Ռետրո

Պատմության մեջ Հռոմի Պապի ամենաերկար և ամենաուշագրավ ընտրությունները

Վաղը՝ մայիսի 7-ի առավոտյան Վատիկանում կմեկնարկի կոնկլավը, որի ընթացքում կարդինալները կընտրեն նոր Հռոմի պապ։ Ե՞րբ կհայտնվի սպիտակ ծուխը Սիքստինյան կապելլայից՝ ազդարարելու նոր պապի ընտրությունը, դեռ պարզ չէ։

Պատմության ամենաերկար կոնկլավը

Պատմության մեջ ամենաերկար կոնկլավը տևել է 1006 օր (1268–1271 թթ.)։ Հռոմի պապ Կլիմենտ IV-ի մահից հետո կարդինալները Վիտերբոյում (Իտալիա) չէին կարողանում համաձայնության գալ նոր առաջնորդի ընտրության շուրջ։ Ընտրությունները ձգձգվեցին 2 տարի և 9 ամիս՝ դառնալով ամենաերկար կոնկլավը։

Կարդինալների խորհուրդը բաժանված էր իտալական և ֆրանսիական խմբակցությունների միջև։ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX-ը և Սիցիլիայի թագավոր Կառլոս I-ը փորձում էին ազդել որոշման վրա։ Քանի որ պապական ընտրությունները կարգավորող հստակ կանոններ չկային, գործընթացը խիստ բարդացավ։

Վիտերբոյի բնակիչները, որ հոգնել էին քաղաքում իշխանության վակուումից, արմատական միջոցների դիմեցին։ Նրանք կարդինալներին փակեցին պալատում՝ սահմանափակելով նրանց սնունդը միայն հացով և ջրով։ Բացի այդ, քանդեցին պալատի տանիքի մի մասը, որպեսզի անձրևն ու արևը «խթանեն» որոշում կայացնելը։

Արդյունքում, 1271 թվականին պապ ընտրվեց Թեոբալդո Վիսկոնտին, որը ստացավ Գրիգոր X անունը։ Նրա ընտրությունը յուրահատուկ էր, քանի որ նա կարդինալ չէր, այլ զբաղեցնում էր Լիեժի ավագ սարկավագի պաշտոնը։ Ընտրության պահին նա կոնկլավում չէր, այլ գտնվում էր Սուրբ Երկրում՝ մասնակցելով խաչակրաց 9-րդ արշավանքին։

Թեոբալդո Վիսկոնտին դիտվեց որպես փոխզիջումային թեկնածու։ Չլինելով կարդինալ՝ նա չէր ներգրավված կոնկլավի ներքին հակամարտություններում։ Նրա հոգևոր և դիվանագիտական փորձը, ինչպես նաև խաչակրաց արշավանքներին մասնակցությունը, ընդգծում էին նրա նվիրվածությունը եկեղեցու գործերին։ Նա ընկալվում էր որպես անաչառ և բարեպաշտ անձնավորություն, որն ի վիճակի էր միավորել բաժանված կարդինալներին։

Գրիգոր X-ի օրոք՝ 1274 թվականին, ընդունվեց «Ubi periculum» կոնդակը, որն սահմանեց հետևյալ կանոնները.

Կոնկլավի մեկուսացում 10 օր հետո,
Սննդի սահմանափակում՝ ձգձգման դեպքում։
Այս կանոնները հիմք դարձան ժամանակակից պապական ընտրությունների համակարգի համար։

20-րդ դարի հիշարժան կոնկլավները.

20-րդ դարում ամենաերկար կոնկլավը տևել է 5 օր՝ 1922 թվականին։ Այն գումարվել է Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ի մահից հետո։ Կոնկլավը տևել է փետրվարի 2-ից 6-ը, անցկացվել է 14 քվեարկություն, և արդյունքում ընտրվել է Պիոս XI-ը (Աքիլե Ռատտի), Միլանի նախկին արքեպիսկոպոսը։ Պիոս XI-ը հայտնի է Լատերանյան պայմանագրով (1929), որով Վատիկանը ճանաչվեց անկախ պետություն։

«Երեք պապերի տարին»

1978 թվականը հայտնի է որպես «երեք պապերի տարի»։ Այդ տարի գումարվեց երկու կոնկլավ։

Առաջին կոնկլավ (օգոստոս, 1978): Գումարվել է Պողոս VI-ի մահից հետո։ Կոնկլավը տևել է 1 օր (օգոստոսի 25-26), և ընտրվել է Հովհաննես Պողոս I-ը (Ալբինո Լուչանի)։ Սակայն ընտրվելուց 33 օր անց նա մահացավ սրտի կաթվածից։

Երկրորդ կոնկլավ (հոկտեմբեր, 1978): Գումարվել է Հովհաննես Պողոս I-ի մահից հետո։ Այն տևել է 2 օր (հոկտեմբերի 14-16), անցկացվել է 8 քվեարկություն։ Արդյունքում ընտրվել է Լեհաստանից կարդինալ Կարոլ Վոյտիլան՝ Հովհաննես Պողոս II-ը։ Նա դարձավ առաջին ոչ իտալացի պապը 1523 թվականից հետո (Հաշվի առնելով հոլանդացի Ադրիանոս VI-ին) և առաջին սլավոն պապը պատմության մեջ։

Ինչու՞ ընտրվեց Հովհաննես Պողոս II-ը

1978 թվականին կաթոլիկ եկեղեցին բախվում էր համաշխարհային մարտահավերների՝ կոմունիզմի ազդեցությանը Արևելյան Եվրոպայում, սոցիալական և բարոյական ճգնաժամերին Արևմուտքում, ինչպես նաև եկեղեցու ազդեցության նվազմանը։ Կարոլ Վոյտիլան, որպես լեհ կարդինալ, խորհրդանշում էր կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։ Նրա ընտրությունն ազդանշան էր, որ եկեղեցին ձգտում է դառնալ ավելի համաշխարհային և ներառական։

Նրա ընտրությունը խորհրդանշական հարված էր կոմունիզմին, քանի որ նա ծագումով Խորհրդային բլոկի երկրից էր։ Վոյտիլան հայտնի էր իր խոր հավատքով, բարոկրոն սկզբունքներով և խարիզմայով։ Ընտրվելով 58 տարեկանում՝ նա բերեց երիտասարդություն և էներգիա պապությանը։

Հովհաննես Պողոս II-ի կառավարումը (1978–2005թթ,) եղել է ամենաերկարներից մեկը։

Իր գահակալության ընթացքում նա այցելել է Հայաստան 2001 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 10-ամյակի և Հայ առաքելական եկեղեցու 1700-ամյակի առիթով։

Մինչ այս վերջին կոնկլավը 2013 թվականին գումարվել է Բենեդիկտոս XVI-ի հրաժարականից հետո։ Բենեդիկտոսը վերջին 600 տարում առաջին պապն էր, որ հրաժարվեց գահից։ Կոնկլավը տևել է 2 օր (մարտի 12-13), անցկացվել է 5 քվեարկություն, և ընտրվել է Ֆրանցիսկոս պապը (Խորխե Մարիո Բերգոլիո)։ Նա դարձավ առաջին պապը Հարավային Ամերիկայից՝ Արգենտինայից։

Երջանկահիշատակ Ֆրանցիսկոսն այս տարի ապրիլի 21-ին՝ Սուրբ Զատկի տոնից մեկ օր անց հրաժեշտ տվեց երկրային կյանքին։

Եւ հիմա Կարդինալները հավաքվել են՝ ընտրելու նոր Պապ։

Արման Գալոյան