Ռետրո

Կրեմլից ղեկավարվող օրինականության ոտնահարումը նորություն չէ

Radar Armenia-ն ներկայացնում է հայ մամուլի անցյալի հրապարակումները։ Այսօր՝ 1991թ. հունվարի 16-ին Հայոց Համազգային Շարժման վարչությանը հայտարարություններից մեկը։

«Հայաստանի համար նորություն չեն Կրեմլից ղեկավարվող՝ օրինականության ոտնահարման ու զինվորականության կամակատարությունները։ ԼՂԻՄ-ում 1988-ից ի վեր զինվորականների կողմից գրավված են ռադիոն և հեռուստատեսությունը, վերացված են մարզի օրինական իշխանությունները, խորհրդային զինվորների կողմից սպանված և վիրավորված են բազմաթիվ անմեղ մարդիկ, և այս ամենն ուղեկցվում է նույն պրոպագանդիստական դեզինֆորմացիայով և հերյուրանքներով, որ կենտրոնական տեղեկատվական միջոցները ապօրինի հաղորդում են մերձբալթյան հանրապետությունների մասին։

Այսօր, վերջապես, բոլորի համար ակնհայտ է բիրտ ամբողջատիրական ռեակցիայի լուրջ վտանգը։ Հայոց Համազգային Շարժումը իր վճռական բողոքն է արտահայտում Լիտվայի հանրապետության օկուպացիոն զորքերի գործողությունների դեմ։ Այդ քայլերով կրկնվում է Մոսկվայի՝ Հունգարիայի և Չեխոսլովակիայի դեմ ուղղված ագրեսիան՝ իր վերակառուցողական տարբերակով։ Ամենակոպիտ ձևով ոտնահարված է ազգերի ինքնորոշման իրավունքը։ Մի պետության դեմ, որը դուրս է եկել անկախության ճանապարհ, սկսվել է չհայտարարված պատերազմ։

Ողբերգական իրադարձությունների շղթան, որը սկսվել է Արցախում և Երևանում, շարունակվել է Թբիլիսիում, այժմ ձգվել է մինչև Վիլնյուս։ Կատարվածը մեկ անգամ ևս հաստատում է, որ չկան մասնակի հարցեր, այլ տեղի է ունենում մի ընդհանուր գործընթաց և կայսրության անխուսափելի փլուզման, որը ծնում է նման չարիք։

Անհրաժեշտ է միավորել իրենց անկախության համար պայքարող բոլոր ժողովուրդների ուժերը։ Առավել քան համոզված ենք, որ Լիտվայի ժողովուրդը անկոտրում վճռականությամբ դուրս կգա ստեղծված կացությունից»։