Ռետրո

Կործանող կայսրության հակամարդկային քաղաքականությունը

Radar Armenia-ն ներկայացնում է հայ մամուլի անցյալի հրապարակումները։ Այսօր՝ 1991թ. հունվարի 16-ին Հայոց Համազգային Շարժման վարչությանը հայտարարություններից մեկը.

«Կործանող կայսրության վարած հակամարդկային, իրենց ինքնորոշման համար պայքարող ժողովուրդների կյանքը բռնությամբ կոտրելու քաղաքականության հետևանքով խիստ պայմաններում վերջին երեք տարիներին խորհրդային զինվորների ձեռքով զոհվել են հարյուրավոր մարդիկ։ Ժողովուրդների ու մարդկանց իրավունքների ոտնահարման նույն քաղաքականությունն են իրականացնում տոտալիտար բռնության մեջ ամփոփված փոքրիկ կայսրությունները, որը բացահայտորեն խրախուսվում է կենտրոնական կայսրության կողմից։ Դրա հետևանքով շատ շրջաններում սրված ազգամիջյան հարաբերությունները սպառնում են վերաճել ազգամիջյան պատերազմի։

Հիշված փոքրիկ բռնապետությունները ոչ միայն ջուր են լցնում կայսրության արյունոտ ջրաղացին, այլև ամրացնում են ստրկության սեփական շղթաները։ Այդ քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի իշխանությունները, օգտագործելով խորհրդային բանակի ուժերը, բռնությունների, ահաբեկչության, ջարդերի միջոցով փորձում են իրենց հայրենիքից տեղահանել Լեռնային Ղարաբաղի և ողջ Արցախի հայ բնակչությանը, խեղդել Արցախի ժողովրդի ազատագրական պայքարը։ Այդ նպատակին է նաև ուղղված Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանգիրը՝ Շահումյանի շրջանը լուծարքի ենթարկելու մասին։ Նախագահական սադրիչ հրամանգրի և դրան նախորդած լիտվական արյունոտ իրադարձությունների ֆոնին Ադրբեջանի այս քայլը բոլորովին էլ պատահական, առավել ևս՝ ինքնուրույն չի կարող լինել։ Հայ ժողովուրդը մենակ չի թողնի Արցախի իր եղբայրներին։

Հայաստանի Գերագույն խորհուրդն ու կառավարությունը պետք է վճռական քայլեր անեն, գտնեն քաղաքական լուծումներ՝ կանխելու նմանատիպ սադրանքները և ապահովելու հայ ժողովրդի բոլոր հատվածների կյանքի անվտանգությունը և պաշտպանելու նրա արժանապատվությունը»։