Քննչական կոմիտեն հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խոռխոռունու սպանության բացահայտման մասին։ Այս գործով կա ձերբակալված։
Խոռխոռունին սպանվել էր 1998թ. դեկտեմբերի 10-ի գիշերը՝ իր բնակարանի մոտ։
Այս կապակցությամբ «Առավոտ» օրաթերթին հարցազրույց էր տվել ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը։
Radar Armenia-ն ներկայացնում է այդ հարցազրույցը.
Վանո Սիրադեղյան. – Դու կարծում ես, հիմա ես պետք է ասեմ՝ սա քաղաքական սպանությո՞ւն է։
– Ես ոչինչ էլ չեմ ենթադրում, Ձեր ասելիքը Դուք գիտեք։
– Ես կարծում եմ, որ քաղաքական սպանություններ մեր նման ողորմելի, փոքր երկրներում չեն լինում։ Բայց լինում են սպանություններ, որոնք ունենում են քաղաքական հետևանքներ։ Ինձ թվում է՝ սա էլ կունենա։
– Իսկ ի՞նչ կասեիք Վահրամ Խոռխոռունու մասին, որը ժամանակին աշխատել է Ձեր ենթակայությամբ։
– Համենայնդեպս, Հայաստանի պայմանների համար նա բացառիկ սպա էր՝ պարտաճանաչ, աշխատունակ, աշխատասեր, չափի զգացում ունեցող… Ափսոս։ Կորուստ եմ համարում։
– Դուք բացառեցիք սպանության քաղաքական բնույթը, այդ դեպքում ի՞նչ հիմքեր եք տեսնում սպանության համար։
– Չեմ կարող ասել, բայց հասկանում եմ, որ դա քաղաքական հետևանքներ կունենա։
– Իսկ դա ինչպե՞ս կարտահայտվի։
– Կապրենք, կտեսնենք։ Գլխավոր դատախազի և Խոռխոռունու սպանություններից հետո չեն կարող քաղաքական հետևանքներ չառաջանալ։ Այլ բան չեմ կարող ասել։