պարզաբանումներ տալ և առաջարկել կրակի դադարեցմանն ուղղված գործնական քայլեր։

Նախ պետք է կրկին ընդգծեմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը մենք ըստ էության դիտում ենք որպես ներքին քաղաքական կոնֆլիկտ, որը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի նորընտիր ղեկավարության միջև բանակցությունների միջոցով՝ նկատի ունենալով, որ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։

Միաժամանակ Հայաստանը մերժում է Ադրբեջանի այն դիրքորոշումը, որ հայերի և Ադրբեջանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը չպետք է հանդիսանա արտաքին աշխարհի մտահոգության առարկա, հակառակ նրան, որ հասարակական կարծիքի ձևավորման նպատակով իրենք են հանդես գալիս դրան հակասող պնդումներով։

Հայաստանը դատապարտում է կրոնական և էթնիկական ընդհանրությունները շահարկելու միջոցով առանձին երկրների աջակցությունը և մյուսների չեզոքությունը ապահովելու Ադրբեջանի փորձերը։ Այս հարցում չեզոքությունը հավասարազոր է համաշխարհային հանրության կողմից մշակված սկզբունքների և համընդհանուր չափորոշիչների նկատմամբ անտարբերությանը։ Հայաստանի կառավարությունը ցավով է նշում, որ Ադրբեջանի կողմից միջազգային հանրության որդեգրած սկզբունքների ոտնահարումը և շարունակվող զանգվածային բռնությունները, ինչը դատապարտում են բազմաթիվ միջազգային դիտորդները, միանշանակ կասեցնելու, ինչպես նաև դրա համար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում միջազգային կազմակերպություններն անհաջողության են մատնվում։

Այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը վստահ կլինի, որ կարող է կոնֆլիկտը լուծել զենքի ուժով, բռնագաղթի ու պետական ահաբեկչության ճանապարհով և անպատիժ մնալ, նրա կառավարությունը անտարբերություն կդրսևորի փոխզիջման վրա հիմնված խաղաղ կարգավորման տարբերակի հանդեպ։

Հայաստանը վճռել է արտաքին քաղաքականությունը կառուցել նոր մտածողությանը համահունչ՝ խուսափելու համար իր երբեմնի ողբերգական պատմության կրկնությունից։ Ուստի, անվտանգության երաշխիքը մենք ներկայումս փնտրում ենք միջազգային ակտերով և համաձայնագրերով հռչակված սկզբունքներում, մեր բոլոր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և հնարավոր կոնֆլիկտների խաղաղ ճանապարհով լուծման մեջ։

Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը չեն կարող հանդուրժել, որ պատմության ընթացքում ևս մեկ անգամ քաղաքական կոնֆլիկտը լուծվի հայերի կյանքի և գոյատևման վտանգի գնով, որ նրանք դառնան ցեղասպանության ու տեղահանման զոհ։

Կոնֆլիկտի հետագա սրումը, ինչը միայն կհանգեցնի պատերազմի, կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է․

Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները պետք է սաստեն Ադրբեջանին՝ հետևողականորեն դատապարտելով այդ հանրապետությունում բանակի ստեղծման և բոլոր այն գործողությունները, որոնք կարող են տարածաշրջանում խախտել ուժերի հարաբերական հավասարակշռությունը կամ խրախուսել Ադրբեջանին շարունակելու իր ներկայիս քաղաքականությունը, ինչպես նաև ներգործեն Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ-ի ղեկավարների վրա, որպեսզի նրանք հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտեն Ադրբեջանին ձեռք բերել կամ օգտագործել ԱՊՀ-ի զինամթերքը։

ԱՊՀ-ը, ԵԱՀԿ-ը, ՄԱԿ-ը, Եվրոպական համագործակցությունը և տարածաշրջանում կայունության հաստատմամբ շահագրգռված մյուս կազմակերպությունները պետք է միջնորդության գործուն մեխանիզմ ստեղծելուն ուղղված քայլեր ձեռնարկեն, որի արդյունքում, հուսով ենք, կձևավորվի բոլոր շահագրգիռ կողմերի աջակցությունը վայելող խաղաղության համակողմանի ծրագիր։

Թուրքիան պետք է շարունակի չեզոքություն պահպանել և, օգտագործելով Ադրբեջանի կառավարության ու քաղաքական ուժերի վրա իր ազդեցությունը, փորձի փոխել Հայաստանի նկատմամբ նրանց հակասական ուղեգիծը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման։

Բացի այդ, քաջալերված 1992 թ. փետրվարի 20-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ, Հայաստանի կառավարությունն առաջարկում է կրակի դադարեցման համընդհանուր ցանկությունն իրականություն դարձնելու ուղղված մեխանիզմ․

Հայաստանի կառավարությունը օգտագործում է իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի վրա՝ համոզելու նրա ղեկավարությանը 24 ժամով միակողմանիորեն դադարեցնել ռազմական գործողությունները՝ սկսած այն պահից, երբ Ադրբեջանի կառավարությունը կհայտարարի համապատասխան ժամկետով տարածաշրջանում ռազմական գործողությունները դադարեցնելու պարտավորությունը ստանձնելու մասին։

Կրակի դադարեցումը պետք է ուղեկցվի երկարատև խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգռված միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կազմած միջազգային դիտորդների հանձնախմբի ժամանումով։

Դիտորդների գործուղման մեխանիզմը կարող է անհապաղ մշակվել միջազգային հանձնաժողովի կողմից՝ նկատի ունենալով բոլոր կողմերի մասնակցությունը՝ ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի կամ համատեղ հովանավորության ներքո։

Այն բանից հետո, երբ կրակը կդադարեցվի և ապահովված կլինեն քաղաքացիների կյանքը ու անվտանգությունը, հնարավոր կլինի կոնֆլիկտի երկարաժամկետ լուծում գտնելու նպատակով բանակցություններ նախաձեռնել Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև՝ համապատասխան միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հովանավորության ներքո։ Այս հարցին ևս Հայաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել։

Ես վստահ եմ, որ վերոհիշյալ առաջարկները կօգնեն վերջ դնել թշնամանքին և բանակցությունները տեղափոխել գործնական մակարդակի վրա»։